
1921 թվականին հիմնադրվեց «Հայպետհրատը», ինչին նախորդել էր բոլոր մասնավոր տպարանների փակումը։ Գրատպության գործը դարձավ բացառապես պետական մենաշնորհ և սկսեց կանոնակարգվել ու ուղղորդվել մոսկովյան դեկրետներով։
Սխալ կլինի ասել, թե գոյության առաջին տարիներին կառույցը ոչինչ չի արել, քանի որ հարյուրհազարավոր օրինակներով տպագրվում էին բոլշևիկյան առաջնորդների աշխատությունները։

Սակայն, շատ արագ պարզվեց, որ դրանք ոչ ոք չի գնում, և ամբողջ տպաքանակը մնում ու փտում է պահեստներում։ Այդուհանդերձ, շուտով ելքը գտնվեց։
Ինչպես պատմում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանը, ով հիմնովին ուսումնասիրել է հայ գրատպության պատմությունը, մարդկանց սկսեցին ստիպել, որ գնեն կամ, որ ավելի վատ է, բաժանորդագրվեն առաջնորդների հատորներին՝ դրանով իսկ իրացնելով «Հայպետհրատի» արտադրանքը։
Հետզհետե տպարանը սկսեց հրատարակել նաև այլ գրականություն, ինչին նպաստեց ոչ բոլշևիկ, բայց արհեստավարժ մասնագետների ներգրավումն ու հրավիրելը։ Ցավոք, 1930-ական թվականներին այդպիսի մարդկանց ճակատագիրը շատ դաժան եղավ։




