ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գիտությունը «երեխա» է, որին «ծնողներ» են պետք․ «Գիտուժ» նախաձեռնությունը առաջին կոնֆերանսն էր հրավիրել

Այսօր «Գիտուժ» նախաձեռնությունն իրականացրել է իր առաջին մեծ կոնֆերանսը։ «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ․ խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով համաժողովին գիտական համայնքի ներկայացուցիչներ ու պաշտոնյաներ են մասնակցել։

Այս համայնքում վստահ են՝ ուժեղ և մրցունակ գիտատեխնոլոգիական ու նորարարական համակարգ ունենալը Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացման ու անվտանգության ապահովման առաջնահերթ գործիքիներից մեկն է։ Իսկ սրան հասնելու համար պետք է առաջնահերթ հանրահռչակել գիտությունը, իսկ հետո պետությանը օգնել ճիշտ ու նպատակային ներդրումներ անել ոլորտում։

Առաջին քայլերն անող այս «երեխան» շնչում է, պարզապես նրան թթվածին է պետք, ոտքի կանգնելու ու դժվարությունները հաղթահարելու համար։ Այդ «երեխայի» շուրջ ամեն օր «ռումբեր» են պայթում, մրցակցությունը մեծանում է, այդ «երեխան» պետության զավակն է ու նրան «ծնողներ» են պետք։ Գիտական համայնքում այսպես են նկարագրում Հայաստանում զարգացման առաջին լուրջ քայլերն անող գիտությանը։ Պնդումը մեկն է՝ գիտությանը ուշադրություն, ներդրումներ ու հոգատարություն է պետք՝ ասում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը։

«Գիտությունը դեռ ի վիճակի չէ ինքնուրույն ապրել, և եթե պետությունն ասում է՝ հասարակություն ես կապ չունեմ, դուք գնացեք ինքնուրույն մեծացրեք այդ երեխային, այդ երեխան չի մեծանա․․․ Մենք անընդհատ պետությանը դա ենք ասում․ եթե նույնիսկ մենք խորհրդային տարիներից ժառանգած գիտությունը պահպանած լինեինք, այսօր պետք է մեծ ներդրումներ անեինք դա պահպանելու համար»։

Պետության ու հասարակության ապագան գիտությունն է, և դրա զարգացման համար քայլեր պետք է ձեռնարկել անհապաղ, հենց այսօրվանից․ հենց այս նպատակն ունենալով 2021թ հիմնվեց «Գիտուժ» նախաձեռնությունը, այսօր արդեն «Գիտուժ»–ականները առաջին կոնֆերանսն են կազմակերպել․ առանցքում ունենալով գիտության ոլորտի խնդիրները ու դեպի վերածնունդ տանող ճանապարհը։ «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը հիշում է՝ երբ ստեղծում էին «Գիտուժը», ամենակարևոր նպատակը գիտությունը հանրահռչակելն էր։

«Մեր հիմնական երկու ուղղությունները նախ հանրահռչակումն է, որ ներկայացնենք, թե ինչու է կարևոր գիտությունը, տեխնոլոգիաները, ինչու են կարևոր ներդրումները։ Եվ քանի որ այդ ներդրումները կատարվում են քաղաքացիների հարկերից պետք է ցույց տալ, թե ինչու է այդ գիտությունը կարևոր հենց իրենց համար»։

Հանրահռչակման հետ կապված պրոգրեսն ակնհայտ է՝ կարծում է Շահվերդյանը։ Եթե մի քանի տարի առաջ սոցիալական մեդիայում մի քանի հրապարակումներ կային գիտությանը առնչվող, ապա այսօր արդեն դրանց թիվը՝ «Գիտուժի» հաշվարկներով, 2000-ի հասնում։ Սրան զուգահեռ շատ կարևոր է նաև պետական մոտեցումը ու գիտակցումը, որ առանց գիտության չկա ապագա՝ պնդում է «Կրիսպ» ընկերության համահիմնադիր, նախաձեռնության անդամ Արտավազդ Մինասյանը։

«Երկրորդը՝ պետք է էկոհամակարգ ու ռազմավարություն ձևավորել, և այդտեղ պետք է ներգրավված լինեն թե՛ գիտնականները, թե՛ մասնավոր սեկտորը, և այդ համակարգը ձևավորելուց հետո պետք է լինի ռազմավարությունը, որը կնախանշի, թե ինչպես ենք զարգանում ու հատկապես որ ուղղությունների վրա ենք շեշտը դնում»։

2024թ պետական բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսում է 2023-ի համեմատ 8 տոկոսով ավելացնել գիտության ոլորտին հատկացվող միջոցները՝ հասցնելով շուրջ 32.5 միլիարդ դրամի։ Գիտական համայնքը սակայն սա բավարար չի համարում ու պնդում է՝ եթե 10 տարի հետո ցանկանում ենք ունենալ կայուն, անվտանգ, զարգացած պետություն, ապա այսօրվա ներդրումները պետք է տասնապատկել։

««Գիտուժը» դա միայն տեխնոլոգիական համայնքը չէ․ մենք հասկացանք, որ միայն տեխնոլոգիական ընկերությունների ձայնը բավարար չէ լսելի դառնալու համար։ Գնացել, ծեծել ենք բոլոր դռները, և 20 ավելի բիզնես համայնքներ միացան մեզ, և որպես հարկատուներ սկսեցինք պահանջել, որ ճիշտ ներդրումներ արվի»։

«Գիտուժ»–ականները հույս ունեն որ մի օր իրենց նախաձեռնության կարիքն այլև չի լինի, բայց դրա հիմքում արդեն կայացած պետությունը ու ուշադրության կենտրոնում գտնվող գիտությունը կլինեն։ Առաջիկայում նախատեսում են նաև Հայաստանում «Գիտության շաբաթ» ծրագիրն իրականացնել ու գիտության ուժը հասցնել հասարակության բոլոր խմբերին։

Back to top button