ԿարևորՄշակույթ

Սևանի «բնապատմական անձնագիրը»․ Հայաստանի ամենամեծ մարզի փոքրիկ թանգարանը

Սևան քաղաքի միակ թանգարանի տեղում տասնամյակներ առաջ Սևանա լիճն է եղել, հետո լճի մակարդակն իջել է, 1996-ին բացվել է Սևան Ազգային պարկի «Այցելուների կենտրոն»-ը, թեպետ թանգարանի նմուշները սկսել են հավաքագրվել դեռ Ազգային պարկի ստեղծման տարիներից՝ 1978 թվականից սկսած։ Սևան ազգային պարկի տեղեկատվության մասնագետ Թամարա Կիրակոսյանը ներկայացնում է թանգարանի «Ձկնաշխարհ» բաժնի ամենահին ցուցանմուշը․

«Ամենահին ցուցանմուշը Սևանի իշխանն է, որը 1970-ական թվականներին է հանվել Սևանա լճից, այն 10 տարեկան է, 95 սմ երկարություն ունի և 16 կգ է կշռում։ Էնդեմիկ տեսակ է, կարմիր գրքում է գրանցված ու ինչպես տեսնում եք, այդ տեսքն է ունեցել, նույն կերպ չորացրել ենք, զմռսել»,-ասում է Թամարա Կիրակոսյանը։

Թանգարանի համեմատաբար նոր բնակիչները էնդեմիկ տեսակի թռչուններն են․ մասնավորապես՝ հայկական որորը։ Սևան ազգային պարկի «Այցելուների կենտրոն»-ի վարիչ Էմմա Քոչարյանի խոսքով՝ ընդհանուր թանգարանի ամենահին ցուցանմուշները երկրագիտական բաժնում են․

«Ք․Ա․3-1 հազարամյակի գտածոներ են ցուցադրված թանգարանում, որոնք Լճաշենի պեղումների ընթացքում են գտնվել և մեր թանգարանում են հիմա»,-ասում է Էմմա Քոչարյանը։

Սևան քաղաքի այս փոքրիկ թանգարանում կա ընդամենը մեկ ցուցասրահ, որտեղ միաժամանակ ցուցադրվում է մոտ 1200 ցուցանմուշ։ Թանգարանում անցակցվում են սեմինարներ, միջոցառումներ, դասեր․ ուսուցիչներն աշակերտների հետ են գալիս այստեղ՝ աշխարհագրության, կենսաբանության, պատմության դասեր անցկացնելու։ Բայց այցելուների պակաս էլ չունեն․ փոքրիկ, բայց հարուստ այս թանգարանն ունենում է տարեկան 3-5 հզ․ այցելու։ Թանգարանում նախատեսված միջոցառումները Թամարա Կիրակոսյանն է ներկայացնում․

«Առաջիկայում տարբեր ծրագրեր ունենք, կոնկրետ սեպտեմբերին 2 միջոցառում ենք ծրագրել, առաջինը՝ «Սևանա լիճը կտավներում», իսկ երկրորդը՝ բնության արհավիրքնների թեմայով։ Վերջին շրջանում հաճախ ենք լսում ու հանդիպում բնության արհավիրքներին և որոշեցինք ավելի իրազեկել հասարակությանը, սեմինար-քննարկումներ ենք անցկացնելու Հայաստանի աշխարհագրական դիրքի, կլիմայական պայմանների, արհավիրքների, դրանցից պաշտպանվելու մասին՝ շեշտը դնելով Գեղարքունիքի մարզի վրա»,-ասում է Թամարա Կիրակոսյանը։

Համավարակի սահմանափակումների օրերին թանգարանը գործել է առցանց։ «Այցելուների կենտրոն»-ի վարիչ Էմմա Քոչարյանն ասում է՝ կապի մեջ են եղել այցելուների հետ, կազմակերպել են օնլայն քննարկումներ, վիկտորինաներ՝  մնալով  աշակերտների տեղեկատվության վստահելի աղբյուրը։ Էմմա Քոչարյան․

«Բնապատմական այս թանգարանը «Սևան» ազգային պարկի անձնագիրն է, թեպետ այն ավելի ուշ է ստեղծվել, բայց նմուշները «Սևան» ազգային պարկի ստեղծման առաջին իսկ օրերից են հավաքվել»,-ասում է Էմմա Քոչարյանը։

Ցուցանմուշները շատ բազմազան են․ սկսած Գեղարքունիքի մարզին բնորոշ բացառիկ միջատներից մինչև մարդկային գանգեր։ Թամարա Կիրակոսյանը պատմում է․

«Ջրի մակարդակի իջեցման հետևանքով այսօր մեզ մոտ մարդկային գանգեր էլ են ցուցադրվում, որոնք ժամանակին խեղդված մարդկանց բրածոներ են, խեղդվել են ջրի մակարդակի շեշտակի բարձրացման պատճառով։ Մեզ մոտ նաև եղջերուների մնացորդներ, եղջյուրներ կան։ Դրանք ևս կամ խեղդվել են, կամ կլիմայի պատճառով չեն կարողացել գոյատևել։ Եղջերու մեզ մոտ մինչև 1948 թվականն է եղել, հետո այլևս մեր մարզում եղջերու չի հանդիպել»,-ասում է Թամարա Կիրակոսյանը։

«Սևան» ազգային պարկի «Այցելուների կենտրոն»-ը ձգտում է համալրման և կատարելագործման, -ասում է Թամարա Կիրակոսյանը։ Թանգարանը նախընտրելի վայր է նաև արտասահմանցի այցելուների համար՝  «Ոչ ոք չի ուզում բաց թողնել մեզ մոտ լինելու հնարավորությունը»,- հպարտանում են թանգարանի աշխատակիցները։

Back to top button