
«Հայսմավուրք»-ը, որը միշտ ընթերցվում է եկեղեցական բուն արարողությունից հետո և դարեր շարունակ եղել է հավատի պատմության ու ուսուցման միջոց, բազմաթիվ հետաքրքիր պատմություններ է պարունակում հանուն հավատի մարտիրոսված ու սրբացած կանանց մասին։
Կանայք առանձնապես խոցելի են եղել բոլոր առումներով, քանի որ սա արդեն շատ վաղուց «տղամարդկանց աշխարհ» է։
Ինչպես պատմում է Մատենադարանի կրտսեր գիտաշխատող Նոննա Սարգսյանը, հանուն հավատի կանայք զոհվում էին թե՛ հավատափոխ լինելու կեղծ մեղադրանքներով, և թե՛ այլադավանի հետ ամուսնությունը մերժելու պատճառով։
Դրդապատճառները բազմաթիվ էին, բայց ամենահետաքրքիրն այն է, որ հանուն հավատի զոհված թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ չէին տրտնջում, քանի որ վստահ էին, որ հայտնվելու են Քրիստոսի մոտ և սրբացվելու են։ Անգամ համարվում էր, որ մահապատժի ենթարկված մարտիրոսի արյունն ու մասունքները սուրբ են և բուժիչ։
«Հայսմավուրքում» նկարագրվում է մի դեպք, երբ մահապատժին ներկա մի կին իր վարշամակն այնպես է պահում, որ նահատակի արյան և ոչ մի կաթիլ գետնին չթափվի, և այն հավաքելով՝ տանում է իր հետ։ «Հայսմավուրքն» այսօր էլ շարունակում է ընթերցվել՝ հիշեցնելով հանուն հավատի մարտիրոսվածների մասին։




