ԿարևորՎերլուծական

Բոլոր խնդիրները նախ տարածաշրջանում պետք է լուծել՝ պնդում են տնտեսագետն ու քաղաքագետը

Թուրքիան ու Վրաստանը պարտավոր են Հայաստանին անվճար ծովեզերք տրամադրել՝ տարանցումներ իրականացնելու համար, պնդում է տնտեսագետը, հուշելով նաև, որ անհրաժեշտ է մի քանի կարևոր կոնվենցիաներ վավերացնել։ Թուրքիայի ու Վաստանի արտգործնախարարները հայտարարում են մարտին կայանալիք Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որի շրջանակներում քննարկվելու է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և «Միջին միջանցքի» հարցերը։ Վերջինը ուշագրավ է Հայաստանի համար, քանի որ դրան միանալու առաջարկ կա։

Հայաստանը ակտիվ տնտեսական քաղաքականություն պետք է վարի տարածաշրջանային ծրագրերում, նաև տրանսպորտային դիվանագիտության հարցերում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, խոսելով Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների՝ մարտին սպասվող հանդիպման մասին։ Հանդիպմանը քննարկվելիք թեմաները հստակ չեն, տեղեկությունը տարածվել է Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների նախօրեին կայացած հանդիպման ժամանակ, որի շրջանակներում կարևորվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և «Միջին միջանցքի» զարգացման հարցերը, որոնք ըստ փորձագետների, ամենայն հավանականությամբ կքննարկվեն նաև մարտին։

«Միջին միջանցքը» Չինաստանից՝ Ղազախստանով, այնուհետև Կասպից ծովով Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա ու Եվրոպա ձգվող տրանսպորտային ուղի է, որը ուշագրավ է նաև Հայաստանի համար, քանի որ Մետաքսի Ճանապարհի մի մասն է կազմելու։ Դեռ մեկ տարի առաջ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին հրավիրել էր «Միջին միջանցք» ծրագրի շրջանակներում համագործակցության, իսկ մոտ չորս ամիս առաջ ադրբեջանական կողմը նախապայման էր ներկայացրել՝ «Խաղաղության պայմանագրի» առկայությունը։

«Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե կողմերը ինչ համաձայնություն կունենան երկկողմ՝ Վրաստան-Թուրքիա, Վրաստան-Ադրբեջան, նաև Ադրբեջան-Թուրքիա, ու նաև եռակողմ բանակցություններով, և եթե դա պետք է համաձայնեցվի Չինաստանի հետ, ու նաև Ղազախստանն էլ մաս է կազմում, կարծում եմ՝ այստեղ առանց Հայաստանի լուծել հարցը, որը հենց Հայաստանի մասնակցությանն է վերաբերում, հիմնավոր չի լինի»։

Թաթուլ Մանասերյանը այսքանով հանդերձ կարծում է՝ նախ՝ մարտահրավերների ու սպառնալիքների մասին պետք է խոսել, հետո տնտեսական համագործակցություն սկսել։ Իսկ դրա համար միջազգային կառույցների մանդատը պետք է օգտագործել, քանի որ, եթե խոսում ենք «3+3» կամ «3+2+1» ձևաչափերի մասին, իսկ «Հայաստան-Վրաստան-Ադրբեջան» ձևաչափը դեռ կայացած չէ՝ ոչինչ չի ստացվի․

«Տարածաշրջանի այս երեք միավորները դեռ իրար հետ հարաբերվելու խնդիր ունեն, իմ կարծիքով, և առաջին հերթին պետք է մտածել ընդհանուր սպառնալիքների մասին, որը նաև լավ հարթակ կարող է լինել համագործակցություն սկսելու, որովհետև տնտեսական համագործակցություն առանց ընդհանուր սպառնալիքները հաշվի առնելու, վերացական է»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյացը նույն տրամաբանության շրջանակներում է դիտարկում հարցը․

«Քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն կամ չկա պայմանագիր, բնական է, որ Հայաստանը շարունակելու է մնալ ռեգիոնալ կոմունիկացիաների լուսանցքում, սա գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է։ Նաև կոնֆլիկտի լուծումը մենք պետք է փնտրենք տարածաշրջանային ֆորմատներում, մասնավորապես «3+3»-ում, որովհետև կոմունիկացիաների ապաշրջափակումը և հակամարտությունների կարգավորումը փոխկապակցված գործընթացներ են։ Միամիտ կլինի կարծել, որ Չինաստանի հետ հնարավոր է խնդիր լուծել, եթե դու ռեգիոնի մյուս հարևանների հետ այդ խնդիրները չես լուծել»։

Թբիլիսի-Բաքու-Անկարա արտգործնախարարների մակարդակով մարտին սպասվող եռակողմ հանդիպխման օրակարգում առկա է լինելու նաև 2017 թ․ շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ներուժն ավելացնելու հարցը, համոզված են փորձագետները։ Վաղուց է խոսվում դեպի եվրոպական երկրներ Հյուսիսային և Հարավային միջանցքներով փոխադրումների քանակը գրեթե կրկնակի ավելացնելու՝ 17 միլիոն տոննայից 25 մլն-ի հասցնելու մասին։

Այստեղ Թաթուլ Մանասերյանը հուշում է, որ Երևանը պետք է ոչ թե խնդրի, այլ պահանջի, որ հնարավորություն տրվի անվճար օգտվելու ծավային նավահանգիստների հնարավորություններից, իսկ դրա համար հարկավոր է մի քանի կոնվենցիաներ վավերացնել․

«Հայաստանը ցամաքային երկիր է, դեպի ծով ելք չունեցող երկիր է, և մենք վավերացրել ենք ընդամենը երկու միջազգային կոնվենցիաներ, որոնք առնչվում են դեպի ծով ելք ունենալու հիմնադրույթներին։ Մինչդեռ 1982 թ կոնվենցիայից բացի, և վերջինը՝ ԵԱՏՄ երկրների շրջանակներում՝ 2019 թ Հայաստանի կողմից վավերացվածից բացի, մենք պետք է հետամուտ լինենք միջազգային իրավունքով շարժվելու և պահանջելու ինչպես Թուրքիայից այնպես էլ Վրաստանից, որպեսզի բացվեն հաղորդակցությունները։

Ի՞նչ են ասում այդ կոնվենցիաները՝ «այն երկրները, որոնք ունեն ծովեզեք պարտավոր են դեպի ծով ելք տրամադրել այն պետություններին որոնք չունեն այդ ելքի հնարվորությունը»։

Այդ երկրները պարտավոր են անվճար ծովեզերք տրամադրել Հայաստանին։ Վրաստանը Հայաստանին տալիս է այդ հնարավորությունը, բայց տարանցման գումար է գանձում, ընդ որում երկու անգամ ավելի շատ, քան Ադրբեջանից, ինչը ևս կոնվենցիայի խախտում է, ասում է փորձագետը, պնդելով՝ անհրաժեշտ է ծովագնացության և ծովային իրավունքի համապատասխան կոնվենցիաները վավերացնել և օգտվել դրանց հնարավորություններից։

Back to top button