ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Նա մի խենթ ծերունի էր, որ ծաղիկներ էր նկարում․ Սերգեյ Փարաջանովը 100 տարեկան է

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, ինչպես նաև այդ շարքից ոգեշնչված արվեստագետ Դավիթ Գալստյանի՝ արհեստական բանականության միջոցով ստեղված գործերը։

Տարիներ առաջ իր ծննդյան օրը Փարաջանովը քայլում էր Կիևի փողոցներով ու պատահած բոլոր ծանոթներին հրավիրում իր տուն՝ տարեդարձը նշելու։ Հավաքվում է մոտ 100 մարդ։ Բնականաբար, բոլորին տանը չի կարողանում տեղավորել, բայց միայն իրեն հատուկ լուծում է գտնում։ Շենքի աստիճաններին առաջինից մինչև հինգերորդ հարկ գորգ է փռում, ինքն էլ վերելակով վեր ու վար անում և կենացներ ասում։

Հունվարի 9-ին Կինոյի տան դալիճում կարմիր գորգը փռված էր ու բաժակները ձեռքներին վեր ու վար էին անում, նոր տեղադրված արձանի կողքին լուսանկարվում Փարաջանովի արվեստի սիրահարները, կինոգործիչներ, արվեստագետներ, պաշտոնյաներ։ Վարպետի 100 ամյակն էին նշում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան․ «Մեր ավելի գլոբալ հեռանկարը կինոյի տան դիմաց աստղային պուրակ ունենալն է։ Այս արձանը շատ լավ է բնութագրում արտիստին, հուսանք Կինոյի տան դիմաց կլինի աստղային պուրակ, ու հենց այդ պուրակում էլ կտեղադրվի արձանը ու այդ աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան Գույնը»։

Թիֆլիսեցի հնավաճառի ընտանիքում ծնված տղային հայրը այդպես էլ չներեց ընտանեկան բիզնեսը լքելու համար։ Բայց տարիների ընթացքում Փարաջանովը փորձեց «մեղքը քավել»՝ իր արվեստում օգտագործելով հնություններ, գրեթե բոլոր կադրերում։ Նույնիսկ բանտարկության տարիներին, երբ չէր կարող ֆիլմեր նկարահանել, անգամ աղբից ու թափոններից փոքրիկ պատմություններ էր ստեղծում կոլաժի տեսքով։

Վարպետի հայտնի «Թռիչք» լուսանկարն է դարձել նրան նվիրված արձանի հիմքը։ Մետաղաձույլ արձանի հեղինակը Արա Ալեքյանն է։ Այդ լուսանկարն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Փարաջանովի կյանքում, քանի որ դրա հետ կապված մի շատ հետաքրքիր պատմություն կա։ Այն արվել է 1981 թվականի մայիսի 15-ին։ Լուսանկարը փոխանցում է ոչ միայն Փարաջանովի դիմանկարային կերպարը, այլև ստեղծագործական միտքը։ Լուսանկարիչ Յուրի Մեչիտովը 12 տարի ռեժիսորի կողքին է եղել է։ Նա ասում է, որ նկարի կոմպոզիցիոն հեղինակը հենց ինքը՝ Փարաջանովն է․

«Փարաջանովն էությամբ մի քիչ խենթ էր, և այդ արձանը շատ համապատասխանում է նրա բնույթին, քանի որ արտահայտում է նրա խենթությունը, որը երբեմն դժվար են ընդունում: Նա մարդ էր, որը դուրս էր օրենքից, կարգուկանոնից, շրջանակներից: Այս քանդակն ինձ դուր է գալիս, ու ես կարծում եմ, որ այն իր տեղը կզբաղեցնի քաղաքում»:

 Փարաջանովը Մեչիտովին հաճախ է ասել. «Լուսանկարիր ինձ և հեռուն կգնաս»:

«Փարաջանովին կամ հասկանում էիր ու նրա կողքին էիր մնում, կամ վիրավորվում ու հեռանում էիր, իսկ Փարաջանովը հեշտ էր վիրավորում: Նա սիրում էր իր կյանքի յուրաքանչյուր օրը, սիրում էր գեղեցիկն ու հրաշալին: Փարաջանովն այլ աշխարհից էր: Նման մարդիկ չեն ծնվում, նրանց ժամանակն է բերում: Դժվարանում եմ ասել, որ կարոտում եմ Փարաջանովին, քանի որ նա միշտ ինձ հետ է»:

Լուսանկարչի խոսքով՝ Փարաջանովը ինքնաքննադատ էր, սակայն հասկանում էր իր հանճարեղությունն ու ասում էր այդ մասին:

«Փարաջանովը վաստակել է իր անունն ու ամենակարևոր բանը, որ նա մարդկությանը քարոզել է, ազատ լինելն է, ազատությունը»:

Սերգեյ Փարաջանովի ընկեր Նոդար Վաշակիձեն էլ հիշում է՝ երբ առաջին անգամ հանդիպել են, Փարաջանովը նրան կասկածելի հայացքով է նայել ու հարցրել է արդյոք ՊԱԿ-ից չէ՞:

«Այդ օրից անբաժան ընկերներ դարձանք: Նա շատ էր սիրում հնամենի իրեր, հավաքում էր դրանք, երբեմն նվիրում էր: Մի առիթով որոշեց ինձ հարյուրամյա սպասքապահարան նվիրել: Ես հա ձգում էի, իսկ նա պնդում էր՝ ասելով, որ դրանք թափված չեն փողոցներում, եթե չվերցնեմ, ուրիշին կնվիրի։ Պահարանը մինչ օրս կա ու ես ամեն անգամ նայելիս հպարտանում եմ դրանով:

Փարաջանովն ասում էր՝ ես մի խենթ ծերունի եմ, որը ծաղիկներ է նկարում։ Նա խենթ էր ու կյանքը լցնում էր խենթություններով։

Back to top button