
Ֆրանսիայի Տոմբլեն քաղաքում թեթև մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, կիրակի՝ հունիսի 28-ին, հաղորդել է տարածաշրջանային L’Est Républicain պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը տեղափոխում էր մի խումբ մարդկանց, որոնք պատրաստվում էին պարաշյուտով թռիչք կատարել։
Այն տեղական ժամանակով ժամը 11։00-ի սահմաններում ընկել է «Auchan» սուպերմարկետի մոտակայքում գտնվող ճանապարհին։ Վթարը տեղի է ունեցել Նանսի-Էսսեյ օդանավակայանից օդ բարձրանալիս։
Նախնական տվյալներով՝ զոհվել են հինգ հրահանգիչ, հինգ ուղևոր և օդաչուն։ Բախման պահին ինքնաթիռից դուրս է նետվել երեք մարդ։
Պարբերականի տեղեկություններով՝ զոհված ուղևորները մասնավոր կլինիկայի բուժքույրեր էին։
Վթարի հանգամանքները պարզվում են:




