Օգտվել էլեկտրոնային ստորագրությունից, ֆայլերը պահել ապահով վայրում. մասնագետների խորհուրդները


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր աշխարհում կան մի քանի հիմնական՝Սիմանտեք, Նորտըն և Կասպերսկի ընկերություններ, որոնք զբաղվում են համակարգչային անվտանգության ծրագրային խնդիրներով։ Հիմնականում համակարգչային բոլոր հակավիռուսային ծրագրերը գրվում են Արեւմուտքի երկրներում, միակ բացառությունը «Կասպերսկի լաբորատորիան» է, որը գործում է Ռուսաստանում։
Այն շատ սերտ կապեր ունի ռուսական իրավապահների հետ, որի պատճառով լաբորատորիայի հիմնադիր Կասպերսկին ճանաչվել է աշխարհում 8-րդ ամենավտանգավոր անձնավորությունը:
Կասպերսկու վերջին հայտարարության համաձայն` Հայաստանը վիրուսային վտանգի տեսակետից գտնվում է 3-րդ տեղում: 2007 թվականից աշխարհի մի շարք երկրների պետական մարմինների համակարգիչները վարակվեցին ինտերնետային հատուկ գերբարդ վիրուսային ծրագրով։ Այն հափշտակում է տարբեր կազմակերպությունների էլեկտրոնային նամակները:
Մինչ այժմ չեն գտել, թե որտեղ է պահպանվում այդ հավաքված ինֆորմացիան: Մասնագետները հերքում են, թե լրտեսական խմբերը հարձակվել են Հայաստանի կառավարության և ԱԳՆ կայքերի վրա:
Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրերի տեղադրման վրա և տեղադրել տարբեր երկրների արտադրանքներ, ասում է «Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։
Նա խորհուրդ է տալի, որ նրանք, ովքեր ուղարկում են նամակներ, լավ կլինի օգտագործեն էլեկտրոնային ստորագրություն` ավելացնելով, որ այսօր մեծ քանակությամբ ծրագրային փաթեթեներ կան, որոնք թույլ են տալիս անվճար տեղադրել նշված ծրագիրը:
Համակարգչային միջադեպերի անվտանգության և արձագանքման թիմի մասնագետ Կարեն Գասպարյանն էլ խորհուրդ է տալիս հույսը չդնել միայն հակավիրուսային ծրագրի վրա: Բոլոր սեփական ֆայլերը պետք է պահել ապահով վայրում: