Գերդաստաններ

Հոռոմ տատն ու «Գաթա բենդ»-ը. «Գերդաստաններ»

Անդրանիկ Մանուկյանը հայ ազգային, հասարակական, մշակութային գործիչ է, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարը, իսկ 2013թ․-ին Գարեգին Առաքելյանի հետ հիմնել է «Գաթա բենդ» խումբը։ Նրա գերդաստանի գրեթե բոլոր ներկայացուցիչները երգում են՝ շնորհիվ Հոռոմ տատի։

Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում ապրողներից շատերը Արևմտյան Հայաստանից՝ Մուշից ու Սասունից գաղթածների ժառանգներն են, որոնցից են նաև Մանուկյանները։ Սասունցի Կարմիր Իրիցու տան քաջն Արաբոյից սերող Սեդրակ Մանուկյանն այստեղ ամուսնանում է Մուշի Բուլանըխ գյուղից գաղթած մի ընտանիքի դստեր հետ, որին Հոռոմ էին անվանել, քանի որ նա ծնվել էր գաղթի ճանապարհին՝ Հոռոմ կոչվող կամրջի մոտ։ Հոռոմի հետ ամուսնությունը ճակատագրական եղավ Սեդրակի ողջ գերդաստանի համար։

Երաժշտական բնածին  տաղանդով օժտված կինն իր երեխաներին և ամուսնու բոլոր հարազատներին հնագույն ազգագրական երգեր երգել էր սովորեցնում։ Հաճախ էր բոլորին հավաքում, տանում դաշտերը՝ հնձի և այնտեղ էլ՝ շրջանաձև շարված քարերի վրա նստում էին, երգում և, ինչպես Հոռոմ տատն էր ասում, սկսում էին ձեն-ձենի տալ, կյանքով լցվել ու հետո բարձր տրամադրությամբ վերադառնալ տուն։

Հոռոմ տատը բոլոր թոռների՝ Նորայրի, Ծովինարի, Անդրանիկի և մյուսների ուսուցիչն էր։ Նրանք բոլորն էլ այսօր սիրով են հիշում, գնահատում նրան, չէ՞ որ նրա շնորհիվ էին հեռավոր 1990-ականներին Նորայրն ու Ծովինարը երգում «Ազատամարտի ոգեղեն ուժ» ընկերային մշակութային կենտրոնում։ Նրանց հմայիչ երգերը ոգեշնչում, վերականգնում էին մեր ռազմիկների ուժերը։ 20-րդ դարի վերջին ազգագրական երգի-պարի միջազգային փառատոնի օրերին նրանց ծափահարում էին Խորվաթիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Ադրիատիկ ծովի կղզիներում, Գերմանիայում։

Նորայրը 1988 թվականին ներգրավված էր «Մեծն Տիգրան» աշխարհազորի կազմում։ Ինչպես ընկերներն են պատմում, նա եկավ ոխը սրտում՝ ընդդեմ այն բարբարոսների, որոնք ցեղասպանություն են իրականացրել։ Եվ այս նվիրյալ տղան իր ոգեղենությամբ   կարողացավ ոգեշնչել հազարավորների։1975 թվականն էր, Անդրանիկը 8 տարեկան էր, երբ նկարահանվում էր «Գորանի» վավերագրական ֆիլմը, որն առաջին ֆիլմն էր, որ խորհրդային տարիներին ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ և որտեղ առաջին անգամ հնչեցին ազգային-ազատագրական երգեր։ Եվ Անդրանիկը հաջողությամբ հանդես եկավ այս ֆիլմում։ Այն ոգևորեց տղային, իսկ տատիկը ցնծության մեջ էր։

1980 թվականից Անդրանիկ Մանուկյանը մասնակցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացվող՝ արդեն ավանդական դարձած,  երգի փառատոնների և տարիներ շարունակ արժանացել է առաջին կարգի մրցանակների ու դափնիների։ 1985 թվականից Բաշկիրիայում ծառայելուց հետո, վերադարձավ Երևան և հաջողությամբ ավարտեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։

1987 թվականն էր, երբ Մոսկվայում նա արժանացավ ժողարվեստի համամիութենական երկրորդ փառատոնի դափնեկրի մեդալի։ Այս տարիներին Անդրանիկը ընդունվեց նաև Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայաց լսարան և ձեռնադրվեց բարեշնորհ սարկավագ։ Նա ծառայության անցավ Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցում, որտեղ էլ հիմնադրեց «Օշական-համույթ» երգչախումբը։ Երգչի նախաձեռնությամբ նկարահանվել են ազգային ծեսերը պատկերող «Զատիկ», «Վարդավառ», «Վարդանանք», «Տարոն աշխարհի հարսանեկան ծես», «Դրդո», «Տեր ողորմյա» ֆիլմերը, որոնք հրաշալի ուղեցույց կլինեն նաև հարսանեկան արարողությունների կազմակերպիչների համար, որպեսզի մեր ազգային ծեսերը ճիշտ ձևով մատուցվեն և հետո անցնեն կենցաղ։

2013 թվականն էր, երբ Անդրանիկ Մանուկյանը Գարեգին Առաքելյանի հետ հիմնեց «Գաթա Բենդ» խումբը։ Տարբեր երկրների դահլիճներում երիտասարդությունը ոգևորվում է, խանդավառ ծափահարում, պարում, և զգալի է դառնում ազգային զարկն ու ռիթմը. տարեցները հիշում են իրենց երիտասարդությունը, իսկ երիտասարդները մոտիկից ծանոթանում են ու շփվում ազգագրական երգ ու պարին։

«Արվեստը տիեզերքից է շնորհված աշխարհիս մարդկությանը։ Քրիստոսն ասում է, ով ականջ ունի, թող լսի։ Այլ կերպ չի լինում։ Ազատ է մարդն իր կամքով, ինքս իմ ժամանակի պատմության կերտողն եմ», – ասում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Back to top button