Գերդաստաններ

25 բժիշկ` նույն գերդաստանում. Սիմոնյաններ. «Գերդաստաններ»

1960-70-ական թվականներին Հայաստանի հիվանդանոցներում դեռ շատ քիչ էին արվում գործիքային հետազոտություններ, սակայն կային հրաշալի մասնագետներ, որոնք եզակի կլինիկական մտածողություն ունեին, որոնց ախտորոշումները, չնայած այդ սուղ պայմաններին, ճշգրիտ էին և հիվանդներին նշանակված բուժումները տալիս էին լավագույն արդյունքները։

Այդպիսի մասնագետներից էր բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արսեն Սիմոնյանը, որը նաև ղեկավարում էր Բժշկական ինստիտուտի հոսպիտալ  թերապիայի ամբիոնը։ Եվ նա նաև այն եզակի մարդկանցից էր, որը մեծ սիրով իր գերդաստանի անդամներին նախապատրաստում էր բժշկագիտության ոլորտում լավ մասնագետ դառնալուն։ Արդյունքն իրեն սպասեցնել չտվեց. այս գերդաստանում 25 բժիշկ կա։

Բժիշկ Արսեն Սիմոնյանի և՛ մայրական և՛ հայրական կողմի նախնիներից շատերը  զբաղվել են բժշկությամբ։ Նրանք ապրել են տարբեր տարածաշրջաններում՝ Թիֆլիսում, Բաքվում, Կարսում։ Հետո հանգամանքների բերումով եկել են Հայաստան։ Սիմոնյանների պատմությունը սկսենք Արսեն Սիմոնյանից, որը դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում բնական գիտությունների նկատմամբ ունեցած առանձնակի ուշադրությամբ։ Ընդունվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, հետո շարունակեց, պաշտպանեց գիտական թեզ՝ թերապիայի ուղղությամբ։ Նրա ախտորոշումներն այնքան հիմնավոր էին, որ նրա մասին խոսում էին և՛ մասնագետները, և՛ոչ մասնագետները։

Էմմա Մարտիկյանը, որը Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտի առաջին շրջանավարտներից էր, Արսեն Սիմոնյանի կինն է։ Նա մանկական վնասվածքաբանության հիմնադիրն է Հայաստանում։ Ամուսինները հաճախ էին զրուցում երեխաների հետ բժշկություինից, նոր հիվանդություններից, բուժումների նոր մեթոդներից։ Նրանց դուստրը՝ Նոնա Սիմոնյանը ևս դարձավ բժիշկ և իր խորհուրդներով հաճախ էր օգնում գերդաստանի անդամներին։

Արսեն Սիմոնյանը, որը մեզ արդեն հայտնի պրոֆեսոր Արսեն Սիմոնյանի թոռն է, եղել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժնի վարիչը։ Այդ ոլորտում նրա հմտության ու արագ կողմնորոշման մասին խոսում են բոլորը։

Թոռը՝ Ալբերտ Բազարչյանը՝ լինելով Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, գիտելիքների իր իմացությամբ զգալի ներդրում ունի շատ ծրագրեր կյանքի կոչելու՝ ոլորտում աշխատողների կրթական մակարդակի բարձրացման, առանձին հմտությունների ձեռքբերման, հիվանդությունների վաղ հայտնաբերման  գործառույթների ուղղությամբ՝ ասում է Ալբերտ Բազարչյանը։

Արսեն Սիմոնյանի ծոռը՝ մանկական վնասվածքաբան-վիրաբույժ Յուրա Սիմոնյանը,  բարձրակարգ մասնագետ դառնալու համար պարտական է նաև Նոնա Սիմոնյանին։ Հաճախ է նրա հետ զրուցում, խորհուրդներ վերցնում հիվանդների ճշգրիտ ախտորոշման ու բուժման վերաբերյալ։ Նա վերապատրաստական դասընթացների է մասնակցում տարբեր երկրներում, և նոր մեթոդներով բուժման հնարավորություններ է բացահայտում՝ չարորակ և բարորակ ոսկրային գոյացությունների բուժման ուղղությամբ։

Հաճախ են գերդաստանի անդամներն իրար գլխի հավաքվում, զրուցում, մասնագիտական հարցեր քննարկում, և ամենակարևորը, անում այնպես, որ օգտակար լինեն գերդաստանի այն երիտասարդներին, որոնք ընտրել են իրենց նախնյաց ճանապարհը։

Սիմոնյանների գերդաստանի բոլոր բժիշկներին անհնար է թվարկել, սակայն նրանց բարեխղճության և մասնագիտական հմտության մասին շատերը գիտեն։ Նրանք միշտ հավաատարիմ են մնում իրենց մեծերի սկզբունքներին։

Back to top button