
Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնանում է առավելապես ցամաքային շոգերի, անտառային հրդեհների կամ ջրհեղեղների վրա, գիտնականներն ահազանգում են՝ ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում օվկիանոսներում։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ վերջին շաբաթներին համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը կրկին հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները։ Ի՞նչ է նշանակում այս փոփոխությունը, ինչո՞ւ է այն անհանգստացնում գիտնականներին, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ամբողջ մոլորակի համար։
Համաշխարհային օվկիանոսը կրկին հայտնվել է կլիմայական քննարկումների կենտրոնում։ Եվրոպական «Կոպեռնիկուս» կլիմայական ծառայության վերջին տվյալները, որոնց հղում են անում Guardian-ը, AFP-ն և այլ միջազգային լրատվամիջոցներ, ցույց են տալիս, որ այս տարվա հունիսին օվկիանոսների մակերևութային միջին ջերմաստիճանը հասել է 20,85°C-ի՝ նախորդ հունիսյան ռեկորդը գերազանցելով 0,14°C-ով։ 1991–2020 թվականների միջին ցուցանիշից դա բարձր է մոտ 0,5°C-ով։ Գիտնականները նշում են, որ ռեկորդը գերազանցել է նույնիսկ 2023 և 2024 թվականների արդեն իսկ աննախադեպ բարձր ցուցանիշները։
Փորձագետները հիշեցնում են, որ օվկիանոսները պարզապես ջրային տարածքներ չեն։ Դրանք կլանում են մարդու գործունեության հետևանքով մթնոլորտում կուտակվող ավելորդ ջերմության ավելի քան 90 տոկոսը և այդպիսով որոշ ժամանակով մեղմում գլոբալ տաքացման ազդեցությունը։ Սակայն երբ հենց օվկիանոսներն են սկսում կուտակել չափազանց մեծ քանակությամբ ջերմություն, դրա հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում՝ եղանակից մինչև կենսաբազմազանություն։
«Մենք կարող ենք մտնել իսկապես չուսումնասիրված տարածք, եթե այս միտումը շարունակվի։ Մենք դեռ ամբողջությամբ չենք հասկանում, թե որքան արագ կարձագանքի կլիմայական համակարգը նման ծայրահեղ պայմաններին, սակայն ակնհայտ է, որ յուրաքանչյուր նոր ռեկորդ մեծացնում է ռիսկերը մարդկանց և էկոհամակարգերի համար»։
Այսպես է իրավիճակը գնահատել եվրոպական «Կոպեռնիկուս» կլիմայական ծառայության տնօրեն Կառլո Բուոնտեմպոն։ Նրա խոսքերը մեջբերելով՝ Guardian-ը գրում է, որ նման փոփոխությունը կարող է նշանակել կլիմայական նոր և ավելի վտանգավոր փուլ։
Գիտնականների մտահոգությունը պայմանավորված է նաև նրանով, որ համաշխարհային օվկիանոսի տաքացումը համընկնում է Էլ Նինյո կլիմայական երևույթի նոր ակտիվացման հետ։ Այդ բնական գործընթացը սովորաբար բարձրացնում է Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածի ջերմաստիճանը, սակայն եթե այն սկսվում է արդեն իսկ գերտաքացած օվկիանոսների պայմաններում, ապա կարող է ավելի ուժեղացնել ծայրահեղ եղանակային երևույթները։ Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայական ռազմավարության ղեկավար Սամանթա Բերջեսինի հետևյալ գնահատականն է հրապարակել է AFP-ն․
«Ընդամենը օրերի հարց է, և մենք կարող ենք կրկին վերադառնալ օվկիանոսի մակերևույթի ռեկորդային ջերմաստիճանների։ Եթե այժմյան միտումները պահպանվեն, ապա առաջիկա շաբաթներին աշխարհի բազմաթիվ ծովային շրջաններում ջերմային անոմալիաները կարող են է՛լ ավելի խորանալ»։
Փորձագետներն ընդգծում են, որ տաքացող օվկիանոսները միայն ջերմաստիճանի ցուցանիշ չեն։ Ջերմաստիճանի ավելացումը մեծացնում է ավելի հզոր փոթորիկների, առատ տեղումների, ջրհեղեղների, ծովի մակարդակի բարձրացման, սառցադաշտերի արագ հալման և ծովային էկոհամակարգերի խաթարման վտանգը։ Առաջին հերթին տուժում են մարջանային խութերը, ձկնային պաշարները և ափամերձ բնակավայրերը, որոնց տնտեսությունը կախված է ծովից։ Conversation-ը և մի շարք միջազգային լրատվամիջոցներ հրապարակել են կլիմայագետ Դիլոն Ամայայի նախազգուշացումը։ Մեջբերում.
«Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանն արդեն մոտ է ռեկորդային արժեքներին, և Էլ Նինյոյի հարուցած ծովային ջերմային ալիքները կարող են բազմաթիվ զգայուն ձկնորսական շրջաններ հասցնել ճգնաժամաի»։
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ նույնիսկ համեմատաբար փոքր, բայց երկարատև տաքացումը կարող է հանգեցնել ծովային կենդանական պաշարների զգալի կրճատման։ Nature Ecology & Evolution ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ծովի հատակի նույնիսկ 0,1 աստիճան տաքացումը մեկ տասնամյակի ընթացքում կարող է էապես նվազեցնել ձկնային կենսազանգվածը։ Guardian-ն այսպիսի դիտարկում է նաև առանձնացրել.
«Օվկիանոսները կլանում են Երկրի կլիմայական համակարգում կուտակվող ավելորդ ջերմության մոտ 90 տոկոսը։ Հենց այդ պատճառով դրանց ջերմաստիճանի նույնիսկ փոքր, բայց կայուն աճը գիտնականների համար համարվում է գլոբալ կլիմայական փոփոխությունների ամենակարևոր նախազգուշացնող ազդակներից մեկը»։
Ընդգծվում է, որ օվկիանոսների ջերմաստիճանը համարվում է գլոբալ կլիմայական փոփոխությունների ամենազգայուն և ամենահուսալի ցուցիչներից մեկը։ Այսպիսով, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները եզրահանգում են, որ միջազգային գիտական հանրության հիմնական ուղերձը հստակ է. օվկիանոսների հերթական ռեկորդային տաքացումը պարզապես վիճակագրական փաստ չէ։ Այն նախազգուշացում է, որ կլիմայական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն արագանում են, իսկ դրանց հետևանքներն ավելի ու ավելի են ազդելու մարդկանց առօրյայի, տնտեսության, պարենային անվտանգության և բնական միջավայրի վրա։ Գիտնականների համոզմամբ՝ առաջիկա ամիսները ցույց կտան՝ արդյոք աշխարհը կանգնած է հերթական ժամանակավոր ռեկորդի, թե արդեն նոր կլիմայական իրողության շեմին։
+ + +




