ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստանում անցած տարի գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների 8000 նոր դեպք

Աշխարհում ամեն տարի գրանցվում է քաղցկեղային հիվանդությունների 10 մլն-ից ավելի նոր դեպք։ Դրանց պատճառով տարեկան մահացության ցուցանիշը 5 մլն-ից ավելի է։ Հայաստանում անցած տարի գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների 8000 նոր դեպք։ Տարվա կտրվածքով մահերի ցուցանիշը կազմել է մոտ 5000։ Տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է թոքի և շնչառական ուղիների քաղցկեղը, կանանց շրջանում՝ կրծքագեղձինը։

Հայաստանում ամեն տարի քաղցկեղի մոտ 8 հազար նոր դեպք է գրանցվում, հիվանդության հետևանքով ամեն տարի մահանում է մոտ 5 հազար մարդ։ Այս տվյալները հրապարակել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը:

Հայաստանում տղամարդկանց մոտ առաջին հորիզոնականում է թոքի և շնչառական ուղիների քաղցկեղը, կանանց շրջանում՝ կրծքագեղձինը։ Ըստ ուռուցքաբանի, կան քաղցկեղի տեսակներ, որոնք մահացության առումով միտում ունեն նահանջելու։

«Օրինակ՝ կրծքագեղձի, հաստ աղիքի, արգանդի վզիկի քաղցկեղի ուղղությամբ մահացության տեսանկյունից նկատվում է նահանջ։ Այս ուղղություններով հիվանդությունը հաջողությամբ կարելի է կանխարգելել՝ վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում։ Ասեմ, որ, օրինակ, մեզ մոտ կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդները համարժեք են միջազգային հնարավորություններին, և այստեղ բուժման առումով լուրջ հաջողություններ ենք գրանցում։

Մասնագետը կարևորում է կանխարգելիչ միջոցառումները, մասնավորապես, սքրինինգները, որոնք կանանց անվճար հետազոտվելու և հիվանդության առկայության դեպքում այն վաղ հայտնաբերելու հնարավորություն են տալիս։ Բայց ամենակարևորը, ըստ ուռուցքաբանի, պետք հանել վախը․

«Ինչքան էլ ուզենանք դնենք սքրինիգային ծրագրեր, եթե կնոջ միջից չկարողացանք հանել վախը հետազոտվելու նկատմամբ, ապա ոչ մի սկրինինգ էլ չենք կարողանալու իրականացնել։ Առաջին հերթին պետք է կնոջը հասցնել այն գաղափարը, որ պետք չէ վախենալ հիվանդությունից, պետք է գնալ ընդառաջ, պետք չէ սպասել գանգատների, նոր հետազոտվել, այլ պետք է գնալ, անկախ գանգատների առկայությունից։ Եվ դրա լավագույն միջոցը տարեկան ստուգումներ են»։

 ՀՀ առողջապահության նախարարությունը կարևոր շեշտադրում է կատարում քաղցկեղային հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների վրա, ասում է  նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել անվճար հետազոտությունների սքրինինգային ծրագիրը։ Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում, եթե մինչ այս շրջիկ կենտրոնները լինում էին մարզերում և տեղերում որոշակի ժամանակահատվածում հնարավոր էր լինում հետազոտվել, ապա շուտով անվճար հետազոտության ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում հասանելի կլինի ողջ տարվա ընթացքում։

«Չարորակ նորագոյացության հաստատված ախտորոշման դեպքում ամբողջ վիրաբուժական միջամտության ծավալը պետությունը երաշխավորում է բոլոր ՀՀ քաղաքացիների համար։ Ճառագայթային բուժումը ևս պետությունն ապահովում է անվճար, իսկ քիմիաթերապիայի բուժումն իրականացվում է համաֆինանսավորմամբ»։

Back to top button