ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ռուս-ադրբեջանական ջերմացման նոր փուլ՝ Ալիևի վերընտրությունից հետո. ինչ նպատակներ են տեսնում փորձագետները

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց հայտնաբերած լրջագույն ընտրական խախտումների մասին էին հայտարարել։ Նրանք ընդգծել էին, որ ընտրությունները եղել են «ոչ մրցակցային» և «անցել են սահմանափակող միջավայրում»։ Ռուսաստանը մինչդեռ, ողջունել է Ադրբեջանում ընտրությունների հաջող անցկացումը, քննադատել է ԵԱՀԿ դիտորդների գնահատականները՝ դրանք անվանելով «կողմնակալ»։

Այս համատեքստում Մոսկվայից իրար հաջորդող վստահեցումներ են հնչում, որ Ռուսաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ իր դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։ Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման նոր փուլ է սկսվում։ Թե ի՞նչ նպատակ է այն հետապնդում՝ փորձել ենք հասկանալ փորձագետների հետ։

Ռուս-ադրբեջանական մերձեցումը նոր չէ՝ նկատում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, հավելով, որ այդ ջերմացումը դեռևս 2020 թ.-ից սկսած ենք տեսնում։ Դրանից առաջ էլ մերձեցման քայլեր ակնհայտորեն կային։

«Եթե մինչ այդ միայն զենքի և այլ առևտրային պայմանագրերի միջոցով էին նրանք մերձենում, 20 թ.-ից հետո նաև լուրջ  քաղաքական մերձեցում կա, որի գագաթնակետը 2022 թ.-ի փետրվարի 22-ին կնքված ռազմավարական համաձայնության պայմանագիրն է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև»։   

Հենց այդ համաձայնագրի հիման վրա էլ Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են ավելի լայն համագործակցություն ծավալել։ Փորձագետները կարծում են, որ այդ հանգամանքը առաջին հերթին խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար՝ իր շահերի իրացման տեսանկյունից։

«Այդ պատճառով էլ այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ շատ հարցերի շուրջ Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը համընկնում են. նրանց դիրքորոշումները նույնական են, իսկ Հայաստանի շահերը հակոտնյա են»։  

Այս համատեքստում մի հանգամանք է դիտարկման արժանի։ Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը և իր պատրաստակամությունն է հայտնում բարձր մակարդակով հետամուտ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող եռակողմ համաձայնագրերի կյանքի կոչմանը։ Այս մասին ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ էր ասվել։

Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովն էլ «Իզվեստիայի» հետ հարցազրույցում նույն թեմայից է խոսել, շեշտելով, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրելու Երևանին ու Բաքվին՝ բանակցությունների համար։ Նկատենք, որ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը բավականին երկար ժամանակ մերժում է Արևմտյան հարթակներում բանակցելը։ Ըստ փորձագետների, սակայն, այս իրավիճակը իրականություն էր մինչև փետրվարի 7-ը, այսինքն՝ մինչև Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունները։ Քաղաքագետ Ռուբերտ Ղևոնդյանի խոսքով՝  առայժմ հնարավոր չէ ասել, թե ինչ տեղի կունենա հետագայում։

«Ես ճիշտն ասած, սպասում եմ նոր զարգացումների՝ կապված և՛ Ռուսաստանի առաջարկի, և՛ նաև Արևմուտքի նոր նախաձեռնությունների հետ կապված։ Տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Այնուամենայնիվ, պետք է ֆիքսել, որ Հայաստանը պետք է շարունակի զերծ մնալ ռուսական հարթակ գնալուց, որովհետև այս պահին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որի դեպքում Հայաստանի շահերը չեն համընկնում ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի շահերի հետ»։

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձելու է իր բոլոր հարցերը լուծել երկկողմ ձևաչափով։

«Կարծում եմ, մեծ հաշվով, ադրբեջանական կողմի մոտ էլ այդպիսի մեծ շահագրգռվածություն չկա հենց ռուսական ձևաչափով բանակցելու։ Այսինքն, իրենց համար ավելի ձեռնտու է երկկողմ ձևաչափով բանակցել, քան այլ՝ երրորդ կողմերի ներգրավվածությամբ»։

Ըստ փորձագետների՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանն առնվազն որոշ օրակարգերում ունի լավ ընդգծված սեփական տեսանելի դիրքորոշումները։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նույնպես նկատում է, որ մի շարք հարցերում Մոսկվայի պատկերացումները ավելի շատ համահունչ են Բաքվի պատկերացումների հետ։ Հետևաբար, նման դեպքերում, խոսքը ոչ թե միջնորդության մասին է, այլ՝ հստակ շահերի մասին, որը Ռուսաստանը փորձելու է առաջ տանել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ համոզված է, որ նման իրավիճակում ռուսական հարթակ գնալը կնշանակի լինել միայնակ ընդդեմ  հակառակ շահեր ներկայացնող երկու պետությունների դեմ։

Back to top button