ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Ուժգին հարվածներ Կիևին․ Ուկրաինայի մայրաքաղաքում կան զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանը ավելի քան 70 հրթիռ և մոտ 500 անօդաչու սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Հարվածների թիրախում հիմնականում Կիևն է եղել։ Տեղեկություններ կան զոհերի ու բազմաթիվ վիրավորների մասին։ Հուլիսի 3-ը Ուկրաինայի մայրաքաղաքում սգո օր է հայտարարվել։

Ռուսաստանի կողմից Կիևին և Ուկրաինայի մյուս քաղաքներին հասցված հարվածներից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը մտադիր է Մոսկվայի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու առաջարկ ներկայացնել։ Խոսքը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցող լրացուցիչ կազմակերպությունների և ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին է, գրում է DW-ն։

Ռուսական զանգվածային հարվածներից Ուկրաինայում 13 մարդ սպանվել, 50-ը վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն մանրամասներ է հայտնել ռուսական հարվածների հետևանքների մասին․

«Գիշերը թշնամին զանգվածային հարձակում սկսեց Ուկրաինայի քաղաքների վրա։ Ամենաուժեղ հարվածները հասցվեցին մայրաքաղաք Կիևին։ Այս պահին զոհվել է 13 մարդ, իսկ ավելի քան 40-ը վիրավորվել են։ Մենք այժմ Նովոդարնիցկա փողոցում ենք, որտեղ հրթիռը հարվածել է 9–հարկանի բնակելի շենքին։ Այսօր անօդաչու սարքերի ու հրթիռների նմանատիպ մոտ 20 հարված է գրանցվել։ Քսան բնակելի շենք լրջորեն վնասվել ու մասամբ ավերվել է։ Հարյուրավոր տներ նույնպես վնասվել են պայթյունի ալիքից և ընկնող բեկորներից»։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի ուշ հայտարարեց, որ հարվածել են բացառապես ռազմավարական օբեկտների․

«Այսօր՝ առավոտյան, գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցեց Ռուսաստանի զինված ուժերի՝ Կիևի և այլ վայրերի դեմ ձեռնարկած զանգվածային պատասխան հարվածի արդյունքների մասին։ Իհարկե, դրանք բացառապես ուղղված էին ռազմական կամ ռազմականի հետ կապված թիրախների դեմ դեմ»։

Կիևի բնակչիչները մինչդեռ պատմում են, թե ինչպես են հրթիռակոծվել իրենց տները։ Դա երևում է նաև համացանցում հրապարակվող կադրերում․

«Ի՞նչ հույզեր կարող են լինել․ սարսափելի։ Ես ուզում եմ մեռնել և ոչինչ կամ ոչ մեկին չտեսնել։ Այդ սենյակի պատուհանները, այստեղի պատուհանները կոտրված են։ Վարագույրները, ամեն ինչ պոկվել են, ամեն ինչ, խոհանոցում՝ նույնպես։ Ամեն ինչ, հասկանո՞ւմ եք»։

«Դա տեղի ունեցավ առավոտյան ժամը 3-ից 4-ի սահմաններում: Շենքը սկսեց ուժեղ ցնցվել, նույնիսկ կայանատեղիում ուժեղ ցնցում զգացվեց, որին հաջորդեց պայթյունը: Անմիջապես պարզ դարձավ, թե ինչ է կատարվել մոտակայքում»:

Ուկրաինական կողմից ևս հարվածներ են եղել։ Կստովո քաղաքում, ականատեսների վկայությամբ, թիրախում «Լուկօյլ» նավթավերամշակման խոշորագույն գործարանն է եղել։ Վերջին շրջանում ուկրաինացիները հարվածում են առավելապես ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Որպես հետևանք՝ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամ է սկսվել։ Մի քանի օր առաջ ՌԴ կառավարությունը թույլատրեց անգամ «Եվրո 2» բենզինի արտադրությունը, որն արգելված էր 2013 թվականից, քանի որ ցածրորակ է:

New York Times-ը, ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնին հղումով, հաղորդում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում երկու կողմերի զոհերի ու վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Նրանց մեծ մասը՝ մոտ 1,5 միլիոնը, ռուսական կողմի զոհերն ու վիրավորներն են։

Կարդացեք նաև

Back to top button