ԿարևորՀասարակություն

«Խմբապետ Շավարշը»․ Եղիշե Չարենց․ բեմադրությունը և ձայնը՝ Արամ Սուքիասյանի

Պատմությունը ականատեսի խոսք ու զրույցով, հետագայում ասքապատմամբ ու լեգենդներով մեզ է փոխանցում կերպարների, որոնք գրականության մեջ վերածվում են գրական հերոսի, սակայն, նրանց հերոսի ու չհերոսի հակասական տեսակը շարունակ վիճահարույց է մնում: Ցանկացած խոշոր անհատականություն իր կերպով բազմաշերտ է, վարքով՝ հետարքիր, դրսևորմամբ՝ անկանխատեսելի, ուստի քննարկման նյութ է ժամանակակիցների ու սերունդների համար: Չարենցի Շավարշը նրանցից է:

Սովետական շրջանում գրականագիտության մեջ ծաղրելի մաուզերիստ մեկնաբանվածը միարժեք վերաբերմունքի չարժանացավ. կար լռակյաց այլակարծություն, սակայն, պրոպագանդայի միջոցներով մատուցվում էր ժամանակի թելադրանքը, և խելագար հարբեցողի կերպարն էր հաճախ հառնում մեր առաջ:

Խառնակ ժամանակների խայտառակ մեկ գիշերն ու մեկ լուսաբացը չարենցյան գործում ներկայացնում են էպոխան իր բարքերով, վարքագծով, տխուր ու անսփոփ դրամատիզմով: Շավարշի մտորումները, հիշողությունները, պոռթկումն ու վեճը ուղեկցվում է գնահատականներով՝ ցեղակիցներին , շտաբին, մինիստրներին… աշխարհին:

Երբեք պիես չգրած Չարենցի բազմաթիվ երկերում առկա է ահռելի դրամատուրգիա․ դրանք ենթակա են թատերականացված մոտեցման՝ առնվազն մոնոներկայացման ձևաչափով:

Փորձ է արված Չարենցի շքեղ, կոնտրաստային ծայրահեղ լիցքեր, տեմպ ու ռիթմ ունեցող այս պոեմը ներկայացնել ասմունքի ընդունված ձևաչափից դուրս, ուր որոշակի չէ՝ խորհողը, արտահայտվողը Շավա՞րշն է, թե՞ ինքը՝ Չարենցը:

Արամ Սուքիասյան

Back to top button