ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է փոխել զբոսաշրջային ակտիվությունը գյումրեցու կյանքում

Հայաստանի մարզական ու մշակութային կենտրոն Գյումրին վերջին տարիներին դարձել է նաև ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Ներքին տուրիզմը Գյումրիում ակտիվացավ դեպի Արցախ և Սյունիք զբոսաշրջային ուղղությունների կրճատման հաշվին։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում  Գյումրիում ազատ հյուրանոց ու վարձով բնակարան գտնելն ընդհանրապես դժվարացավ։ Ինչպե՞ս է փոխել գյումրեցիների կյանքն այս զբոսաշրջային ակտիվությունը։

Քաղաքի պատմական միջուկի փողոցները, թանգարաններն ու սրճարանները լեփ-լեցուն են հատկապես շաբաթ և կիրակի օրերին։ Գյումրիի համայնքապատկան 5 թանգարաններից յուրաքանչյուրը 2022թ.-ին 10 000-14 000 այցելու է ընդունել։ Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ցուցանիշները ոգևորիչ է համարում։

«2022 թ-ի մուտքավճարների իմաստով շատ ոգևորիչ և տպավորիչ պատկեր ունենք, որովհետև նախատեսված էր, որ 2022 թ -ին բոլոր 5 թանգարանները միասին համայնքային բյուջե մուտք էին անելու մոտ 13 մլն  դրամ, բայց այս պահին այդ ցուցանիշը կրկնապատիկն է՝ 26 մլն դրամ։ Այս ցուցանիշների մեջ մեծ տեսակարար կշիռ ունի կառավարության հետ իրականացվող աբոնեմենտային համակարգը։ Շնորհիվ այդ ծրագրի հազարավոր դպրոցականներ են գալիս թանգարաններ և այդ գումարը թանգարանները ստանում են պետությունից»։

Գյումրիի համայնքապետարան մուտքագրված հավելյալ 13 մլն դրամը կծառայի թանգարանների ավելի արդյունավետ գործունեությանն ու մշակութային ծրագրերի իրականացանը։

Գյումրիի կենտրոնական հատվածում զբոսաշրջային տեսանելի աշխուժությունը, սակայն, ոչնչով չի նպաստել միջին վիճակագրական գյումրեցու կենսակերպի բարելավմանը՝ ասում է տնտեսագիության թեկնածու, դոցենտ Արթուր Մկրտչյանը։

«Բերում են աշակերտներին, դպրոցականներին, ովքեր գալիս են իրենց բուտերբրոտներով, շրջում քաղաքում, թանգարաններում ու երեկոյան հետ վերադառնում»։

Քաղաքացին շահույթ չի ստացել, բնակիչների կենսամակրդակը չի բարձրացել, ընդհակառակը՝ ծախսերը մեծացել են։ Շահույթ ստացել  են ընդամենը մի քանի հյուրանոց ու ռեստորան՝ ասում Արթուր Մկրտչյանը․

«5 հյուրանոց, եթե ծանրաբեռնված է աշխատել՝ ծանրաբեռնված թե թերծանրաբեռնված, աշխատողների նույն թիվն է պահել, լուրջ աշխատատեղեր էլ չի ստեղծել։ Բայց թանկացել է սնունդը, սպասարկման վճարներն հյուրանոցներում ու ռեստորաններում։ Եթե նախկինում քաղաքացին մեկ սուրճի ու թխվածքի համար սրճարանում պետք է վճարեր 1000 դրամ, հիմա 2000 է»։

Տնտեսագետը, տուրիզմով զարգացած երկրների փորձը մեջբերելով, ասում է, որ երկիրը զարգանում է տուրիստին սեփական արտադրանքը վաճառելով, այլ ոչ թե հյուրանոցների սպասարկման վճարները թանկացնելով։

«Այստեղ եկող տուրիստը Գյումրիից ոչինչ չի տանում, որ Գյումրիի արդյունաբերությունը առաջընթաց ունենա, մենք էլ դրանով զարգանանք։ Եթե նայենք, ծիծաղելի թվեր են Եգիպտոսի հյուրանոցների գները, Հայաստանի հետ համեմատած կես գին են։ Ամեն ինչ ներառած փաթեթ են վաճառում էժան գներով, որպեսզի տուրիստը ապրանք գնի, արդյունաբերություն զարգացնի»։

Այն կարծիքը, որ Գյումրիում զբոսաշրջային բումը չի նպաստել քաղաքի կենսամակարդակի բարձրացմանը, չի կիսում «Մեղր ու բույս» սրճարանի սեփականատեր Արտուշ Եղիազարյանը, որը տարիներ առաջ հարազատ քաղաքի շենացմանն իր լուման ունենալու երազանքով Շվեյցարիայից եկավ Հայաստան։ Գործարարի կարծիքով՝ Գյումրիի զարգացումը, ենթակառուցվածքների առումով, զգալի հետ է մնացել զբոսաշրջության զարգացման տեմպից, ինչի հետևանքով շատ անհարմարություններ են ստեղծվում և՛ զբոսաշրջիկների, և՛ տեղաբնակների համար։ Այստեղ շատ անելիքներ ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ ասում է Եղիազարյանը։

«Եթե այստեղ զբոսաշրջության տեմպերն արագորեն աճում են, ուրեմն դու պիտի ադապտանաս, քաղաքը դարձնես ավելի հարմարավետ։ Եթե ավելի հարմարավետ դառնա քաղաքը, ապա այն կազդի հասարակ գյումրեցու կյանքի որակի վրա։ Նույնիսկ, եթե գյումրեցու գրպանը անմիջապես գումար չի մտնի, բայց նա կապրի ավելի հարմարավետ քաղաքում»։

Ըստ Արտուշ Եղիազարյանի, Գյումրիի բնակիչների մեծ մասը, որը չի առնչվում սպասարկման ոլորտին, կենսամակարդակի բարելավում չի նկատում, այլ դժգոհում է թանկացումներից ու պարտքերի հաստ ցուցակներից։

«Թոշակառուի ու սովորական աշխատողի կյանքում ոչ մի բան էլ չի փոխվել»։

Գյումրեցիներից շատերն ասում են, որ իրենք հանդիսատեսի նման են հետևում քաղաքի զբոսաշրջային անցուդարձին և որ իրենց առօրյայում դարձյալ նույն խնդիրներն են ու օրվա հացը վաստակելու մտահոգությունը։ 

Back to top button