
Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի պատրաստվում վերանայել երկաթուղու կառավարման վերաբերյալ իր որդեգրած մոտեցումները։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայկական երկաթուղու» շուրջ ստեղծված զարգացումներին։
Վարչապետի խոսքով՝ արդեն իսկ մեկնարկել են Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման գործընթացները, և այդ աշխատանքները հաստատակամորեն հասցվելու են ավարտին։
«Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով։ Մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ինչպես կարող են միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան և, Հայաստան մտնելով՝ էլի շրջանցել Հայաստանը։ Չի կարող այդպիսի բան լինել»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը սեփական ուժերով վերանորոգում իրականացնելու համար իր ձեռքը կվերցնի երկաթուղու կառավարումը՝ Փաշինյանը շեշտել է, որ ենթակառուցվածքը հանդիսանում է պետական սեփականություն:
«Եկեք արձանագրենք, որ դա մեր երկաթուղին է։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք։ Մանրամասները չեմ կարող ասել, որովհետև այդ հարցերը պետք է լուծենք իրավական կոնսուլտացիաների և աշխատանքային քննարկումների արդյունքում։ Բայց մի բան կարող եմ ասել՝ բոլոր գործընթացներում «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը ներգրավված է և տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում»,- նշել է նա։




