ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կանչերի 10 տոկոսի դեպքում շտապօգնությունը ուշանում է․ բժիշկները կանչերի կմեկնեն նաև մոպեդներով

Երևանի շտապօգնության ծառայության կանչերը նախորդ տարվա համեմատ շուրջ 14 տոկոսով ավելացել են։ Մայրաքաղաքին ամբողջությամբ սպասարկելու համար կարիք կա նաև շարժակազմերը ավելացնելու՝  նկատում են քաղաքապետարանում։ Այստեղ վերլուծել են ու պարզել՝ հունվարին ստացված ավելի քան 19․600 կանչերի 10 տոկոսի դեպքում շտապօգնությունը ուշացել է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուշադրություն է հրավիրել նաև 1․03 ծառայության հեռախոսային սպասարկման վրա․ պետք է բացառել դեպքերը, երբ քաղաքացին զանգահարում է բայց այդպես էլ չի կապվում  շտապօգնության հետ։

Երևանի շտապօգնության բժիշկները առաջիկայում կանչերի կմեկնեն նաև մոպեդներով։ Նորամուծության համար դեռ բավականին աշխատանք կա, համապատասխան մասնագետներ են պետք, բայց սա շտապօգնության ծառայության բարելավման ու արդիականացման կարևոր քայլերից մեկն է։

«Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերի, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,– մանրամասնում է Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։

Շտապօգնության կանչերի թիվը շեշտակի ավելացել է․ միայն հունվարի առաջին 18 օրերում երևանցիները 103 են զանգել ավելի քան 19500 անգամ։ Կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով ավելի է։ Դավիթ Կարապետյանը շեշտում է՝ կանչերի ավելացման հետ շարժակազմերը ավելացնելու կարիք կա։

«Յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է1 շարժակազմ։ Պաշտոնական տվյալներով՝ Երևանի բնակչությունը 1 միլիոն 700 հազար է և պետք 53-55 շարժակազմ, այս պահին աշխատում է 43 շարժակազմ։ Դիմել ենք առողջապահության նախարարին՝ ակնկալիքով, որ առաջիկայում կավելացնեն շարժակազմերը»։

Շտապօգնության ծառայությունում սեփական աշխատանքի վերլուծություն են իրականացրել։ Պարզել են, որ հունվարի 19․600 կանչերից շուրջ 10 տոկոսի դեպքում ծառայությունը սահմանվածից ուշ է հասել հիվանդին։ Օբեկտիվ վիճակագրությանը զուգահեռ Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը բացատրում է՝ կանչերը դասակարգվում են՝ հրատապ, կյանքին վտանգ սպառնացող, մինչև15 րոպեում սպասարկվող և 4-րդ դասի կանչեր, որոնք կարող են սպասարկվել մինչև անգամ 120 րոպեի ընթացքում։

«Այսինքն, շատ դեպքերում մարդիկ բողոքում են, որ իրենց ճնշումը 140-100 է եղել և շտապօգնությունը կանչի վայր հասել է 60 րոպեում, դա նորմալ է, որովհոտև շատ հնարավոր է, որ այդ ընթացքում եղել է կանչ ու հիվանդի ճնշումը եղել է 180 և ավելի բարձր կամ ավտովթար ենք ունեցել, դանակահարություն, հրազենային վիրավորում և շտապ օգնությունը մեկնել է այնտեղ։ Ծառայությունում կան մասնագետներ, որոնք դասակարգում են կանչերը»,– ասում է Ռուբեն Գրիգորյանը։

Մեկ այլ դեպքում, սակայն, գործը ուշանալուն չէր հասել․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը սկզբում սոցիալական ցանցում, հետո «Ռադիոլուրին» պատմեց՝ օրեր առաջ, երբ իր դուստրը բժշկական օգնության կարիք է ունեցել, այդպես էլ չեն կարողացել 1․03 զանգահարել, կանչ գրանցել։

«Աղջիկս էր բավականին վատ զգում իրեն, կապված նաև այս սրված վիրուսների հետ։ Բայց մենք ընդհանրապես չկարողացանք կապվել շտապօգնության ծառայության հետ։ Այսինքն, 1 03–ը հասանելի չէր ընդհանրապես, զանգ չէր գնում, 9 11–ը հասանելի էր պատասխանում էին, բայց խոսակցության ընթացքում անջատվում էր։ Եվ քանի որ օգնությունը իսկապես շտապ էր անհրաժեշտ, ստիպված դիմեցինք վճարովի ծառայությանը»։

Հետո արդեն շտապօգնության ծառայությունից Գայանեին ասել են, որ զանգերն իրենց մոտ առհասարակ չեն գրանցվել, վստահեցրել են, որ կապի խնդիր է և «մեղավոր են» բջջային օպերատերները։ Նախկին պատգամավորի համար, սակայն, պատճառաբանությունները համոզիչ չեն։

«Անկեղծ ասած, ինձ համար առնվազն տարօրինակ է, որ մենք կարող ենք զանգահարել 1․03 ու այդպես էլ պատասխան չստանանք։ Մարդը եթե զանգահարում է 1․03, դա նշանակում է, որ մեծ հավանականությամբ կա հրատապություն, հետևաբար էականորեն պետք է բարելավենք մեր 1․03 ծառայության զանգերի որակը։ Այսինքն, պետք է ապահովենք 100 տոկոս պատասխան քաղաքացիների զանգերին»,– խնդրին քաղաքապետ Տիգրան Ավինյանն է անդրադառնում, հանձնարարում համապատասխան վարչությանը՝ ուսումնասիրել ու պարզել՝ քանի նմանատիպ դեպք կա, երբ քաղաքացին շտապ օգնության համար այդպես էլ ծառայության հետ չի կարողանում կապվել։

Back to top button