ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սահմանադրական դատարանը մի քանի օր կքննարկի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը։ Միավորված գործը քննվում է բանավոր ընթացակարգով։

Վերջնական որոշումը ՍԴ-ն պետք է կայացնի մինչև հուլիսի 4-ը։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, հարակից պարզաբանումներ կտան դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները:

Դատավարությանը որպես «երրորդ անձ» է ներգրավվել ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Քաղաքական 7 ուժերի դիմումները ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ՍԴ-ն կքննի մի քանի օր։ Գործում որպես երրորդ կողմ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նախապես պատկերացնում էր գործի ծավալը և խուսափում գործին առնչվող գնահատականներից։

«Այս քանի օրը այստեղ ենք լինելու, դեռ շփվելու առիթ կունենանք, եթե հարցեր լինեն»։

Օրենքով սահմանված ժամկետները, սակայն, հուշում են, որ բարձր դատարանը նաև սահմանափակումներ ունի։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրեց, որ գործով որոշում կայացնելու համար ՍԴ-ն քիչ ժամանակ ունի. որոշում կայացնելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։

Ըստ այդմ, ՍԴ նախագահն առաջարկեց նիստ անցկացնել նաև առաջիկա ոչ աշխատանքային օրը՝ հունիսի 27-ին, իսկ այդ նիստի ընթացքում որոշել՝ կիրակի նիստ գումարե՞լ, թե՞ ոչ։ Ժամկետի մեջ տեղավորվելու համար ՍԴ-ն պատրաստ է աշխատել ոչ միայն հանգստյան օրերին, այլև աշխատանքային ժամերից դուրս։

Գործի քննության առաջին ժամերին դիմող կողմը մի քանի միջնորդություն ներկայացրեց, որոնք հիմնականում  առնչվում էին բարձր դատարանի կազմին և կոնկրետ դատավորների մասնակցությանը։ Թեև ՍԴ որոշմամբ 9 դատավորներից երկուսը՝ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հիմնավորմամբ չեն մասնակցում քաղաքական 7 ուժերի դիմումների քննությանը, բայց ընդդիմադիրները անհնարին էին համարում ևս երկու դատավորի մասնակցությունը նիստին։

Նրանց առարկությունները կապված էին դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի անաչառության հետ։ «Հայաստան» դաշինքը ներկայացնող Հովհաննես Խուդոյանը և Արծվիկ Մինասյանը փորձում էին ապացուցել, օրինակ, դատավոր Սեդա Սաֆարյանի կողմնակալությունը․

Խուդոյան․ «Կատարել է արտահայտություն, որ «վերադարձ անցյալին չի լինելու»։ Տիկին Սաֆարյանի որոշումները կարող են կանխորոշված լինել այդպիսի մոտեցումով և օրինակ, ուղղված լինել այնպիսի քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր նախկինում եղել են իշխանության մաս»։

Մինասյան․ «2023 թվականին «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է տիկին Սաֆարյանի լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ։ Մերժվել է որոշումը բացառապես և միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Մեր գնահատմամբ ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանը ունի հստակ և ակնհայտ կողմնակալ վերաբերմունք առնվազն այս դատավարության կողմի մասնակիցներից մեկի նկատմամբ»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերը ՍԴ-ում ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն էլ այլ հիմնավորմամբ է բացատրում, թե ինչու են ընդդիմադիրները կարևորում դատավորների թիվը։

«Հաշվի առնելով, որ ՍԴ-ում որոշումները ընդունվում են այլ մեծամասնությամբ, քան այլ դատարաններում, և չկա փոխարինողի ինստիտուտ, օրինակ` ՄԻԵԴ-ում եթե դատավորն ունենում է կողմնակալություն, գործում է փոխարինող դատավորի ինստիտուտը։ Այստեղ ստացվում է, որ մենք կարող է հայտնվենք մի իրավիճակում, և դա օբյեկտիվ իրավիճակ է, որտեղ չկարողանան որոշում կայացնել»։

Մեկ այլ միջնորդությամբ ԲՀԿ-ն պնդում էր, որ ՍԴ-ն որոշումը պետք է կայացնի բոլոր դատավորների մասնակցությամբ՝ հարցականի տակ դնելով քննության այն արդյունքը, որը կընդունվի առանց երկու դատավորի։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, սակայն, պարզաբանում է ՍԴ աշխատանքի նրբությունները։

