Ունենալ դրական մտածողություն, կենտրոնանալ լավի վրա, տարիքի ու դրա հետ կապված ի հայտ եկող դժվարությունների մասին խոհերին տուրք չտալ ու հաճախ դուրս գալ քաղաքից. առողջ ու որակյալ կյանքի իր բանաձևն է կիսում մարդաբան, գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը՝ տարիքի մասին հարցը առանձնապես չկարևորելով:
«Ուղեղը չի կարելի ծանրաբեռնել տարիքի հետ կապված հարցերով, թե այն ինչպես ես զգում կամ աստիճաններն ինչ դժվարությամբ ես բարձրանում: Ուղեղը պետք է զբաղված լինի այն հարցերով, որոնք ուրախացնում են, թեթևացնում են և երջանկացնում են»,— համոզված է նա:
Լիակատար երջանկությունն ընտանիքի ներսում է, սերունդների հետ շփումներում սկսած նոր ծնված թոռնիկներից: 73-ամյա գիտնականի կյանքի տեմպը ոչ մի կերպ չի փոխվել՝ աշխատում է, դասավանդում, ուսումնասիրում: Կատակում է, որ մյուս անգամ Երկրորդ շնչառության հյուրը կարող է լինել իր 94 տարեկան մայրը:
«Երջանիկ են այն մարդիկ, որոնք կարողանում են երիտասարդների հետ շփվել ու խոսքը միայն 20-25 տարեկանների մասին չէ, այլ անգամ նորածինների: Այդպես էներգիան անսպառ է լինում»,- կարծում է մարդաբանը:
Գանձակում ծնված ու հասակ առած գիտնականը հիշում է մանկության երջանիկ օրերն ու հայկական թաղամասն, ուր միայն հայերն էին ապրում ու հայերենն էր տիրում: Տարիների հեռավորությունից վերլուծում է, թե ինչպես եղավ, որ հայի հետքը գնալով թուլացավ ու այսօր արդեն իսպառ վերացվել է հայրենի քաղաքում: Նույն սխալներն այսօր են արվում սփյուռքի գաղթօջախների հետ կապված:
Պատասխանելով այսօր շատ կատարվող գենետիկական անալիզների մասին հարցին՝ մարդաբանը բացատրում է, որ հազարամյակներ առաջ ազգերն ու ժողովուրդները սերվել են իրարից, և այսօր միայն կենսաբանական անալիզներով չի կարող ընկալվել ու որոշվել մարդու ազգային ինքնությունը:
«Վերջին 25 տարին ուսումնասիրում ենք մոլեկուլային կամ գենետիկական մարդաբանությանը: Սա թույլ է տալիս վերականգնել ժողովրդի գենետիկական պատմությունը, վեր հանել արմատները ստույգ գիտական մեթոդներվ, և այս գործում մեր տարածաշրջանում առաջինն ենք մեր համեստ աշխատանքի արդյունքում»,- եզրափակում է գիտնականը:




