Զարգացման մեծ ուղի անցած և գեղարվեստական խոշոր արժեքներ կերտած հայկական արվեստը բոլոր ժամանակներում խոր և հարատև հետաքրքրություն է առաջացրել ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:
Միջնադարյան ճարտարապետություն, մանրանկարչություն, հոգևոր երաժշտություն, նշանավորված մեծանուն նկարիչներ, ճարտարապետներ, կոմպոզիտորներ, թատրոնի և կինոյի գործիչներ, հայ արվեստի բազում երևույթներ, որոնք գտնելով լայն ճանաչում, ուրույն տեղ են գրավել համաշխարհային արվեստի գանձարանում:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտն ամբողջացնում և բացահայտում է հայ արվեստի պատմագեղարվեստական զարգացման պատկերը, բացահայտում այդ գործընթացն իր միասնության և բազմակերպության մեջ:
Հայ արվեստագիտության առաջատարն ու հայագիտության վաստակաշատ ու ճանաչված օջախներից մեկն է արվեստի ինստիտուտը, որն իր ակտիվ ու բեղուն գործունեությամբ հայրենական գիտությունն ու մշակույթը հարստացրել է բազմաթիվ մնայուն ու արժեքավոր գործերով, հիմնարար ու կարևոր աշխատանքներով և հետազոտություններով։ Գիտական հաստատություն, որտեղ կատարվող ուսումնասիրությունների կարևոր ուղղություններն են հայ արվեստի գրեթե բոլոր տեսակների պատմության և տեսության հիմնախնդիրները:
Զրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանի հետ: