Գերդաստաններ

Ալբերտ Կիզիրյան․ Ստավրոն, Կինտոների պարն ու «Գեղարդ»–ը. «Գերդաստաններ»

1970-ական թվականներին Ալբերտ Կիզիրյանը միակ պարուսույցն էր, որն ավարտել էր աշխարհահռչակ Գիտիսը՝ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը, ժողովրդական պարերի բաժինը, չափազանց ճկուն շարժումների համար նրան անվանում էին Ստավրո՝ Սևծովյան Ստավրիդա ձկան անունով, Հայաստանի պարի պետական անսամբլում նա բոլորին հայտնի «Կինտոների պար»-ի մենակատարն էր, ստեղծել էր բազմաթիվ պարային համույթներ Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Մերձավոր արևելքի տարբեր երկրներում, արժանացել է բազմաթիվ մրցանակների։

1915 թվականից Հին Բայազետից շատ հայեր եկան, հաստատվեցին Բաթումում։ Նրանցից էին նաև Կիզիրյանները։

Բաթումի հայերը արվեստասեր էին, իսկ երիտասարդներից շատերն այցելում էին պիոներ պալատի պարի խմբակներ։ Նրանք շատ ճկուն էին, քանի որ, հավանաբար, ծովափին մեծանալով, նաև կազդուրվում էին ծովի ամրացնող ջրով և ավազով: Այդ պատանիներից մեկը Ալբերտն էր, որն աշխատասեր, ճարպիկ, անսահման բարի, երեք տարեկանից սկսած լավ պարող տղա էր։ Նրան ճկուն և լավ բնական շարժուձևերի համար Սևծովյան Ստավրիդա-Ստավրո էին անվանում` pատմում է ինքը՝ 83-ամյա Ստավրոն՝ Ալբերտ Կիզիրյանը:

Տղան մեկ անգամ ծնողների հետ Բաթումից եկել էր Երևան, տեսել էր երևանյան շենքերը և որոշել էր ճարտարապետ դառնալ ու նվիրվել Երևանի բարեկարգման աշխատանքներին։ Սակայն եղավ անսպասելին՝ Ալբերտը չկարողացավ ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Տղան պարտվել չէր սիրում։ Աստծո կամոք, երբ 1956 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան, նա ծանոթացավ խորհրդային անվանի պարուսույց Իլյա Յաղուբյանի հետ։ Նա հայտնվեց Երևանի Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, որտեղ փորձեր էր անցկացնում նոր կազմավորվող Պարի պետական անսամբլը։

Չնայած Ալբերտին Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը՝ Գիտեսը, հզոր և կայուն հիմք տվեց, այնուամենայնիվ, նա հաճախ էր լինում Երվանդ Սահառունու և Վահրամ Արիստակեսյանի փորձերին, ուսումնասիրում էր հայոց աշխարհի տարբեր մարզերի պարերը, ինչն էլ հնարավորություն տվեց պարուսույցին նոր պարեր բեմադրել։

1970-80-ական թվականներն էին՝ Պարի պետական համույթի փառավոր ժամանակները, երբ հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ  Խանամիրյանը բեմադրեց «Կինտոների պարը», գլխավոր դերում Ալբերտ Կիզիրյանն էր։ Եվ ահա, հյուրախաղեր աշխարհի բեմերում, անակնկալներ, հետաքրքիր հանդիպումներ, պատահարներ, անջնջելի դրվագներ։ Հանրությունը հիացած էր և՛ Հայաստանում, և՛սփյուռքում։ Նույնիսկ 1965 թվականին Պարսկաստանում հյուրախաղերի ժամանակ Պարսից շահը՝ Մոհամմադ Ռեզա Փահլավին,  չկարողացավ մերժել Ալբերտին, երբ արտիստը ծաղիկներ նվիրեց նրա  կնոջը՝ պատմում է կինը՝ Ժասմենը։

Հյուրախաղերի ժամանակ Ալբերտին գրեթե չէին տեսնում։ Նրա հետ զրուցում էին, հյուրասիրում, պատվում, որ մասնակցի իրենց խնջույքներին ու ճաշկերույթներին։ Պատմում է պարուհի Կարինե Խեչոյանը։

56 տարի է, ինչ ամուսնացած են Ալբերտն ու Ժասմենը։ 20 տարի պարել են միասին, անջնջելի հուշեր ունեն, նրանց համար մեծ ցավ էր բեմից հեռանալը, դրա համար այնքան էլ չէին ուզում, որ դուստրերը պարուհի դառնան, որ այդ հեռացման ցավը չզգան։ Սակայն Գայանեն և Մարինեն դարձան, սովորեցին այն, ինչ տեսնում էին և հոգեհարազատ էր իրենց։

Մեծ բեմից հետո ամուսինները հիմնեցին «Գեղարդ» անսամբլը։ Տիկին Ժասմենը ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում և, ամուսնանալով Ալբերտի հետ, տեղափոխվել է պարի անսամբլ։ Նա այսօր «Գեղարդի» պարուսույցն է,  պարարվեստի դոցենտ է։ Կրթում, ուսուցանում է շատ երիտասարդների, որոնք դառնում են իսկական «ստավրիդներ»։

Ալբերտ Կիզիրյանն այս տարիքում գրեթե չի փոխվել, կարծես նույն աշխույժ, հումորով լեցուն երիտասարդն է և շատերը, հիշելով նրա բացառիկ ճկունությունը, զարմանահրաշ թռիչքները, կրկին նրան կոչում են Ստավրո։ Նա երբեմն տխրում է՝ հիշելով բեմը, հյուրախաղերը, ծափահարությունները, բայց հետո, երբ մտնում է դահլիճ, որտեղ պարում է «Գեղարդը», հոգին պատվում է անսահման բերկրանքով, մտածում է, որ ամեն ինչ շարունակվում է։

Back to top button