Վերնատուն

«Կամարը»` ինքնության հետ կապող կամուրջ. «Վերնատուն»

Բելգիայից ժամանած երաժիշտներ, «Կամար» տրիոյի հիմնադիր անդամներ, երգահան, կատարող Արեգ Նազարյանը և ջութակահար, վոկալիստ Անուշ Տերտերյանը խոսում են իրենց ստեղծագործական փորձառությունից՝ եվրոպական ու հայաստանյան համերգներից։

«Կամար» տրիոն հիմնվել է 2023 թվականին։ Տրիոն ներկայացնում է ժողովրդական ու հեղինակային երգեր։ Խմբի առաջին այցը Հայաստան նշանավորվեց «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի մասնակցությամբ։

Խոսելով իրենց հայկական ինքնության և Եվրոպայում հայ երաժշտության ներկայացման մասին, պատմում են, որ համերգների առաջարկներ են ստանում ոչ միայն հայկական ու հայալեզու, այլ նաև օտար կազմակերպություններից։ Ասում են, որ հետաքրքրությունը մեծ է, ոչ միայն երգերի, այլ նաև երգերի պատմության նկատմամբ։

Անուշ Տերտերյանը պատմում է հայկական ինքնությունը պահելու և հայ երգ ու երաժշտությունը փնտրելու իր փորձառության մասին, պատմում է ինչպես հիմնվեց «Կամարը»։

«Կամարը և՛ գմբեթն է, և՛ մուտքն ու ելքն է, և՛ կամուրջ է ինքներս մեզ հետ, մեր ինքնության, հնի ու նորի, սփյուռքի ու հայրենիքի հետ առնչվելու»,-  ասում են նրանք։

Իսկ թե ինչ է նշանակում լինել հայկականության ու հայ մշակույթի կրող օտար միջավայրում, Արեգ Նազարյանը մեկնաբանում է, որպես միայնություն, առանձնահատկություն և գույն, որը Բելգիայում հաճախ չես գտնի։ Կարևոր է հասկանալ որտեղից ես գալիս, որ իմանաս, թե ուր ես գնում։

«Սա և ուժ է տալիս, և նշանակում է մեծ պատասխանատվություն»,- ասում է Արեգ Նազարյանը։ Արեգ Նազարյանի և Անուշ Տերտերյանի համերգը տեղի կունենա հուլիսի 28–ին, «Հին Անի» երաժշտական սրահում, ֆլեյտահար Նելլի Մանուկյանի և «Հուսո առագաստ» փառատոնի դափնեկիր երիտասարդ հեղինակ-կատարողների մասնակցությամբ։ Համերգը բարեգործական է։

Back to top button