ԿարևորՀասարակություն

Բաքուն ճնշեց Բեռլինին․ Արցախի մասին գրքի շնորհանդեսն առցանց անցկացվեց

Բեռլինում նախատեսված  «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուի շնորհանդեսը չի կայացել։ Այն չեղարկվել է ադրբեջանական լոբբիի ճնշմամբ և  անվտանգության նկատառումներից ելնելով անցկացվել առցանց տարբերակով։ Գիրքը հրատարակվել է Գերմանիայի Քիլի համալսարանում։ Այն ամփոփում է համանուն միջազգային գիտաժողովի արդյունքները  և ներկայացնում գիտական հոդվածներ Արցախի պատմության ու մշակույթի մասին։ Գրքի շնորհանդեսը կազմակերպել էին  Արտաքին քաղաքականության գերմանական միությունը  և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը:

Բեռլինում ադրբեջանական լոբբին կարողացել է չեղարկել Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող գրքի շնորհանդեսը։ Մարտի 6-ին նախատեսված շնորհանդեսն անցկացվել է առցանց, քանի որ հյուրընկալող կազմակերպությունը սպառնալիքներ է ստացել և անվտանգության ապահովման երաշխիքներ չի ունեցել։ Իրավիճակը մանրամասնում է գրքի խմբագիր, դոցենտ Հարություն Հարությունյանը․

«Մեզ ներքին կարգով ասացին, որ անվտանգության ամենաբարձր աստիճանն է հայտարավել, Բեռլինի ոտիկանությունը տեղյակ է, ու մեզ պետք է պաշտպանեն նաև անվտանգության  աշխատակիցները, բայց կազմակերպիչները չկարողացան անվտանգություն ապահովել»։

Մարտի 1-ից արդեն լուրեր են շրջանառվել, որ հյուրընկալող կազմակերպության դեմ արշավ է սկսվել։ Այն տարբեր դրսևորումներ է ունեցել՝ քոփի–փեստ արված բազմաթիվ նամակներ, ադրբեջանական ու թուրքական ազգանուններով միջոցառմանը գրանցված հարյուրավոր մարդիկ։ Ադրբեջանի դեսպանի նամակից բացի՝ կազմակերպությունը նամակներ է ստացել մոտ 25 ՀԿ-ներից։

«Ամենաշատը Ադրբեջանի դեսպանը դեր խաղաց, որովհետև գրել էր կազմակերպիչ Շտեֆան Մայսթերին, հետո զանգել, ասում էր՝ ես արգելում եմ Ձեզ օգտագործել «Արցախի մշակույթ» տերմինը։ Սա, անշուշտ, անընդունելի էր, բայց հետո, երբ ճնշումը մեծացավ, կոմպրոմիսի առաջարկ ստացանք․ Ադրբեջանի դեսպանը պարտադրում էր, որ Բաքվից մի էքսպերտ գա։  Ասում է՝ եթե չեք չեղարկում միջոցառումը, ուրեմն Բաքվից էլ պետք է մեկը Ձեզ միանա և խոսի։ Մենք կատեգորիկ մերժեցինք, որովհետև գիտեինք, որ պրոպագանդիստ մարդը պետք է գա ու իրեն հակագիտական ու հակապատմական արտահայտություններ թույլ տա։ Քանի որ վերջին կոմպրոմիսը չեղավ, արդեն մարտի 4-ից կազմակերպիչները սկսեցին սպառնալիքներ ստանալ, թե իրենց անձի, թե իրենց աշխատակիցների վերաբելյալ։ Գերմանացիները ստիպված նահանջեցին ու չկարողացան առաջ տանել իրենց ծրագիրը։ Մեզ ասացին, որ միայն առցանց կարող ենք անել»։ 

Թեպետ միջոցառումն առցանց է անցկացվել, սակայն օրակարգային և բովանդակային փոփոխություններ չեն եղել։ Գիրքը տպագրվել է մեկ ամիս առաջ և առցանց հասանելի է։

ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի գիտաշխատող Հարություն Հարությունյանը կատարվածը խայտառակություն է որակում։ Ադրբեջանցիները դիմել են Բեռլինի քաղաքապետարան ու թույլտվություն ստացել, որ նույն օրը, նույն տեղում բողոքի ակցիա անցկացնեն։ Հարությունյանը տարակուսում է՝ եթե էսկալացիայի վտանգ կար, ինչպես է քաղաքապետարանը թույլ տվել, որ ցույց կազմակերպեն։

Գերմանիայում գործող Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում արձանագրում է․

«Տենդենցը հասկանալի է․ փորձում են հավասարության նշան դնել հայերի և իրենց բարբարոս գործողությունների միջև, որ հարցն ավելի հարաբերական դարձնեն։ Նույն մեթոդն է, որով ժամանակին Գերմանիայում թուրքերն էին աշխատում․ նրանք ասում էին, որ հարցը պետք է երկկողմանի ներկայացնել,  հավասարության նշան էին դնում հանցագործությունների միջև։ Ասում են նաև, որ հիմա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման են գնում և պետք չէ, որ եվրոպական ազգերը խառնվեն ու միջամտեն այդ գործին։ Նույն մեթոդն է, թուրքերն էլ էին նույնը ասում՝ պետք չի, որ դուք խառնվեք, թողեք մենք հայերի հետ լեզու կգտնենք, իսկ հայերի հետ լեզու գտնելը, իրենց պատկերացմամբ, իրենց տեսակետները մեզ պարտադրելն է»։

Օրդուխանյանը նկատում է՝ գերմանացիները զգուշավոր են այսպիսի հարցերի նկատմամբ և այս անգամ զիջեցին։ Իրավիճակը Օրդուխանյանին հիշեցնում է թուրքերի գործելաոճը, ասում է՝ հատկապես գրքի շնորհանդեսներին ակտիվորեն մասնակցում են, աղմկում, հարցերով սադրում՝ խաթարելով միջոցառման ընթացքը։ Գերմանական կողմը սովոր է քննարկման միջոցով բախումների, բայց ոչ ագրեսիվ պահվածքի՝ ասում է Օրդուխանյանը։

«Եթե պարզ բառերով խոսենք, յուրաքանչյուր գրքի շնորհանդեսից առաջ պետք է գերմանացիները զանգեն Ադրբեջանի դեսպանին կամ կառավարությանը, ասեն՝ կարելի՞ է այս գրքի շնորհանդեսն անել Գերմանիայում, թե՞ ոչ։ Զավեշտ է»։

Օրդուխանյանը նաև նշում է, որ մարտի 14-ին Վիեննայի համալսարանի կաթոլիկական-աստվածաբանական ֆակուլտետում, պրոֆեսոր Ժասմին Դունթրագը գործընկերների հետ Քրիստոնեական Արցախի հուշարձանների ոչնչացման մասին գիտաժողով է կազմակերպել։ Այնտեղ դեռևս աղմուկ չի բարձրացել։

«Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն հրատարակվել է Գերմանիայի Քիլի համալսարանում։ Այն ամփոփում է համանուն միջազգային գիտաժողովի արդյունքները  և ներկայացնում գիտական հոդվածներ Արցախի պատմության ու մշակույթի մասին։ Գրքի շնորհանդեսը կազմակերպել էին  Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Արտաքին քաղաքականության գերմանական միությունը:

Շնորհանդեսի չեղարկումից հետո վերջինը հանդես է եկել հայտարարությամբ                                նշելով, որ միջոցառումը ադրբեջանցիների կողմից ակնհայտորեն համակարգված և կազմակերպված արշավի թիրախ է դարձել։ Ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով իրավիճակին, նշել են, որ լուրջ ջանքեր են գործադրել միջոցառումը կանխելու համար։

Գրքի խմբագիր, դոցենտ Հարություն Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրեն և հայտարարությամբ հանդես կգան։

Back to top button