Գերդաստաններ

«Ավարայրի ճակատամարտից» մինչև «Հրեշտակների քաղաք» ու առնական «Սասունցի Դավիթ». Գասպարյաններ. «Գերդաստաններ»

Սկսած Աշոտ Գասպարյանից, այս գերդաստանի բոլոր անդամները նկարիչներ են։ Հանրահայտ գեղանկարիչ Կարեն Գասպարյանը ստեղծել է արժեքավոր աշխատանքներ՝ կոմպոզիցիոն, պատմական թեմաներով․ նրա «Ավարայրը» և «Ավարայրի ճակատամարտը» պեյզաժներն ու նատյուրմորտները մասնակցել են բազմաթիվ ցուցահանդեսների, իսկ որդիների՝ Հովհաննեսի քանդակները և Վահեի գրաֆիկաները  յուրահատուկ են, խոսուն, նաև ճանաչելի օտարերկրյա հանրությանը։

1918-20-ական թվականներին Շուշիից Հովհաննես Գասպարյանը, որը սովորել էր  Շուշիի թեմական դպրոցում, իսկ հետո մեկնել էր Մոսկվա՝ Լազարյան ճեմարան, տիրապետում էր մի շարք լեզուների, գալիս-հաստատվում է Երևանում, մասնակցում է Սարդարապատի ճակատամարտին, և որպես բուժակ օգնում վիրավորներին։ Գրասեր և բանիմաց այս մարդը հարգում ու սիրում էր նաև արվեստը և իր որդիներին էլ պատգամում էր՝ ամեն ինչ սովորել ու գաղափարապես հարուստ լինել։ Ահա Երևանում նրա որդիներից մեկը՝ Աշոտը, որն անչափ սիրում էր հայրենի բնաշխարհը, սկսեց նկարել։ Նա հաճախեց Երևանի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, հետո՝ Գեղարվեստի ակադեմիան և դարձավ մի նկարիչ, որին այդ տարիներին շատերն էին ճանաչում և գնահատում։ Նկարիչն իր որդիներին ևս մոտեցնում էր իր գունաշխարհին, պատասխանում նրանց «ինչու»–ներին, սովորեցնում գույների շաղախն ու նրա հետ խաղը և ոգևորում, եթե այդ շաղախից ծնվում էին խորհրդավոր և նպատակային պատկերներ, պատմում է նկարչի թոռը՝  նկարիչ Վահե Գասպարյանը։

Հետաքրքիր է նաև Աշոտ Գասպարյանի ամուսնության պատմությունը։ Նրա կինը՝ Ֆլորա Գրիգորյանը, 18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկզբի հայ հասարակության տարբեր խավերի շուրջ 200 ազգային տարազի, հոգևորականների և ֆիդայինների հագուստների մանրակրկիտ պատկերազարդումների հեղինակ է, և նաև հանրահայտ դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի քույրը։ Նրանք երկուսն էլ հետաքրքիր մանկություն են ունեցել։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, հանրահայտ գեղանկարիչ Կարեն Գասպարյանը Աշոտի և Ֆլորայի որդին էր։ Կարենը պատանեկության տարիներից այլ նախասիրություններ ուներ։ Շատ էր ուզում ֆուտբոլիստ դառնալ, քանի որ նրան գրավում էր այն տարիներին հայտնի ֆուտբոլիստ Հովիվյանի խաղը։ Սակայն նկարչի ընտանիքից սերված լինելը ինքնին ճակատագրական էր տղայի համար։ Տեսնելով ծնողների զբաղմունքը՝ նա ավելի ու ավելի էր սիրում գույների ու ստվերների խաղը։ Նա դարձավ բազմաժանր նկարիչ, հետևեց ռեալիզմին, դասական արվեստի ավանդույթներին, ստեղծեց պեյզաժներ, նատյուրմորտներ, թեմատիկ-կոմպոզիցիոն, պատմական թեմաներին վերաբերող աշխատանքներ։ Բնանկարներից «Աշունը», «Շորժան», «Ավարայրը», «Ավարայրի ճակատամարտը» շատ արժեքավոր են բազմաֆիգուր հորինվածքների առումով, ինչը ոչ բոլորին է հաջողվում՝ պատմում են որդիները՝ Վահե և Հովհաննես Գասպարյանները։

Կարեն Գասպարյանի որդիներից Հովհաննեսը քանդակագործ է, իսկ Վահեն և Հովհաննեսը՝ նկարիչներ։ Հայրը չէր ցանկանում, որ որդիներն ընտրեն իր ճանապարհը, քանի որ նկարչի կարծիքով դա դժվար էր, պետք է անընդհատ լինեին որոնումների մեջ և անհաջողության դեպքում, գուցե, ընկճվեին։ Սակայն տղաները հաղթահարեցին դժվարությունները և մշտապես քայլելով հայրական պատգամի հետ, որն էր «Ամեն ինչի ավարտը պետք է հաղթական լինի», կարողացան ունենալ գերազանց արդյունքներ։

Հովհաննեսը, ավարտելով Գեղարվեստի ակադեմիան, հանդես եկավ ծավալուն ցուցադրություններով Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում և շատ այլ երկրներում ու հայ քանդակագործության գեղեցիկ նմուշներ ներկայացրեց։ Նրա «Սարդարապատի ոգին» քանդակը Շուշիի թանգարանում էր, հայտնի չէ, թե ինչ եղավ դրա ճակատագիրը։ Տարբեր երկրներում ներկայացված են նրա մոնումենտալ աշխատանքները, օրինակ՝ «Ճամփորդը», «Հրեշտակների քաղաքը»։ Հովհաննեսի համար կարևոր է, որ իր ստեղծած քանդակի հետ կարողանում են խոսել։ Դրանցով կարելի է կանխազգալ ապագան, ճամփորդի մտահոգությունը։ Թե ինչպես է նրա ձեռքում նյութը նրբանում, դառնում այդքան արտահայտիչ, գիտի միայն ինքը։ Նա նաև «Գասպարյան արտ-ստուդիայի» տնօրենն է։

Յուրահատուկ ճաշակ ունի գրաֆիկական աշխատանքներով հայտնի Վահե Գասպարյանը։ Նա ձևավորել է բազմաթիվ հայտնի գրքեր։ Օրինակ՝ 2018 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը», որտեղ հերոսի առնականությունը պատկերված է հրաշքներին բնորոշ հնարքներով, և ամեն մի նկար, ասես, մի առանձին պատում լինի, իսկ Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» գրքի աշխատանքներում Վահեն հարազատ է մնացել հին հունական աստվածների կերպարներին, բայց այնքան խոսուն, որ մտորելու տեղիք է տալիս՝ ասում է եղբայրը՝ Հովհաննեսը։

Իսկ կրտսեր եղբայրը՝ Նարեկ Գասպարյանը, նկարիչ դիզայներ է, որը շատ ժամանակակից ոճի հեղինակ է.

Գերդաստանի երիտասարդները շարունակում են խորհրդավոր արվեստի ճանապարհը՝ նոր ուղղություններով, նոր մտահղացումներով ու ըմբռնումներով, բայց դարձյալ իրենց հանրահայտ պապի պատգամներով. «Գործդ սիրի՛ր, անավարտ մի՛ թող, ասելիքդ հասցրո՛ւ մարդկանց»։

Back to top button