
Հեռացող խորհրդարանը գումարել է իր վերջին արտահերթ նիստը, որի նախաձեռնողն ու օրակարգը ձևավորողը կառավարությունն է։ Օրակարգային 44 նախագծերից 29-ը երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր էին։ Սակայն կային նաև հարցեր, որոնց համար սահմանվել էր քննարկման հատուկ ընթացակարգ՝ 24-ժամյա ռեժիմ։ Հատուկ ընթացակարգով քննարկվող հարցերից մեկն էլ վերաբերում էր ընտրողների համար բնակության ցենզ սահմանելուն։ Թեև նախագծի հեղինակները պատգամավորներն էին, կառավարությունը որոշել էր այդ հարցն ընդգրկել իր նախաձեռնությունների օրակարգում։
8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը պատմությանը «հանձնելուց» առաջ որոշում կայացվեց վերջին արտահերթ նիստում ընդունել մի շարք առանցքային օրենքներ։ Դրանցից մեկն առնչվում է հատկապես վերջին ընտրությունների ժամանակ աղմուկ բարձրացրած, այսպես կոչված, «ընտրական տուրիզմի» երևույթին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության չորս կին պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ընտրողի համար սահմանվում է բնակության ցենզ՝ քվեարկելու իրավունքի իրացման համար։ Այս նպատակով փոփոխություններ են կատարվում երկու սահմանադրական օրենքներում՝ Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում։ Նախաձեռնության հեղինակ, հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանն ընդգծում է քաղաքացու և պետության միջև փոխադարձ կապի կարևորությունը։
«Նախագծի հիմնական նպատակն է, որ այն անձինք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում, և որոնց կենսական շահերը բացառապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ունենան ընտրելու իրավունք և հետագայում նաև կրեն իրենց ընտրած իշխանության որոշումների հետևանքները»։
Նախագծով առաջարկվում է Հայաստանում սահմանել ընտրական նոր ցենզ, ըստ որի՝ քաղաքացին ընտրություններին մասնակցելու համար ոչ միայն պետք է լինի 18 տարեկան, այլև նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնված լինի առնվազն 366 օր։ Որոշ դեպքերի համար բացառություններ են սահմանվում։ Հեղինակներն ընդգծում են, որ հաշվի են առել միջազգային փորձը՝ վկայակոչելով նմանատիպ կարգավորումները Իռլանդիայում, Դանիայում և Կիպրոսում։
«Ես համարում եմ, որ մեզ նման երկրների համար, որոնք ունեն մեծ սփյուռք, հաշվի առնելով վերջին ընտրություններին արձանագրված նախադեպը, կարող է ստեղծվել բավականին վտանգավոր իրավիճակ, երբ մարդիկ, փաստացի չապրելով Հայաստանի Հանրապետությունում, կարող են որոշել իմ, ձեր ու մեր երեխաների ապագան»։
Ընդդիմադիր ուժերը սա համարում են քաղաքացու հիմնարար իրավունքի սահմանափակում, իսկ նման կարգավորումը՝ արտերկրում գտնվող մասնագետներին և մարզիկներին քվեարկելու իրավունքից զրկել։ Ընդդիմությունը խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը հակասահմանադրական է որակում և քաղաքացիների տարբերակում տեսնում։«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյան և Արթուր Խաչատրյանը։
Արծվիկ Մինասյան. «Ներկայացված նախագծով, որն առերևույթ ունի հակասահմանադրական հստակ ուղղվածություն, փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված և որևէ սահմանափակման ոչ ենթակա այս իրավունքը։ Ակնհայտորեն անտեսված են նաև Հայաստանի օրենսդրությամբ պահանջվող մի շարք ընթացակարգեր»։
