ԿարևորՏնտեսական

Գյուղապահովագրության ծրագիրը դրական արդյունքներ է գրանցում, բայց հաշտարարի գրասենյակը ֆերմերներից բողոքներ է ստանում

Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրության ծրագիրը դրական արդյունքներ է գրանցում։ Էկոնոմիկայի նախարարության ամփոփմամբ՝ տարեցտարի ավելանում է համակարգից օգտվող գյուղացիների թիվը։ Երկու տարվա ընթացքում երկու անգամ ավելացել է ապահովագրված հողատարածքների, 80 տոկոսով՝ ապահովագրության պայմանագրերի թիվը։ Ծրագիրն էլ աստիճանաբար բարելավում է պայմանները։ Այն միտված է ֆերմերների եկամուտների կայունացմանը՝ ասում են  նախարարության ներկայացուցիչները։

Արարատի մարզի Ջրահովիտ համայնքից  ֆերմեր Կարեն  Ստեփանյանն իր 4000 մ ծիրանի այգին այս տարի ապահովագրել է կարկտահարությունից ու ցրտահարությունից։ Այս տարի համակցված ապահովագրության համար վճարել է 150.000 դրամ։ Նախորդ տարի նույն գործարքի համար ավելի քիչ՝ 130.000 դրամ էր վճարել։  Ըստ զրուցակիցս՝ այս տարի ոչ միայն թանկացել է ապահովագրավճարը, այլև բարձրացել  է չհատուցվող գումարի տոկոսը՝ 10–ից դառնալով 15 տոկոս։ Օրինակ, եթե վնասը գնահատվում է 50 տոկոս, դրանից փոխհատուցվում է  35–ը, նախորդ տարվա 40–ի փոխարեն։

«Իմ այգու ցրտահարությունը գնահատել են 48 տոկոս։ Դրանից էլ հանենք 15 տոկոսը, տակը բան չի մնում։ Բայց իմ այգին 80 տոկոսով ցրտահարվել է։ Իմ հաշվարկներով մոտ 500.000 դրամ գոնե պետք է գնահատեին, բայց գնահատել են 209.000 դրամ, ինչին դեմ եմ»։

Ֆերմեր զրուցակիցս դիմել է հաշտարարի գրասենյակ, սպասում է պատասխանի։ Դժգոհությունը միայն այս տարվա գնահատումից է։ Նախորդ տարիների տարիների արդյունքները տեսնելով է այս տարի նորից ապահովագրել այգին։ Գյուղացիները գյուղապահովագրությունից  բողոքները հիմնականում ուղղում են ֆինանսական հաշտարարի գրասենյակին։ Մեր հարցմանն ի պատասխան՝ այս կառուցից տեղեկացրին, որ 2023 թ-ին հաշտարարի գրասենյակը ստացել է գյուղապահովագրության վերաբերյալ 114 բողոք–դիմում։  Բոլորը վերաբերել են ֆինանսական համակարգին և եղել են քննության ենթակա: Միևնույն ժամանակ գյուղապահովագրության վերաբերյալ Հաշտարարին ներկայացված պահանջների թիվը կազմել է 56:

Հաշտարարի գրասենյակից նաև իրազեկում են ֆերմերներին՝ բերքի ապահովագրման դեպքում պատահարի մասին պետք է անհապաղ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը և պատահարը տեղի ունենալուց հետո 10 օրվա ընթացքում դիմում ներկայացնել։

Գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրությունը սկսել է իրականացվել 2020 թվականից։ Սկզբում ֆերմերը երկու ռիսկի դեմ երկու մշակաբույս կարող էր ապահովագրել։ Ծրագրի իրականացման աշխարհագրությունն էլ էր փոքր՝ 6 մարզ։ Այսօր պատկերն այլ է՝ 13 մշակաբույս, 4 ռիսկ Հայաստանի ամբողջ տարածքում։ Ծրագրից գոհ են նաև գյուղացիները՝ ասում է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը։ Նրա խոսքով՝ թվերը վստահության աճի մասին են խոսում։

«2020 թվականին կնքվել էր 1541 պայմանագիր, ապահովագրվել էր 2500 հա, 2021 թվականին՝ 4278 պայմանագիր, 5832 հա, 2022 թվականին՝ 5091 պայմանագիր,  6444 հա, իսկ 2023 թվականին՝ 10 հազար 192 պայմանագիր, ավելի քան 11 հազար հա։ Շուրջ 2 անգամ ավելացել է ապահովագրված մակերեսի թիվը, 80 տոկոսով աճել է պայմանագրերի թիվը»։

Այս տարի ծրագրի շուրջ 50 տոկոսը համակցված ռիսկերի ապահովագրությունն է։ Ֆերմերները մեկ մշակաբույսն ապահովագրում են մի քանի ռիսկի դեմ։ Արդեն 1.8 մլրդ դրամի փոխհատուցում է իրականացվել։ Ամենաշատ փոխհատուցումը ստացել են Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի ու Լոռու մարզերի գյուղատնտեսները։ Ըստ ոլորտը համակարգողի՝ յուրաքանչյուր տարեվերջին, ելնելով ծրագրի արդյունքներից, ծրագիրն ավելի են բարելավում։

«Սա ֆերմերների համար եկամուտների կայունացման ծրագիր է։ Եթե նախկինում տարերային աղետներ էին տեղի ունենում, փորձում էին դրամական աջակցություն ցույց տային, որը սփոփանք չէր կարող լիներ գյուղացու համար, այսօր արդեն  այս ծրագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի այն տնտեսվարողները, որոնք  տուժել են, կարողանան իրենց եկամուտները կայունացնել և հաջորդ տարի իրականացնեն գործունեություն»։

Նախարարությունը ձգտում է ընդլայնել ապահովագրման ենթակա մշակաբույսերի ցանկը։ Իսկ փոխհատուցումների գործընթացը ձգվելու է մինչև բերքահավաքի ավարտը՝ հոկտեմբեր։

Back to top button