
Ճամփորդության արժանահավատ նպատակներ ու հիմնավորված փաստաթղթեր, բավարար ֆինանսական միջոցների իրական ապացույցներ, հիմնավորումներ Հայաստան վերադառնալու մտադրության մասին․ սրանք այն հիմնական պահանջներն են, որոնք ճիշտ կատարելու դեպքում հնարավորինս կնվազի շենգեն վիզա ստանալու մերժման հավանականությունը։ Փորձագետները Եվրոպական միության անդամ երկրների վիզա ստանալու համար Հայաստանի քաղաքացիներին հորդորում են ճամփորդությունը նախապես պլանավորել և բավարար ժամանակ ունենալ բոլոր փաստաթղթերը հավաքելու և ներկայացնելու համար։ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակը շենգենյան վիզաներ ստանալու ուղեցույց է հրապարակել Հայաստանի քաղաքացիների համար։
Բյուջետային կամ լոուքոսթեր ավիաընկերությունների՝ Հայաստանում գործունեության ակտիվացմանը զուգահեռ ավելացել է դեպի ԵՄ երկրներ մեկնող քաղաքացիների թիվը։ Մատչելի տոմսերը լավ հնարավորություն են Եվրոպան բացահայտելու համար։ Բայց Հայաստանի քաղաքացիները այլ խնդիր ունեն՝ ինչպես ստանալ շենգեն վիզա, պահպանել ժամկետները և այլն։
Հայաստանը ԵՄ-ի անդամ չէ և ներառված չէ շենգեն գոտու երկրների ցանկում։ Վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, ուստի ՀՀ անձնագիր ունեցողները պարտավոր են շենգենյան վիզա ստանալ մինչև մեկնումը, եթե իհարկե, չունեն ճամփորդական այնպիսի փաստաթուղթ, որը թույլ է տալիս գործել առանց վիզայի, ինչպես օրինակ շենգենյան որևէ երկրում կացության կարգավիճակն է։ Կա ընդհանուր կանոն․ այցելուն կարող է շենեգնյան գոտու ողջ տարածքում գտնվել առավելագույնը 90 օր՝ ցանկացած 180 օրվա ընթացքում։
Եվրոստատի տվյալներով 163 երկրների շարքում Հայաստանը շենգեն վիզա ստանալու դիմումատուների թվով 26-րդն է։ 2024 թվականին ներկայացվել է 100 հազար 352 դիմում։ Մերժումների ցուցանիշը 2022-2024 թվականներին պահպանվել է գրեթե նույն մակարդակում՝ 12.8%՝ 2022-ին, 13.2%՝ 2023-ին և 12.3%՝ 2024 թվականին։ Այդ միտումը շարունակվել է նաև անցյալ տարի, սակայն առկա տվյալները դեռ մինչև օգոստոս ամսվան են վերաբերում։ Ըստ այդմ՝ ներկայացվել է ավելի քան 87,000 դիմում, իսկ մերժումների ցուցանիշը կազմել է մի փոքր ավելի քան 12%։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանն ընդգծում է․
«Ասեմ, որ մերժումների դեպքերը կանխելի են։ Դրանք հիմնականում կապված են ոչ լիարժեք, թերի դիմումների, փաստաթղթերում ներկայացվող տեղեկություններում կատարված անճշտությունների, ոչ տրամաբանական կամ կասկածներ առաջացնող տվյալների հետ»։
Դեսպանատներում և հյուպատոսական ծառայություններում, օրինակ, կասկածելի է հյուրանոցի ամրագրումը, որը չեղարկվում է հարցազրույցից անմիջապես հետ։ Ֆինանսական շարժի մասին քաղվածքներում գումարի մեկանգամյա մուտքն ու շատ արագ ելքը նույնպես կարող է մերժման պատճառ դառնալ՝ ասում է փորձագետը։
«Պատճառներից մեկը, որը բերում է ոչ պարտադիր մերժման, բայց կարող է բերել վիզայի ուսումնասիրման, քննման գործընթացի ձգձգմանը, այսպես կոչված visa shopping-ն է, երբ դիմողը դիմում է ոչ թե այն երկրի դեսպանատուն կամ հյուպատոսական ծառայություն, որտեղ պետք է մեկնի, այլ այնտեղ, որտեղ ավելի հեշտ կարող է վիզա ստանալ։ Այս դեպքում դա կամ կբերի կամ մերժման, կամ կբերի ավելի երկար քննման»։
Շենգենյան գոտի մուտքը թույլատրող վիզաները երեք տեսակ են լինում: Շենգենյան վիզայի համակարգն աշխատում է «մեկ վիզա՝ մի քանի երկրի համար» սկզբունքով։ Այսինքն՝ առանձին երկրներին դիմելու փոխարեն անձը մեկ դիմում է ներկայացնում հիմնական ուղղություն հանդիսացող երկրի հյուպատոսություն, որը և պատասխանատու է տվյալ երկրում վիզայի դիմումն ընդունելու համար։
Կարևոր է պահպանել 90/180 օրվա կանոնը։ Սրա պատասխանատուն ամբողջությամբ ինքը՝ դիմողն է։ Բացի այդ անհրաժեշտ է ժամանակին հեռանալ շենգենյան գոտուց, օգտագործել վիզան հայտարարված նպատակով (օրինակ՝ եթե դիմել էիք որպես զբոսաշրջիկ, ապա չեք կարող այդ ընթացքում աշխատել, կամ, եթե դիմել եք որպես ուսանող, պետք է ուսումնական ծրագրի մասնակցած լինեք)։ Պահանջվում է նաև չգերազանցել վիզայի սահմանված ժամկետը և ընդհանրապես, չխախտել միգրացիոն կանոնները։
2014թ. ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզայի վճարը կազմում է 35 եվրո՝ 90-ի փոխարեն, որը գործում է բազմաթիվ այլ երկրների համար։ Նույն համաձայնագրով դիմողների որոշակի խմբեր ընդհանրապես ազատվում են այդ վճարից։ 2024-ից սկսվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ 2025-ի նոյեմբերին արդեն գործողությունների ծրագիրը հանձնվեց Հայաստանին։
ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հիշեցնում է, թե բանակցություններն ու ազատականացումը վիզաների ո՞ր տեսակին են վերաբերում․
«Սա ԵՄ տարածքում աշխատելու հնարավորություն չէ, երկարաժամկետ մնալու հնարավորություն չէ։ Մեկ տեսակի վիզայի՝ շենգեն «C» տեսակի վիզայի մեկ տարվա ընթացքում՝ 180 օրվա ընթացքում 90 օր կարող է մուտք գործել ու մնալ շենգեն գոտու տարածքում»։
Վիզաների ազատականացման երկխոսությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշները լիարժեք կատարելու համար՝ շեշտում են կողմերը։




