Ինչպես հաղթահարել դեռահասության դեպրեսիան

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Մասնագետները դեռահասությանը շրջանը ճգնաժամային են համարել, իսկ անցումային այդ տարիքը առանց լուրջ հետևանքների ու դեպրեսիաների հաղթահարելու հարցում կարևորել ընտանիքի, ծնողների դերը:
Փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ քաջալերման փոխարեն դեռահասները հանդիպում են ծնողների կողմից չհասկացվածության խնդրին, ասում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Չհասկացվածությունը դեռահասների մոտ ներքին կոնֆլիկտ է առաջացնում, արդյունքում` նաև դեպրեսիա:
Ներքին կոնֆլիկտի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև ինֆորմացիայի ավելցուկը, մասնավորապես` սեռական կյանքի մասին: Ինչպես հայտնի է, այս տարիքին բնորոշ է ընդգծված հետաքրքրվածությունը սեռական կյանքի նկատմամբ: Ինֆորմացիայի պակասը ինտերնետի, լրատվամիջոցների օգնությամբ լրացնելու փորձերը դեռահասներին կանգնեցնում են խնդիրների առաջ։
Սեքսոպաթոլոգի կարծիքով` այստեղ լուրջ անելիքներ ունեն ծնողները: Չպետք է սպասել, մինչև երեխաները հարցեր տան, այլ պետք է զրուցել նրանց հետ, ադեկվատ վերաբերվել երեխաների մոտ նկատվող ֆիզիոլոգիական ու սեռական վարքագծի փոփոխություններին ու նրանց էլ բացատրել, որ դրանք օրինաչափ են:
Սեքսոպաթոլոգի դիտարկակամբ` ավագ սերնդի շատ ներկայացուցիչները ճիշտ պատկերացումներ չունեն սեռադաստիարակության մասին: Արդյունքում` ընտանիքները լռում են՝ հույսը դնելով դպրոցների վրա: Դպրոցներում այդ գործառույթն իրականացնում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները, իսկ արդյունքում` սեռադաստիարակության գործն իրենց վրա են վերցնում փողոցն ու ինտերնետը: