
Իսրայելը կարո՞ղ է դառնալ հերթական երկիրը, որը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Տարիներ շարունակ քաղաքական պատճառներով հետաձգվող հարցը կրկին հայտնվել է Թել Ավիվի օրակարգում։ Ինչո՞ւ հիմա, ի՞նչ կարող է փոխվել, և ի՞նչ հետևանքներ կունենա հնարավոր որոշումը։
Իսրայելում կրկին օրակարգ է վերադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։ Իսրայելի արտգործնախարարը X սոցիալական հարթակում գրել է.
«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է։ Միևնույն ժամանակ տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»։
Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ տեղեկացրել է ԱԳ նախարարը։
Այս հայտարարությունը հնչում է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների շարունակվող լարվածության ֆոնին։ Դեռ անցած տարի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ասել էր. «Ես հենց նոր արեցի դա»։ Մինչև այդ էլ նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար։
Սակայն, ինչպես իսրայելական և միջազգային լրատվամիջոցներն են կարծում, Նեթանյահուի անձնական հայտարարությունը չի նշանակում, որ Իսրայել պետությունն ուզում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է․
«Ընդհանրապես, սա մի այնպիսի հարց է, որ վաղուց պետք է Իսրայելը դա աներ, որովհետև պատմական ճշմարտությունը (մի երկիր, որի ժողովուրդը ենթարկվել է ինքը ցեղասպանության՝ Հոլոքոստի), որ մինչև հիմա չի ճանաչել, դա ուղղակի, այդ երկրի մասին շատ վատ է խոսում, որ քաղաքական շահարկումների առարկա է դառնում ցեղասպանության խնդիր»։
Որոշ փորձագետների գնահատմամբ՝ եթե նախաձեռնությունն իրականություն դառնա, այն կունենա ոչ միայն պատմական, այլև քաղաքական նշանակություն։ Փորձագետները նկատում են, որ տարիներ շարունակ Իսրայելը խուսափել է պաշտոնական ճանաչումից՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները, իսկ այժմ տարածաշրջանային իրողություններն էապես փոխվել են։ Եթե Իսրայելը գնա այս քայլին, կնշանակի՝ տարածաշրջանային քաղաքական հաշվարկները փոխվել են։ Ռուբեն Սաֆրաստյանը, մինչդեռ, այդ առումով լավատես չէ.
«Իհարկե, դրդապատճառը քաղաքական է, որովհետև Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները հիմա վատացել են։ Դա մեկ։ Երկրորդը՝ մի քանի նման փորձ եղել է Իսրայելում, երբ էլի վատ են եղել հարաբերությունները, փորձ է արվել կրկին Իսրայելի տարբեր գործիչների կողմից այդ հարցը խորհրդարան մտցնել և հասցնել մինչև ավարտի, բայց չի եղել։ Այնպես որ, ես այս անգամ էլ 100 %-ով համոզված չեմ, որ խորհրդարանը դա կընդունի»։
Թուրքական կողմը հիմնականում կոշտ է արձագանքել Իսրայելի հայտարարություններին։ Նախորդ անգամ Թուրքիայի արտգործնախարարությունը Նեթանյահուի արտահայտությունը որակել էր «անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահարկելու փորձ»։
Մյուս կողմից, մասնագետները հիշեցնում են, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին առաջին անգամ չէ, որ խոսում են։ Տարբեր տարիներին Կնեսետում նախաձեռնություններ են շրջանառվել, որոնք քաղաքական տարբեր պատճառներով չեն հասել վերջնական ընդունման։
«Իսրայելում շատերը համարում են (և՛ մասնագետները, և՛ հասարակության մի զգալի մասը), որ միայն մեկ ցեղասպանություն է եղել պատմության մեջ իրականում, դա հրեաների ցեղասպանությունն է, Հոլոքոստը, մնացած բոլոր ցեղասպանությունները, դրանք, այսքանով, թե այնքանով, մոտ են հրեաների ցեղասպանությանը, այդ թվում նաև Հայոց ցեղասպանությունը։ Ես դրա մասին հատուկ հոդված ունեմ. նրանց հայտնի մասնագետներից մեկը ժամանակին գրում էր, որ «այո՛, բացի հրեականից, որ միակ ցեղասպանությունն է, կան նաև այլ ցեղասպանության դեպքեր։ Հայոց ցեղասպանությունը, այդ այլ դեպքերից ամենամոտն է հրեաների ցեղասպանությանը, բայց Հայոց ցեղասպանությունը, դա բացարձակ ցեղասպանություն չի, ինչպես հրեաներինը»։ Սա այն մոտեցումն է, որ Իսրայելի գիտական շրջանակներում տասնյակ տարիներ շատերը կիսում»։
Եթե Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագիծը ստանա կառավարության և այնուհետև խորհրդարանի հավանությունը, Իսրայելը կարող է միանալ այն ավելի քան երեք տասնյակ պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Ըստ փորձագետի՝ սա նաև նոր ազդակ կլինի տարածաշրջանային քաղաքական գործընթացների և Իսրայել-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից։
Je soumettrai au gouvernement, pour approbation lors de sa prochaine réunion, un projet de résolution visant la reconnaissance officielle du génocide arménien par le gouvernement israélien. Il s'agit d'une obligation morale et historique de reconnaître le génocide perpétré contre… pic.twitter.com/2fufu6x6Lr
— Gideon Sa'ar | גדעון סער (@gidonsaar) June 25, 2026




