Բնական ընտրություն

Բվերն ու կատուները՝ ձայնամեկուսիչ համակարգերի կենդանի օրինակներ․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Գիշատչի անձայն թռիչքն ու տեխնոլոգիաները»

2015 թվականին Քեմբրիջի համալսարանի գիտնականներին հաջողվեց էականորեն նվազեցնել ռոտորի պտտական շարժումով աշխատող տուրբին շարժչի արձակած ձայնը։ Այս փորձարկումը հաջողվեց բվերի շնորհիվ։ Գիտնականները զուգահեռաբար ուսումնասիրում էին բվերին, որոնց թռիչքի ժամանակ գրեթե ձայն չի արձակվում։ Պարզվում է՝ գաղտնիքը փետուրների մեջ է․ փետուրներն առաձգական են ու ճկուն և թույլ չեն տալիս թևերին շփում ունենալ օդի հետ։ Այդպիսով, ձայնի արձակումը լսելի տիրույթում հավասարվում է նվազագույնի։ Փետուրի նման արհեստական նյութը տեղադրվել է տուրբինի շառավղով, և շարժիչի ձայնն արդյունքում նվազել է 30 դեցիբելով։ Կարճ ոտքեր, զարգացած մագիլներ, փոքր մարմին․ գիշատիչ այս թռչունները՝ բվերը, կենդանի ձայնամեկուսիչներ են․ ի՞նչ է ձայնամեկուսացումը, զրուցակիցս ֆիզիկոս Լիլիթ Եգանյանն է․

«Ձայնը խոսելու կամ շարժման ընթացքում առաջացած ալիքներն են, որոնք լսելի են մարդու համար կամ որոշակի տիրույթներում լսելի չեն։ Այսինքն, եթե մենք խոսում ենք, ձայնը օրինակ մի սենյակից անցնում է մյուս սենյակ, այսինքն ալիքները տարածվում են, բայց կան ձայնամեկուսիչ սարքեր կամ մեթոդներ տվյալ սենյակում ձայնամեկուսացում ապահովելու համար»,-ասում է Լիլիթ Եգանյանը։  

Բվերը կենդանի ձայնամեկուսիչ համակարգեր են ոչ միայն փետուրների հատուկ կառուցվածքի, այլ մարմնի քաշի և թևերի լայնության համադրության շնորհիվ։ Չէ որ օդում կան բազմաթիվ այլ թռչուններ, որոնց թռիչքը բոլորովին էլ անձայն չէ․ Լիլիթ Եգանյան․

«Բնության մեջ անալոգիան ձայնամեկուսացման շատ հետաքրքրիր է։ Օրինակ բուերի մոտ շատ ուժեղ է այդ մեխանիզմը։ Ինչպես է ստացվում, որ եթե աղավնին է թռնում կամ անգամ արծիվն է թռնում, ձայն կա, իրականում համակարգն է այստեղ կարևոր, եթե կա մեծ մարմին ու փոքր թևեր, շատ թափահարումներ են պետք, արդյունքում ձայն է  առաջանում, սա աղավնիների դեպքում, արծիվների դեպքում թե մամինն է մեծ, թե թևերը և արդյունքը նույնն է, իսկ բուերի դեպքում ունենք փոքր մարմին և մեծ թևեր։ Սրա արդյունքում գրեթե ձայն չի արձակվում։ Այսպիսի համակարգեր մարդիկ ներդրել են տեխնոլոգիաներում և հիմնականում հետախուզական սարքեր են ստեղծվել այս մեխանիզմով»,- ասում է Լիլիթ Եգանյանը։

Ձայնամեկուսիչ համակարգերը ոչ միայն բնության մեջ են ու տեխնոլոգիաներում, այլև 21-րդ դարում կիրառություն ունեն նաև թվային իրականության մեջ, որտեղ ոչ պակաս կարևոր է անձայն միջավայր ապահովելը, ինչպես իրական կյանքում։ Ընդ որում թվային իրականության մեջ նման մեծ ձեռքբերում ապահովել է հենց հայկական ընկերություններից մեկը՝ KRISP-ը, որի շնորհիվ հնարավոր է հեռացնել աղմուկը, եթե խոսում եք օրինակ ZOOM-ի կամ SKYP-ի միջոցով։ 2000–ից ավելի համաշխարհային բիզնեսներ օգտագործում են Krisp-ը։ Դրանց մեջ կան շատ հայտնի ամերիկյան ընկերություններ, միլիոնից ավելի օգտատեր աշխարհից և մի քանի հազարը՝ Հայաստանից։

Գլուխ 2

«Ձայնամեկուսացումը՝ կատուներին բնորոշ հատկանիշ»

Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով և չափվում է դեցիբելով ու տատանումների հաճախությամբ։ Այն  արտահայտվում է հերցով։ Անձայն, անաղմուկ միջավայր ստանալու համար օգտագործում են հատուկ սարքեր, իսկ օրինակ կատուների դեպքում՝ կենդանի այդ սարքերն ի ծնե թաթիկների վրա են։ Անձայն շարժվելու ունակությունը իր կատվի մոտ վաղուց նկատել է Անի Մարտիրոսյանը․

«Ինտելեկտուալ են այս առումով, երբ պատրաստվում են մոտենալ, անձայն են ու անգամ գիշերը մութ տեղում բարձր տեղից երբ թռնում են, ձայն չկա, ես իհարկե կենսաբան չեմ, բայց փաստ է, որ կատուն կարողանում է կողմնորոշվել և լինել անձայն»,-ասում է Անի Մարտիրոսյանը։

Կատուներն իսկապես լիովին անձայն կարող են վայրէջք կատարել տարբեր բարձրություններից և անգամ մթության մեջ։ Կատուների հավասարակշռության համար պատասխանատու է լավ զարգացած վեստիբուլյար ապարատը, որ տեղակայված է ներքին ականջում։ Կատուները կարող են անվախորեն շարժվել պատուհանագոգերով, ցանկապատերի ու ծառերի ճյուղերի վրայով։ Ընկնելիս նրանք ռեֆլեքսորեն օդում ընդունում են այն դիրքը, որ անհրաժեշտ է թաթերի վրա վայրէջք կատարելու համար։ Այդ ժամանակ կայունարարի դեր է կատարում շարժուն պոչը։ Լրացուցիչ նախապահպանական միջոց է ծառայում թաթերի ռեֆլեքսային տարածումը կողքերին, ինչի շնորհիվ կատվի մարմնի մակերեսը մեծանում է, և գործում է «պարաշյուտի էֆեկտը»։ Երեք մետրից մեծ բարձրությունից ընկնելիս` կատուն ուղղում է մարմինն ու վայրէջք կատարում թաթերի վրա։ Բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանին լսենք․

«Թաթերի բարձիկների շերտի հաստությունը բավարար է մարմնի քաշը պահելու համար։ Դա է պատճառը, որ բարձր տեղից ցատկելիս հավասարաչափ է մարմնի կշիռը բաշխվում, իսկ  օդի շփումը բարձիկների հետ թույլ է տալիս կրկին անաղմուկ համակարգ ստանալ»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Պարզվում է՝ կատուների այս անձայն տեղաշարժման համակարգը ներդրվել է ռազմական տեխնոլոգիաներում, հատկապես՝ զրահամեքենաների արտադրության մեջ։ Ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը մանրամասնում է․

«Թաթի կառուցվածքն է կարևոր կատուների դեպքում և ճանկերի հետ համադրումը, որովհետև դա թույլ է տալիս չխրվել հողի մեջ  և արագ լինել ու մոտենալ անաղմուկ օրինակ զոհին, սա էլ թաթիկների բարձիկների վրա է, այս մեխանիզմը ևս ռազմական նպատակներով է կիրառվել, զրահամեքենաների ցեպերի դեպքում, հաղթահարել փափուկ հողերը և մոտենալ անաղմուկ և անալոգիան լրիվ նույնն է այս դեպքում էլ»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Back to top button