ԿարևորՔաղաքական

Թուրքիան դատապարտում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այն որակելով որպես քաղաքական որոշում, հաղորդում է The Times of Israel-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Իսրայելի կառավարությունն այդ որոշմամբ փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Գազայում իր գործողություններից։

«Իսրայելի կառավարությունը, որը համաշխարհային հանրության աչքի առաջ համակարգված կերպով հալածում է պաղեստինցի ժողովրդին և Միջազգային դատարանում մեղադրվում է Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու համար, փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում ընդունելով»,– ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ Անկարան շարունակելու է պայքարել տարածաշրջանում Իսրայելի՝ իր բնորոշմամբ «էքսպանսիոնիստական և ապակայունացնող քաղաքականության» դեմ։

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրան հաջորդած Գազայի պատերազմից հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս խստորեն քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին։ Որոշումը դեռ պետք է ներկայացվի Քնեսեթի հաստատմանը։

Կարդացեք նաև

Back to top button