Վաղը լրանում է ԱԺ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու համար Սահմանադրությամբ նախատեսված յոթնօրյա ժամկետը: Սա խորհրդարանի արձակում տանող ճանապարհի առաջին փուլն է:
Որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, անհարժեշտ է, որ երկու անգամ անընդմեջ խորհրդարանը վարչապետ չընտրի: Թեկնածուներ չառաջադրելու հարցում քաղաքական համաձայնություն կարծես թե կա, այն, սակայն, չի լուծում իրավական վեճը:
Սահմանադրության պահանջը կատարելու նպատակով հնարավոր է մի իրավիճակ, երբ վարչապետի թեկնածու առաջադրվի Նիկոլ Փաշինյանը, բայց՝ չընտրվելու կանխավարկածով:
Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելու առումով անակնկալներ մատուցել չի պատրաստվում. Հանրապետակյան պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննսիյանի հավաստիացումն է՝ ինչպես խոստացել են, այնպխես էլ կվարվեն:
«Հանրապետական խմբակցությունն այս տեսանկյունից չի պատրաստվում անակնկալ մատուցել. ինչպես խոստացել է՝ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու»:
Քաղաքական համաձայնությունը, սակայն, չի լուծում իրավական վեճը: ԱԺ փոխնախագահն ասում է՝ մասնագիտական 2 մոտեցումներից յուրաքանչյուրն էլ ունի իր հիմնավորումը: Արփինե Հովհաննիսյանը, սակայն, չի շտապում ասել, թե ինքը որ մեկնաբանության կողմնակիցն է:
Կառավարության մասնագետները պետք է եզրակացության հանգեն Սահմանադրության 149-րդ հոդվածի երկու մեկնաբանությունների հարցում: Հենց այս հոդվածի գործարկմամբ է հնարավոր լինելու Ազգային ժողովի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հոդվածի 2-րդ կետով է սահմանվում, թե ինչ է լինում վարչապետի հրաժարականից հետո: Նշվում է, որ յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները վարչապետի թեկնածուներ են առաջադրում, եթե վարչապետ չի ընտրվում, սկսվում է երկրոդ շրջափուլը:
Հոդվածը 3-րդ կետում նշվում է, որ վարչապետի նոր ընտրությունն անցկացվում է առաջին քվեարկությունից 7 օր անց: Խնդիրը ծագում է հենց այս կետում. իրավաբանների մի մասը կարծում է, որ եթե Սահմանադրության մեջ նշված է քվեակությունը եզրույթը, ապա անհրաժեշտ է, որ քվեարակություն կազմակերպվի, թեկուզ ձևական: Հենց այդ մոտեցումը հաշվի առնելով , մի քանի օր առաջ «Ելք» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չէր բացառել իր ֆորմալ առաջադրումն առաջին փուլում, ամենայն հավանականությամբ՝ «Ելք»-ի կողմից, չընտրվելու կանխավարկածով:
Այս հայտարարությունից մեկ օր անց անց Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ այս հարցում դեռ վերջնական ճշգրտում չկա. իրավաբանները քննարկում են խնդիրը: Նրա տպավորությամբ, սակայն, ավելի ծանրակշիռ են այն թևի հիմնավորումները , որն առաջադրման անհրաժեշտությունը առաջնահերթ չի համարում:
Առաջիններից մեկն այն մասին, որ սահմանադրական նորմը պահանջում է թեկնածու առաջադրել ոu քվերակություն կազմակերպել, խոսել էր Փաստաբանների պալատի նախագահը: Արա Զոհրաբյանը Ռադիոլուրի հետ զրույցում պնդել էր, որ առանց առաջին փուլում վարչապետի թեկնածուի առաջադրելու քվեարկության, երկրորդ փուլ կազմակերպելն իրավական առումով վիճահարույց է:
«Առանց առաջին փուլում թեկնածուի առաջադրման, քվեարկության և չընտրվելու փաստի արձանագրման՝ երկրորդ փուլը չի կարող սկսվել, քանի որ 7-օրյա ժամկետի սկիզբը դրված է քվեարկության պահից»:
Փաստաբանների պալատի նախագահի այս մեկնաբանությանը համաձայն չէ սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Որպես հակափաստարկ նշում է, որ Ազգային ժողովի խմբակցություններն ոչ թե պարտավոր են, այլ իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածուներ:
«Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե պարտավոր են առաջադրել, այլ իրավունք ունեն: Սա նշանակում է, որ առաջադրում չանելու տարբեակ ևս Սահմանադրությունն առաջարկում է : Բացի դրանից ՝ ԱԺ կանոնակարգի համաձայն նիստի համար պատգամավորների գրանցվելը միայն բավարար է որոշում կայացնելու համար»:
Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցում դեռ վերջնական որոշում չունեն: Ժամանակ դեռ ունենք՝ ասաց Նազարյանը: Կողմնորոշվելու ժամկետը մինչև վաղը ժամը 18-ն է: Ըստ ԱԺ կանոնակարգի ՝ խմբակցություններն այդքան ժամանակ ունեն վարչապետի թեկնածու առաջադերլու համար, իսկ ժամկետի լրանալուց հետո հաջորդ օրը վարչապետի ընտրության հարցի քննարկումն է: Կանոնակարգն ասում է՝ եթե այդ օրը ԱԺ հերթական նիստեր չեն անցկացվում, իրավունքի ուժով ԱԺ հատուկ նիստ է հրավիրվում: