
Հայաստանի պատմության թանգարանում, Ճապոնիայի դեսպանության հովանու ներքո, բացվել է «Յակիշիմե․ երկրային կերպարանափոխություններ» խորագրով ցուցահանդեսը։
Ինչպես պատմում է դեսպանության մշակութային բաժնի ներկայացուցիչ Լուսինե Ղանդիլյանը, յակիշիմեի մշակույթն ի հայտ է եկել և Ճապոնիայում տարածվել 12-րդ դարում։
Սա յուրատեսակ ճապոնական խեցեղեն է, որը թրծվում է շատ բարձր ջերմաստիճանում և չի պատվում ջնարակով։ Այսօր ևս Ճապոնիայում կիրառվում է այս խեցեգործությունը, որը մեծ տեղ է գրավում հատկապես թեյի արարողությունների ժամանակ։

Դրա հիմքում ընկած է ճապոնական «վաբի-սաբի» գեղագիտական գաղափարը, որն է՝ ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես կա, քանի որ աշխարհում ամեն ինչ չէ, որ պետք է կատարյալ լինի։
Ցուցահանդեսում ներկայացված է 80 ցուցանմուշ՝ ինչպես հնագույն նմուշներ, այնպես էլ «Կենդանի գանձ» տիտղոսը կրող վարպետների աշխատանքներ։ Այս պատվավոր տիտղոսին արժանանում են դարավոր ավանդույթները պահպանող և դրանք սերունդներին փոխանցող վարպետները։




