ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Նոր էջ Բաքու-Թեհրան հարաբերություններում. փորձագետները համոզված են՝ Իրանը ջերմացման չի գնա իր «կարմիր գծերի» հաշվին

Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։ Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Գազայի խնդրին նվիրված հրատապ նիստի շրջանակում են հանդիպել Բայրամովն ու Աբդոլահիանը։ Թե Բաքու-Թեհրան հարաբերություններում ի՞նչ նոր էջի մասին է խոսքը, չի մանրամասնվում։

Փորձագետները կարծում են, որ այստեղ նոր բան չկա։ Ավելին, Բաքու-Թեհրան հարաբերությունների որևէ ջերմացում չի կարող ազդել Իրանի հայտարարած «կարմիր գծերի» վրա։  

Իրանական ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Աբդոլահիանը Բայրամովի հետ հանդիպման ժամանակ շեշտել է՝ երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ։ Թե ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, գործակալությունը չի մանրամասնում։

Իրանագետ Ահարոն Վարդանյանը կարծում է, որ Աբդոլահիանը որևէ նոր բան չի ասել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ բացելու մասին հայտարարությունն էլ, ըստ իրանագետի, պարզապես դիվանագիտական ժեստ պետք է դիտարկել։

«Մենք գիտենք, որ ԻԻՀ-ն ձգտում է իր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատել, իսկ Ադրբեջանն այդ հարևաններից մեկն է։ Սակայն, այլ է հարցը, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները ունեն բազմաթիվ, այսպես ասեմ՝ խութեր, և այդ երկու պետությունների հարաբերությունները երբեք էլ միանշանակ չի կարելի գնահատել»։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան աշխատանքը վերականգնելու շուրջ։ Նշենք, որ դեռ անցած տարեվերջին Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին էր նաև հայտարարել, որ կողմերը միակարծիք են Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքը վերականգնելու հարցում։

Չնայած այդ հայտարարությունից բավականին ժամանակ է անցել, դեսպանատունը չի վերագործարկվել՝ նկատում է իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Կարող է և վերագործարկվել։ Նորմալ է։ Պարզապես, եթե այս ամենը դիտարկենք Հայաստանի տեսանկյունից, մենք ունեինք բավականին ժամանակ այդ առիթից օգտվելու համար։ Խոսքս վերաբերում է այն ընթացքին, երբ Ադրբեջանի Հանրապետությունը չուներ և ներկայումս էլ չունի դեսպանատուն Թեհրանում և դա Հայաստանի համար լավ հնարավորություն էր ու է դեռևս»։

Հիշեցնենք այս իրավիճակի նախապատմությունը։ 2023-ի հունվարին Թեհրանում զինված հարձակում կատարվեց Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, երկուսը՝ վիրավորվեցին, հարձակվողը ձերբակալվեց։ Այս միջադեպն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապեց որակել ահաբեկչություն։ Ադրբեջանի արտգործնախարարությունն Իրանի իշխանություններին մեղադրեց դեսպանության և նրա աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ, ապա դիվանագետներին տարհանեց։ Իրանագետը կարծում է, որ հենց այս ընթացքում ճիշտ կլիներ հայկական կողմից հստակ մեսիջ փոխանցել Իրանին, ցանկություն հայտնելով մեծացնելու հայկական դեսպանատան կազմը, կամ հյուպատոսություն բացել Թավրիզում։

«Հստակ մեսիջ կընկալվեր իրանական կողմից, որ հայակական կողմից կա ցանկություն, այն ֆոնին, երբ ադրբեջանական հանրապետությունը չունի դեսպանատուն, փակվել է»։

Փորձագետները հատկանշական են համարում հատկապես այն, որ առհասարակ սառը հարաբերություններ ունեցող Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվել էր արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը սկսեց փակել Իրանից Հայաստան տանող ճանապարհը, հետո էլ Հայաստանից պահանջեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Թեհրանը պարբերաբար ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է համարում։ Այդ համատեքստում նաև լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Թեհրանը միաժամանակ դատապարտում է նաև Ադրբեջանի և իր վաղեմի հակառակորդ Իսրայելի դիվանագիտական մերձեցումը, Բաքվին մեղադրելով Իրանի դեմ դավադրություններում ներքաշվելու մեջ։

Իրանագետները տարբեր առիթներով են համոզմունք հայտնել, որ «Թուրանական» միջանցքի և տարածքային անձեռնմխելիության հարցերում Իրանում ձևավորված մոտեցումները հստակ են, և երկու երկրների միջև հարաբերությունների որևէ կարգավորում չի կարող ազդեցություն ունենալ դրանց վրա։

Իրանագետ Ահարոն Վարդանյան․ «Ամենևին չպետք է երեկվա հայտարարություններն ու այս ամենը դիտարկել նույն համատեքստում, որովհետև «թուրանական» միջանցքի խնդիրը և տարածքային ամբողջականությունն Իրանի համար ազգային անվտանգության, ռազմավարական խնդիրներ են»։

Իրանագետը չի բացառում, որ Ադրբեջանը փորձի այդ ամենն իր ուզած կերպով քարոզչական տիրույթում ներկայացնել, բայց կարծում է, որ Իրանի պարագայում տվյալ երկու հարցերում փոփոխություններ չեն լինի։ Այստեղ այլ հարց է, թե ի՞նչ տրամադրվածություն է հայկական կողմում՝ եզրափակեց իրանագետը։

Back to top button