ԿարևորՀասարակություն

20-30 գրամ՝ 1 կգ-ում․ ստուգաչափված կշեռքներն էլ կարող են թերակշռել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների արդյունում Երևանի տարբեր հասցեներում գործող մի շարք տնտեսվարողների մոտ օգտագործվող կշեռքների վրա հայտնաբերվել են ստուգաչափման կեղծ դրոշմապիտակներ: Քրեական գործերն անգամ գլխավոր դատախազություն են հասել։   

Ստուգաչափված լինելու մասին կեղծ դրոշմապիտակներով կշեռքներ, այն էլ միանգամից մի քանի տնտեսվարողի մոտ։ Ահազանգը չափագիտության ազգային մարմնինն է, բացահայտումը՝ Շուկայի տեսչականինը։ Խախտումը հայտնաբերվել է դեռ 2019 թվականին՝ հերթական ստուգայցի ժամանակ, իսկ ամփոփ տվյալները հաղորդում է դատախազությունը։

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայան․

«Նկատել էինք փակցված դրոշմապիտակներ, որոնք մենք չէինք տրամադրել։ Մեզ մոտ այդ տնտեսվարողներից ոչ հայտ կար, ոչ էլ վճարում։ Տեղեկատվությունը ճշտելու և հավաստիանալու համար՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, թե ոչ, հարցում ենք ուղարկել  ՇՎՏՄ, որպեսզի իրենք ստուգում իրականացնեն, պարզեն՝ այդ դրոշմապիտակները փակցվա՞ծ են, թե ոչ և որտեղից են դրանք»։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն անմիջապես գործի է անցել և կարճ ժամանակում պարզել՝ մի շարք տնտեսվարողների կիրառած կշեռքների վրա կան դրոշմապիտակներ, թե դրանք ստուգաչափված են։ Իրականում  ստուգաչափումը հավաստող դրոշմապիտակները Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնում գրանցված չեն եղել։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյան․

«Այսինքն՝ տվյալ տեսուչն ապօրինի ձևով  փակցրել էր ստուգաչափման մասին պիտակը, բայց պետբյուջե գումար մուտք չէր արել։ Այդ ինֆորմացիան ձևակերպեցինք, ուղարկեցինք ոստիկանություն, հիմա գործը դատախազությունում է»։

Վարչարարության ընթացքում պարզվել է, որ կեղծ դրոշմապիտակը տրամադրել է Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի, նախկինում՝ «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեսուչը, ով իրեն մեղավոր է ճանաչել կատարվածում։ Որոշ օբյեկտիվ հիմքերով՝ քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ տեսուչն ազատվել է աշխատանքից:  Առաջինը չէ, բայց հավանաբար վերջին նման դեպքն է՝ կարծում է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը։ Վստահ է, որ ծառայությունների թվայնացումը կարող է լիովին բացառել այսպիսի խնդիրները։

Կշեռքները կեղծելու ու դրանց ստուգաչափված լինելու մասին կեղծ պիտակներ փակցնելու խախտումները կանխելու նպատակով ձեռնարկել են մի շարք փոփոխություններ։ Չափման միջոցների, ավելի կոնկրետ՝ կշեռքների, գազի ու բենզինի լիցքավորման սարքերի վրա նախատեսվում է փակցնել QR կոդեր, որոնք սքանավորելու դեպքում սպառողներն անմիջապես կարող են տեղեկանալ՝ տվյալ չափման միջոցը երբ է ստուգաչափվել, ստուգաչափման արդյունքում համարվե՞լ է իր չափագիտական բնութագրերին համապատասխան, թե ոչ։ Իսկ ընթացակարգը, Բաբայանի ներկայացմամբ, հետևյալն է․

«Եթե տնտեսվարող սուբյեկտն ունի չափման միջոց, որն օգտագործում է գնորդ-վաճառող հարաբերություններում, պետք է հայտ ներկայացնի ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին, որից կստանա կանխավճարային հաշիվ, կկատարի բացառապես անկանխիկ փոխանցում ։ Արդյունքում մեր ընկերության աշխատակիցները կգնան և կիրականացնեն ստուգաչափման աշխատանքներ։ Դրական արդյունքի դեպքում կտրամադրվի ստուգաչափված լինելու վկայական և դրոշմ»։

Իսկ արդյո՞ք կեղծ դրոշմապիտակն արդեն իսկ ենթադրում է, որ նաև թերկշռման  հետ գործ ունենք։  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը չի բացառում նաև այդ խախտումը, բայց  ոչ բոլոր դեպքերում։

«Եթե կշեռքը ստուգաչափված չէ, դեռ չի նշանակում, որ տնտեսվարողը խաբում է սպառողներին։ Չափագիտական խախտումներ, իհարկե, լինում են։ Լինում են տնտեսվարողներ, որոնց մոտ դրանք բացահայտվում են, և դա միայն խանութներին չի վերաբերում, այլև բժշկական սարքավորումներից մինչև բենզալցակայաններ և գազալցակայաններ։ Խախտումները վերջին ժամանակներում շատ չնչին են մեկ կգ-ի մեջ առավելագույն տարբերությունը խանութներում  20-30 գրամ է լինում։ Չափագիտական խախտումները հիմնականում լինում են լցակայաններում, որոնց համար խախտումներն այնքան ենք բարձրացրել, որ տնտեսվարողին այլևս ձեռնտու չէ խաբելը»։

Փորձենք հասարակ օրինակով բացատրել, թե խախտում թույլ տվող տնտեսվարողները միջինում որքան կարող են խաբել գնորդին։ Ըստ այնմ, որ մեկ կգ-ի մեջ առավելագույն տարբերությունը խանութներում  20-30 գրամ է լինում, ստացվում է, որ մոտ 2700 դրամ արժեցող 1 կգ միս գնելիս սպառողը խաբվում է մոտ 80 դրամով։ Եթե Հայաստանում սպառողական զամբյուղի  միջին չափը  մոտ 43 հազար դրամ է, ապա այս մանր խաբեություններն իրար գումարած միջին վիճակագրական քացաքացու գրպանին էժան չեն նստի։

Ընդհանուր առմամբ՝ վիճակագրությունը հուշում է, որ ստուգումների մեծամասնության դեպքում խախտումներ են արձանագրվում։ Օրինակ՝ 2019 թվականին տեսչական մարմնի 41 ստուգումից 37-ի դեպքում խախտումներ են հայտնաբերվել։ 2020 թվականի 145 ստուգումներից խախտումներն են հայտնաբերվել  108-ում։  Նախորդ տարի 115 ստուգումից հայտնաբերվել 95 խախտում։  Նույնիսկ այս տարվա 57 ստուգումներից 49-ում խախտումներ են արձանագրվել։ Հատկանշական է, որ խախտումների մեծ մասը Երեւանում են։

Կոտոլյանն ասում է՝ երբեմն անգամ ստուգաչափված կշեռքներն էլ կարող են թերակշռել․ ստուգաչափում արվում է 1-3 տարին մեկ՝ ըստ տնտեսվարողի ռիսկայնության։ Այդ ընթացքում կշեռքները կարող են շեղում տալ։ Եթե անգամ տնտեսվարողը միտումնավոր չի անում խախտումը, ապա կշեռքների կարգավորումները կարող են խախտվել։ Ընդ որում, որքան էլ զավեշտալի հնչի, դրանք խախտվում են առավելապես հօգուտ վաճառողի։

Back to top button