ԿարևորՄշակույթ

«Գոյ»-ի գոյությունը՝ առկախված

Կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Գոյ թատրոնի վերամիավորման ակտը սահմանված կարգով ստորագրվել է: «Գոյ»-ը դեռ ամռանը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության որոշումը։ Դատարանի որոշում չկա, բայց կա կառավարության որոշումը։

Ամանորից մի քանի օր առաջ «Գոյ» թատրոնի  տնօրենի պաշտոնակատար Սարգիս Չոլոյանն  առանց նախապես զգուշացվելու  ազատվեց  աշխատանքից։ Մի քանի ժամ անց տնօրենի ժամանակավոր նոր պաշտոնակատար նշանակվեց Կարեն Սիմոնյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը տարեվերջին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց՝ պաշտոնակատարը փոխարինվել է, քանի որ չի իրականացրել Կառավարության պահանջը։

Կառավարության պահանջը մեկն էր՝ ստորագրել «Գոյի»  և  Սունդուկյանի անվան թատրոնի միավորման փաստաթուղթը:

«Գոյ»-ը դեռ ամռանը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության որոշումը,  որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնին։ Վարչական դատարանից գործը հիմա քաղաքացիական է տեղափոխվել։  Բայց ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն այս պահի դրությամբ վարույթը դեռ չի ընդունել, և գործը շարունակում է մնալ Վերաքննիչ դատարանում։ Դատարանի որոշումը դեռ չկա, բայց կա կառավարության որոշումը։

Գոյեցիներն այսօր  ԿԳՄՍ նախարարության մոտ էին, պահանջը մեկն էր` չլուծարել   թատրոնը ու չմիացնել  Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։  Թատրոնի գեղարվեստական ռեժիսոր Արթուր Սահակյան։

«Պահանջում ենք մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլել, ազատությունը չխլել, մեզ, իրենց ասած, լավությունը չանել։ Մեր պահանջն է, որ կարողանանք ազատ ստեղծագործել հայրենիքում»,-ասաց նա։

Ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն այս գետն անցնում է արդեն երկրորդ անգամ՝առաջին անգամ Կամերային թատրոնում,երկրորդն արդեն «Գոյ»-ում։

«9 հոգի տեղափոխվել էին Պարոնյան թատրոն, հինգը արդեն ազատվել են։ Նույնը տեղի է ունենալու «Գոյ»-ի հետ, այն ինչ-որ ասում էի ժամանակի՝ձեր նպատակը մեկն է»։

Տնօրենի նոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին թատրոնում տեսել են մեկ անգամ՝ կարճ այցով։ Սամսոն Ստեփանյանն ասում է, որ տնօրենը հավաստիացրել է, որ ոչնչից տեղյակ չէ։

«Խոստումներ տվեց, որ ոչ չի ստորագրելու։ Ասաց՝ իմ արժանապատվությունից ցածր է,որ ես  թատրոնը լուծարեմ իմ ստորագրությամբ, բայց այսօր իրականությունը ցույց է տալիս, որ այլ է»։

«Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյան․ «Իրենից լսեցինք հետեւյալ կարծիքը, թե թատրոնի ընդունման-հանձնման հետ կապված իր հետ զրույց չի եղել… Ասաց՝ ես չեմ եկել, որպեսզի թատրոնը փակեմ, ես չեմ ստորագրելու ոչ մի թուղթ… Իսկ այն հարցին, որ մեր տնօրեն Սարգիս Չոլոյանին հեռացրին ու քեզ նշանակեցին, որովհետեւ Սարգիսը չստորագրեց փաստաթուղթը, ուրեմն քեզանից են դա ակնկալում, ասաց, որ իր հետ նման թեմայով չեն խոսել»:

Դեռ տարեվերջյան ասուլիսին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գործունեությունը որպես առանձին ՊՈԱԿ չի  պատկերացնում, այլ պատկերացնում է առանձին ստեղծագործական միավոր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում։ Բացատրել էին նաև, որ թատրոնի լուծարման մտադրությունը բարի նպատակ ունի. հիմնավորում էին, որ միավորումը ֆինանսական, կառավարման խնդիրներ կլուծի։

ԿԳՄՍ-ից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ համաձայն Կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» թատրոնի վերամիավորման ակտը սահմանված կարգով ստորագրվել է:  Նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ասելով որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով, ու բոլոր հարցերին պատասխանները կտրվեն։

Back to top button