Գերդաստաններ

«Լավ սովորեք, այլապես չեմ կարող ուրիշների աչքերին նայել». վաստակաշատ մանկավարժի հորդորը՝ զավակներին. «Գերդաստաններ»

Հադրութցի Գրիգորյանները ողջ գերդաստանով ուսուցիչներ են, նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, սուրը փառքով դրել պատյան, ստեղծել են շատ հարուստ գրադարան, որից օգտվել են Տող և հարակից գյուղերի բոլոր դպրոցականներն ու ուսանողները։ Տեղահանված գերդաստանը հավատում է իր վերադարձին։ Գերդաստանի երիտասարդները շարունակում են նախնիների ճանապարհը Երևանում։

Քանի որ Մոխրենիսում դպրոց չկար, նրա բնակիչները 1952 թվականին Արցախ աշխարհի Հադրութի շրջանի հարևան  Տող գյուղ տեղափոխվեցին։ Նրանց շարքում էին նաև Գրիգորյանները։

Սամվել Գրիգորյանը և կինը՝ Արև Թամրազյանը, Տողի միջնակարգ դպրոցում հարգված, խստապահանջ, պատկառելի և ամենակարևորը՝ շատ բանիմաց ուսուցիչներ էին։ Սամվել Գրիգորյանը որդիներից պահանջում էր, որ լավ սովորեն, այլապես ինքը չի կարող ուսուցիչների և աշակերտների աչքերին նայել։ Արև Թամրազյանը, որը, բացի ուսուցիչ լինելուց, նաև դպրոցի ուսմասվարն էր, պահանջում էր ուսուցիչներից, որ նախքան դասն սկսվելը, բոլորը հանձնեն դասաժամի պլանները՝ պատմում է նրանց հարսը՝ Վիգեն Գրիգորյանի կինը, ուսուցչուհի Գրետա Գրիգորյանը։

Վիգեն Գրիգորյանը պատմության ուսուցիչ էր, լավ գիտեր գրականություն, արտասանում էր ծավալուն հայրենասիրական պոեմներ, մասնակցել էր Արցախյան առաջին ազատամարտին, բազում արհավիրքներ էր տեսել։ Նա իր զինակից ընկերների հետ զենք էր պատրաստում և ոչ պակաս դիպուկ կրակում այդ ինքնաշեն զենքով։

Անսահման մեծ գրադարան ունեին Գրիգորյանները, որն ընդգրկում էր հայ բոլոր դասականների հատորյակները, սփյուռքում հրատարակված շատ արժեքավոր գրականություն, Վիգեն Գրիգորյանի նկարները, հանդիպումները հանրահայտ գրողների ու արվեստագետների հետ, նրանցից ստացած, մակագրված գրքերը. այս ամենը մնաց Տողում։ Այս գրադարանից օգտվելու հնարավորություն ունեին նաև Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողները, հարակից գյուղերի դպրոցականները, գյուղի բնակիչները, որոնք կարդալ սիրում էին։

Ինը տարեկան էր դեռ Ալենուշը, երբ կորցրեց հորը, սակայն աղջկա հուշերում հայրը վառ է մնացել ոչ միայն «ալիքներից ծնված հին աստվածների շնչով պարուրված» աղջկան  գորովանքով գրկելով, իր հետ Հադրութի գողտրիկ անկյուններով ման տալով, աղջկան հայրենի հողին ամուր կապելով, հեքիաթային գրքերի աշխարհում շրջելով, այլև իր չարտասանված, բայց հոգևոր ներշնչանքով, տեսիլքի նման հայտնված պատգամներով… «Շարունակիր ի՛նձ, դու կարող ես»։

Եվ Ալենուշը շարունակեց հոր՝ Վիգեն Գրիգորյանի ճանապարհը։ Ավարտեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, դարձավ հայոց լեզվի և գրականության մասնագետ, և դասախոսեց նույն ինստիտուտում։ Հայրիկի պատգամը սրտում՝ Ալենուշը գնում էր առաջ, իսկ հայրենասիրությունը, որ սերմանել էր հայրը՝ մանկուց սիրել տալով Արցախ աշխարհի ամեն թուփն ու թիզ հողը, աղջիկը նույնությամբ ավանդել է իր որդիներին ու դստերը։ Ալենուշի դուստրը  պատրաստվում է շարունակել ուսումը բանասիրական ֆակուլտետում, սակայն արդեն մայր հայրենիքում։

Հազիվ զսպած արցունքն աչքերին՝ Հանրային ռադիոյի ստուդիայում Ալենուշը պատմում է տեղահանությունից։ 2020 թվականի հոկտեմբերի 21-ն էր, երբ ընկավ Տողը, երբ խելագարված, բայց հաղթանակի և փրկության հույսը սրտում, դեռ  հոգեպես դիմադրում էին, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին այս ու այն կողմ էին վազվզում՝ գտնելու հարազատներին։ Եվ այդ թոհուբոհի մեջ Ալենուշը հասցնում էր նկարել Տողի փողոցներն ու տունը, որ տար որդուն՝ ի պահ:

Back to top button