Արթուր Խաչատրյան. «Ո՞վ ասաց, որ սա հանրային պահանջ է։ Այսինքն՝ եթե մի քանի հոգի պատրաստված հարցերով գալիս են և սկսում են շրջանառել այդ գաղափարը, բացել «Օվերտոնի պատուհանը», դա նշանակո՞ւմ է, որ կա հանրային պահանջ։ Կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները խորհրդարան են բերվում հապշտապ՝ առանց պատշաճ հանրային քննարկման, առանց բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները լսելու»։
Ընդդիմադիրները պնդում են, որ այս հարցի վերաբերյալ չկա Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ Ի պատասխան քննադատության՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, հայտարարեց, որ նախագծում օրենքներին, Սահմանադրությանը կամ ընթացակարգերին հակասող որևէ դրույթ չկա։
«Ուզում եմ փաստել, որ նախագծի վերաբերյալ կառավարությունն ունի սկզբունքային դրական դիրքորոշում և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ ներկայացված առաջարկներն ընդունելու և դրանց հիման վրա խմբագրված տարբերակը ներկայացնելու համար»։
Նախարարի խոսքով՝ մինչև երկրորդ ընթերցումը հեղինակների հետ դեռ քննարկելու հարցեր կան, սակայն շատ ժամանակ չկա։ Որոշ նախագծերի համար սահմանվել է 24-ժամյա քննարկման հատուկ ընթացակարգ, այսինքն՝ նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունվի 24 ժամվա ընթացքում։
Ընդդիմության մեղադրանքներին, թե նախագիծը խորհրդարանի օրակարգ է բերվել առանց հանրային քննարկման, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը արձագանքեց՝ օրենսդրական փոփոխության գաղափարը հասունացել է դեռ փետրվարին, երբ մամուլը գրեց, որ մի քաղաքական ուժ Ռուսաստանից քաղաքացիներ է այսպես ասենք «բերում» Հայաստան՝ ընտրելու համար։
«Մամուլում այդ տեղեկությունների հրապարակումից հետո մի հսկայական բանակ… Ես կարող եմ ուղղակի ձեզ փոխանցել նամակները, որ ինքներդ տեսնեք, թե քանի քաղաքացի է ինձ ասել՝ ինչո՞ւ ես պետք է այստեղ ապրեմ, հարկեր տամ, իմ որդին այստեղ ծառայի, իսկ իմ փոխարեն որոշում կայացնի մարդ, որը Հայաստանի հետ ընդհանրապես որևէ կապ չունի, չի էլ ցանկանում վերադառնալ, երբեմն պարզապես ամռանը գալիս է որպես զբոսաշրջիկ։ Ինչո՞ւ։ Ընդ որում՝ այդ հարցը տալիս էին անգամ մեզ չընտրած քաղաքացիները, նույնիսկ՝ ձեզ ընտրողները»։
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նշում են, որ քարոզարշավի ընթացքում ընտրողները ևս անմիջական շփումներում խոսել են այդ մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բարոյական կողմից զատ ընդգծում է նաև անվտանգության բաղադրիչը։
«Մինչև այսօր հրապարակվող ձայնագրությունները, Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործերը և մի շարք այլ փաստեր մեզ ապացուցում են, որ փորձեր են արվել տարբեր մեթոդներով ազդել ընտրական գործընթացների վրա և ամենատարբեր եղանակներով՝ այդ թվում «ընտրական տուրիզմի» միջոցով, զավթել իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա մենք պայքարում ենք նման փորձերը կանխելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն կողմ է այս նախագծին, այլև կանգնած է ՀՀ պետականության կողքին և անելու է ամեն ինչ, որպեսզի պետական անվտանգությանը որևէ սպառնալիք չլինի»։
Կառավարությունը դեմ է, որ առաջարկվող կարգավորումներում կիրառվի «սահմանափակում» եզրույթը։ Նախարար Արփինե Սարգսյանը հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրական դաշտում արդեն կան կարգավորումներ, որոնք բնակության փաստի հետ կապում են որոշ իրավունքներ կամ իրավական հնարավորություններ, ուստի, կառավարության գնահատմամբ, առաջարկվող փոփոխությունը նոր սկզբունք չի սահմանում։




