
Եվրամիությունը մտադիր է ազատականացնելու հայաստանյան արտահանումների 80 տոկոսը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Խոսքը, ըստ պաշտոնյայի, ԵՄ շուկա արտահանելիս հայկական արտադրանքի համար լրացուցիչ պայմաններ ստեղծելու մասին է։ Երբ այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ Բրյուսելը նման արտոնություն է կիրառում, ասել է վարչապետը։ Ֆոն դեր Լայենը ասուլիսի սկզբում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին համապետական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և կարևորել այդ հաղթանակը ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց՝ գյուղմթերքի արտահանման համար Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 մլն եվրո ֆինանսավորում՝ ընդգծելով, որ այդ գումարը հունիսի սկզբին խոստացված 52 մլն եվրոյի օժանդակության վերջին մասն է։ Բացի դրանից՝ Եվրամիությունը մտադիր է ազատականացնելու հայաստանյան արտահանումների 80 տոկոսը՝ մանրամասնեց ֆոն դեր Լայենը․
«Մենք, այսպես կոչված, Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) առաջարկ ենք ներկայացնում: Սա նշանակում է, որ կազատականացվի արտահանումների մոտ 80 տոկոսը դեպի Եվրամիություն։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքը, որն այժմ մեծապես ապավինում է ռուսական շուկային, և այն ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ»։
Առևտրի արտոնյալ պայմաններով՝ Եվրոպան դուռ կբացի Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 99 տոկոսի համար՝ ասաց Եվրահանձնաժողովի նախագահը։ Թե երբ կհաստատվեն այդ պայմանները, չհստակեցրեց։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նման որոշման համար, միաժամանակ ընդգծեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանում արդեն սկսվել է բերքահավաքի շրջանը, և հնարավորինս սեղմ ժամկետում է պետք հասնել նպատակին․
«Այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը»։
Հուլիսի կեսին եվրոպացի փորձագետները Հայաստան կգան՝ աշխատելու հայ արտադրողների և արտահանողների հետ։ Վերջիններս կվերապատրաստվեն և կօգտվեն այն բոլոր հնարավորություններից, որ ունեն Եվրամիության գործընկերները։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը վերջին անգամ երկու ամիս առաջ էր եղել Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Եկել եմ ասելու, որ կարող եք հույս դնել մեզ վրա՝ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանի մերձեցմամբ նաև Հարավային Կովկասն է մոտենում Եվրոպային։ Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսական հնարավոր նոր ճնշումներին՝ ֆոն դեր Լայենը հայտարարեց՝ ԵՄ-ն կոնկրետ ու առարկայական քայլերով ցույց կտա, որ Հայաստանի կողքին է, այդ թվում՝ էներգակիրների դիվերսիֆիկացման առումով․
«Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակում աշխատելու։ Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով և մեծ փորձ ենք կուտակել։ Ինքներս Եվրոպական Միությունում բախվել ենք դրա տարրերին։ Մենք հարուստ փորձ ենք կուտակել նաև այն հարցում, թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը որոշ երկրներ։ Միաժամանակ մենք ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ` էլեկտրական հոսանքի փոխկապակցության նոր երթուղիներ բացելով և ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցեր ունենալով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, Եվրահանձնաժողովի նախագահի այցից ժամեր առաջ էր խոսել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Ըստ տարածված հաղորդագրության՝ նրանք քննարկել են Հայաստան-ՌԴ գործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին: Փաշինյանը մանրամասնեց՝ իր նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը և ծրագրում է առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ ունենալ ռուս գործընկերների հետ․
«Մենք, ինչպես հայտարարել ենք, երբեք չենք դրել, չունենք և չենք դնի խնդիր՝ ճգնաժամ ստեղծելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակում, և, բնականաբար, մեր որևէ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից, որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը»։
Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմամբ՝ Հայաստանը զարգացնում է ժողովրդավարական ինստիտուտները, բարեփոխում է արդարադատության, կառավարման, թվային տեխնոլոգիաների և այլ ոլորտները՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով, որ եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն կառուցելը շարունակում է լինել կառավարության առաջնահերթություններից մեկը․
«Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ-֊որ պատճառով, ասենք, Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին»։
Փաշինյանն ու ֆոն դեր Լայենը չշրջանցեցին նաև վիզաների ազատականացման թեման։ Վերջինս հայտարարեց՝ աշնանը Եվրամիության առաքելությունը Հայաստան կգա՝ գնահատելու ընթացիկ իրավիճակն ու արված աշխատանքը, ընդգծեց, որ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որի հետ ԵՄ-ն այժմ վարում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած քաղաքացիները քվեարկել են նաև 2029-ին վիզաների ազատականացված համակարգ ունենալու համար․ սա կառավարության ամենակարևոր հանձնառություններից է, և ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը։




