Գերդաստաններ

«Հասկեր» ամսագրից ու «Ուզունդարայից» մինչև հայկական հինավուրց պարերի կինետոգրաֆիա․ Լիսիցյաններ․ «Գերդաստաններ»

Նա ականավոր մանկավարժ, գիտնական, պատմաբան, ազգագրագետ, հասարակական գործիչ Ստեփան Լիսիցյանն է։ Հովհովհաննես Թումանյանի  հետ կազմել է հայոց լեզվի հայտնի «Լուսաբեր» խորագրով դասագիրքը, որի գեղարվեստական մակարդակն ու փայլուն լեզուն մինչև այժմ մնում են չգերազանցված։

Ստեփան Լիսիցյանի քույրը՝ ազգագրագետ, պատմաբան, արվեստաբան, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ Սրբուհի Լիսիցյանն է։ Ազգագրագետ է նաև նրանց զարմուհին՝ ԱՄՆում բնակվող Լիլյա Վարդանյանը։

1884 թ․-ին Թիֆլիսի գիմնազիայում փայլուն կրթություն ստացած Ստեփան Լիսիցյանը մեկնում է սովորելու Օդեսայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետում և հետո կրկին վերադառնում Թիֆլիս։ Հայրը՝ Դանիելը, որը Թիֆլիսի լավագույն բժիշկներից էր, սիրում էր նաև իր ժողովրդի պատմությունն ու  ազգագրությունը և երբ որդին սկսեց ուսումնասիրել այդ ոլորտները, նա ամենևին չտխրեց, որ նա չի շարունակում իր մասնագիտությունը՝ բժշկությունը, այլ ընդհակառակը, խրախուսեց նրան և աջակցեց, ինչպես կարող էր։

Ստեփան Լիսիցյանը 1912թ․-ին հիմնում է «Նվեր մանուկներին» ընկերությունը, որի նպատակն էր ստեղծել մանկական գրքեր, խաղեր, մանկավարժական աշխատություններ։

Դրանք ստեղծվեցին և շուտով նվաճեցին  մանուկների աշխարհը։ 1913թ․-ին Լիսիցյանը դառնում է «Հասկեր» ամսագրի պաշտոնական խմբագիրը, որը, ըստ էության, առաջին իսկական մանկական ամսագիրն էր։ Լիսիցյանը մեծ դեր ունեցավ մանկավարժության ոլորտում։ Շուրջ 60  տարի գործեց այստեղ, կազմեց մայրենի լեզվի դասագրքեր, որոնք մինչ այսօր չեն զիջում իրենց գրագիտությամբ և հետաքրքրությամբ, ասում է ազգագրագետ Նարինե Շամամյանը։

Լիսիցյանը կարողանում էր գրավել լսարանը, ունկնդիրները նրան հիացմունքով լսում էին։ Նա ուսանողների մեջ ներարկում էր հայրենասիրություն, սեր դեպի մարդը։ Շատ  հետաքրքրական էր նրա «Ազգագրական հարցարան»-ը, որը լույս տեսավ 1946թ․-ին, ուներ շատ հետաքրքիր բաժիններ՝ կենցաղ, նյութական մշակույթ, հավատալիքներ, տոներ, լեզու և գիր, սովորեցնում էր, թե ինչպես պետք է հավաքել  ազգագրական նյութերը։

Գիտնականի «Զանգեզուրի հայերը» բացառիկ աշխատություն է, այս տարածաշրջանի կենցաղի և սովորույթների՝ նիստուկացի, պարերի, երգերի, հագուստների ու խոհանոցի մասին։ Գիտնականին վերաբերող շատ նամակներ գտնվում են գիտնականի արխիվում և դեռ ուսումնասիրության կարիք ունեն։

Ստեփան Լիսիցյանի դուստրը հայտնի ազգագրագետ, արվեստաբան, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհյի Լիսիցյանն է։ Նա մանկուց շփվել է Թիֆլիսի մշակութային կյանքին, չէ՞ որ ծնողները հրատարակում էին «Հասկերը», «Տարազը», համագործակցում էին հայտնի գրողների, նկարիչների և այլ արվեստագետների հետ։

Աջից ձախ՝ Նազելի Լիսիցյան,
Սրբուհի Լիսիցյան,
Էմմա Պետրոսյան

Նա ռուս և ռոմանական գրականության մասնագիտությամբ ավարտում է Գերիեի անվան օրիորդաց բարձրագույն դասընթացները, Չերնեցկայայի պարարվեստի ստուդիան։ Իսկ 1930թ․-ին նա հաստատվում է Երևանում, և նրա ջանքերի շնորհիվ բացվում է ասմունքի, ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի ուսումնարանը և նույն թվականին էլ հիմնում է պարարվեստի ուսումնարանը։

Չմոռանանք նաև, որ Լիսիցյանը գեղարվեստական մարմնամարզության հիմնադիրն է Անդրկովկասում։ Նա գիտարշավների ընթացքում գրանցել է շատ ժողովրդական պարեր, հավաքել ազգագրական նյութեր, գրել է «Նարինե» բալետը։

Այս հետաքրքիր հայուհին բազմաթիվ հոդվածների, պարերի բեմադրությունների, թարգմանությունների հեղինակ է, որոնք կօգնեն ապագա սերունդներին իրենց ուսումնասիրություններում։

1940թ․-ին Մոսկվայում հրատարակվում է նրա «Շարժման գրառումը» կինետոգրաֆիա աշխատությունը, որը հնարավորություն տվեց հեշտությամբ վերլուծելու շարժումը՝ ամբողջությամբ և առանձին տարբերակներով, ասում է «Լիսիցյան»  կենտրոնի ղեկավար Սյուզի Մարգարյանը։

Սրբուհի Լիսիցյանի Թիֆլիսի
Պարարվեստի ուսումնարանի պաստառը

Մի շարք ծիսակարգերի մասին Սրբուհի Լիսիցյանի մանրակրկիտ  հետազոտություններն այսօր ուսումնասիրման փուլում են։ Ազգագրագետ Քնարիկ  Ներսիսյանը նշում է, որ դրանք մեծ դժվարությամբ են գտնվել և հասել  ուսումնասիրողներին։

Սրբուհի Լիսիցյանի զարմուհին՝ Լիլյա Վարդանյանը, դարձյալ ազգագրագետ է, ապրում է ԱՄՆ-ում։ Սրբուհի Լիսիցյանի ավանդը զգալի է և անչափ կարևոր հայ մշակույթի պատմության մեջ։ Նա կապրի երկար, որքան մեր ազգային հեզաճկուն պարը։

Back to top button