Հատուկ նախագիծ

Իմ սիրած հայերեն երգն «օրիմ-օրիմն» է. իրանցի Արշիա Ֆիրուզի երևանյան կյանքը․ «Հատուկ նախագիծ»

Իրանցի 24-ամյա կոմպոզիտոր և անգլերենի ուսուցիչ Արշիա Ֆիրուզ անունը տեսա ֆեյսբուքում, երբ հերթական գովազդին հանդիպեցի: «Դասավանդում եմ անգլերեն» արտահայտությունը դժվար թե գրավիչ լիներ, եթե այն գրված լիներ անգլերենով: Բայց երբ տեսա, որ գովազդի նկարագրությունը հայերեն է ակնհայտորեն ոչ հայ օգտատիրոջ կողմից, միանգամից գրեցի նրան:

Երիտասարդը Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի շրջանավարտ է, սովորել է նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հետո կիսատ թողել ուսումը, իսկ հիմա անգլերեն է դասավանդում, որը նրա իմացած լեզուներից միայն մեկն է՝ պարսկերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Արշիայի հետ հանդիպեցինք քաղաքի կենտրոնում: Մեր անգլերեն զրույցը հանկարծ ընդհատվեց մաքուր, անուշ հայերենով, որ շատ նման էր արևմտահայերենի: Ես էլ կատակեցի թե՝ այ Արշիա, դու հո նախկին կյանքում սփյուռքահայ չես եղել: Գանգուր, երկար ծամերով տղան նայեց ինձ ու համեստորեն խոստովանեց, որ թեև հայերեն խոսում է, բայց այն չի համարում բարձր մակարդակի: Լուրջ թեմաներն ամեն դեպքում կամ պարսկերեն, կամ անգլերեն է քննարկում, իսկ իմ իմացած միակ պարսկերեն արտահայտությունը ման թորա դուզ դարամն էր, որ նշանակում է ես քեզ սիրում եմ, և մի քանի մրգերի անուններ, որ չգիտեմ էլ որտեղ էի լսել ու մտապահել:

Back to top button