«Կշեռքի վրա դրված էր հետևյալ հարցըկա՛մ մենք քննում է ենք ոչ լիարժեք կազմով՝ դրանից բխող բոլոր դժվարություններով, պատասխանատվությամբ, որ կրելու են արդեն 7 դատավորներ, այլ ոչ թե 9, մյուս կողմից դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։ Մենք որոշել ենք, որ պետք է այս գործը քննվի այլևս 7 հոգանոց կազմով` զուտ բացառելու համար օբյեկտիվ դիտորդի մեջ կասկածները` դատարանի անաչառության և իրավազորության վերաբերյալ։ Մենք հայտնել ենք անհնարինությունը։ Ես ուզում եմ ուղղակի նաև տեղեկացնել, որ դատարանը կարող է այս գործերը քննել, ընդհուպ, եթե նույնիսկ 5 դատավոր է մասնակցում»։

ՍԴ նախագահի պարզաբանմամբ՝ բարձր դատարանը ցանկացած որոշում կարող է կայացնել անգամ 5 հոգով։ Մեկ այլ կարգի համաձայն էլ՝ դատավորի կողմնակալության հարցը կարող է քննարկվել ոչ թե դատական նիստի կողմերի միջնորդությամբ, այլ՝ ներկայացված և բացահայտված հիմքերի հիման վրա ՍԴ դատավորներից մեկի կողմից՝ պարզաբանում է ՍԴ նախագահը։

«Հայացքս ուղղում եմ դատավորներին։ Հարգելի գործընկերներ, որևէ մեկը այս պայմաններում բարձրացնո՞ւմ է դատավորներ Սաֆարյանի և դատավոր Խաչատուրյանի մասնակցության հանրայնության հարցը սույն գործով։ Որևէ մեկը չի բարձրացնում։ Ուրեմն այս հարցը մենք համարում ենք սպառված։ Բոլոր այն հանգամանքները, որ դուք այստեղ նշեցիք, մանրակրկիտ քննարկման առարկա են հանդիսացել ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում շատ ավելի խորը քննարկման առարկա են դարձել, քան այստեղ եք դուք քննարկել, շատ ավելի շատ հանգամանքներ են քննարկվել, քան այստեղ քննարկվեց։ Հավատացեք ինձ»։

Արդեն դիմումի քննության ընթացքում ընդդիմադիր ուժերը ներկայացրին իրենց հիմնավորումները։ «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչը պնդեց, որ հունիսի 7-ի ընտրություններն անցել վախի ու ճնշման պայմաններում, կիրառել է համակարգային վարչական ռեսուրս։

«Այսինքն` պետական ռեսուրսն ամբողջությամբ օգտագործվել է ի նպաստ քաղաքական ուժի քարոզարշավի, ընտրողների ազատ կամարտահայտության վրա էական ապօրինի ազդեցության պայմաններում, վախի և ճնշման մթնոլորտի առկայության պայմաններում, հանգամանքները նույնպես մենք ցույց կտանք մեր դիմումի հետագա բացատրությունների ներկայացման ընթացքում, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության լրջագույն խաթարման պայմաններում և ԿԸՀ կողմից այդ հանգամանքների անտեսմամբ»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ ընդդիմադիրների ներկայացրած փաստերը ստեղծում են մի իրավիճակ, երբ ՍԴ-ն կամ պետք է անվավեր ճանաչի ընտրության արդյունքները, կամ նշանակի երկրորդ փուլ։

«Այո, ունենք համոզմունք, որ այս ընտրությունները հակասել են Սահմանադրության 7-րդ հոդվածին, ընտրախախտումների համակցությունը հենց այդպիսինն է, ներկայացրել ենք դրանք մեր դիմումում, ներկայացրել ենք նաև կից տվյալներով, ներկայացրել ենք նաև այնպիսի հանգամանքներ, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են»։

Փաստաբանը բարձր դատարանից հետաքրքրվեց նաև՝ գնահատվե՞լ է արդյոք, թե ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահների աջակցության խոսքը իշխող ուժին։

Նիստին զուգահեռ, ի դեպ, օրվա ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները հավաքվեցին ՍԴ շենքի մոտ՝ կառույցից պահանջելով վերանայել ընտրության արդյունքները։

Սահմանադրական դատարան են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների մեծ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն որոշ ուժեր ներկայացրել են նաև այլ պահանջներ։ Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միայն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները պնդում են, որ չեն հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել և ԿԸՀ-ն վերաքվեարկություն կազմակերպելու որոշում չի կայացրել։ Ըստ այդմ՝ կուսակցությունը պահանջում է նաև երեք հնարավոր որոշումներից մանդատների բաշխման կարգ սահմանել։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկում են նաև Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»՝ ԴՕԿ կուսակցությունը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։

Կարդացեք նաև

Back to top button