Դատարանի բարեկամի ինստիտուտը Հայաստանում


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Մինչև 2008 թվականը Հայաստանի Սահմանադրական դատարանը չէր քննարկում դատական գործընթացի կողմ չհանդիսացող անձի, այսինքն` երրորդ կողմի ներկայացրած դիմումը, ներպետական և միջազգային դատավարություններում երրորդ կողմի մասնակցությանը` amicus curiae- ին նվիրված քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Amicus curiae իրավաբանական եզրույթ է, նշանակում է «դատարանի բարեկամ», վերաբերվում է գործին առնչություն չունեցող երրորդ կողմին, որն էլ իրավական արժեքավոր տեղեկատվություն է տրամադրում դատարանին, ասենք՝ օրենքի վիճահարույց դրույթի կամ դատական գործի այլ ասպեկտների վերաբերյալ` նպատակ ունելով աջակցել դատարանին որոշում կայացնելու գործում, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գործը այն մարդկանց վրա, որոնք դրա կողմ չեն հանդիսանում:
Իրականում երրորդ կողմի մասնակցությունը, ըստ Գագիկ Հարությունյանի, նպաստում է իրական հակակշռի ձևավորմանը, որն էլ կարող է դատական իշխանության ոլորտում լուրջ բեկում մտցնել:
Երրորդ կողմի կարծիք ներկայացնելու հարցում փորձում է կայանալ Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր 2010-ից ձևավորված Գիտա-վերլուծական կենտրոնը, ասաց կենտրոնի համակարգող, փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը:
2010-ին կենտրոնը երեք եզրակացություն է ներկայացնել, 2011-ին պատրաստել է 31, 2012-ին` 13 եզրակացություն: Երկու միջամտության, բայց անհաջող փորձ, կենտրոնն ունի միջպետական ատյաններում, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մուրդյանն ընդդեմ Հայաստանի, Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործերով: Ի դեպ՝ երրորդ կողմի միջամտությունը դատական գործընթացին Եվրոպական դատարանը թույլատրել է 1979 թվականից սկսած, ինստիտուտը հստակ իրավական ձևակերպում է ստացել 80-ականների սկզբին:
Շատ երկրների դատական համակարգերում ընդունված այս պրակտիկան մեծապես նպաստել է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության և դատական գործընթացների ավելի թափանցիկ անցկացմանը, նկատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների գծով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը: