Իրանական մշակույթը Երևանում նաև տիկնիկների տեսքով
Իրանական մշակույթը Երևանում նաև տիկնիկների տեսքով. Դարան ու Սարան արդեն Տիկնիկների պատկերասրահում են:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահին է նվիրել իրանական մշակույթը ներկայացնող երկու տիկնիկներ՝ խոստանալով, որ առաջիկայում երկուսին կմինան ևս 8-ը:
Իրանի դեսպանատան ներկայացուցչի համոզմամբ, այսպիսով Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների համար Երևանում ևս մեկ «գայթակղիչ» հասցե է ստեղծվում:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահում էր՝ ոչ միայն հյուրի, այլև նվիրատուի կարգավիճակով:
«Տարիներ առաջ Ֆարզանե Բաբայը նկատեց, որ պարսիկ երեխաները խաղում են հիմնականում եվրոպական ու ամերիկյան արտաքին ունեցող տիկնիկներով, ինչը չէր համապատասխանում նրանց առօրյա կյանքին ու պատկերացումներին: Պատկերացրեք՝ ամերիկյան Բարբի տիկնիկը պարսկական գյուղում: Հավանաբար ինքն էլ իրեն հարմար չէր զգում այդ միջավայրում»:
Հոսեյն Շիրխանիի տեղեկացմամբ, շուրջ 25 տարի առաջ Իրանում հենց այսպես էլ «ծնվեցին» Դարան ու Սարան: Նույն անուններով ստեղծվող տղաներն ու աղջիկները ներկայացնում են Իրանի ամենատարբեր շրջանները՝ հագուկապով, դիմագծերով, անգամ՝ խառնվածքով: Պատկերասրահին նվիրած երկու տիկնիկները Իրանում ապրող քրդերի պատկերով են:
Ինչո՞վ հետաքրքրեց Ձեզ Երևանի Տիկնիկների պակերասրահը, հարցին Հոսեյն Շիրխանին արձագանքեց.
Քանի որ Իրանում ևս զարգացած է տիկնիկագործությունը, մտածեցինք, որ սա կարող է լինել այս ոլորտում համագործակցելու առաջին քայլը»:
Առաջինին հաջորդելիք համագործակցության հետագա քայլերն ուրվագծվեցին՝ Պատկերասրահի տնօրինության ու Իրանի դեսպանատան ներկայացուցչի պայմանավորվածությամբ. փոխադարձ այցելություններ, ցուցադրություններ Հայաստանում և Իրանում: Հանդիպմանը ներկա հայ տիկնիկագործներն էլ երկու երկրներում ցուցահանդես-վաճառք կազմակերպելու առաջարկությամբ հանդես եկան:
Հոսեյն Շիրխանիի համոզմամբ, անհրաժեշտ են ավելի շատ քայլեր՝ միմյանց մշակույթը բացահայտելու, այն ներկայացնելու ուղղությամբ: Երևանի տիկնիկների պատկերասրահում հանգրվանած իրանցի տիկնիկները, որոնց հետագայում կմիանան ևս ութը, դեսպանատան պաշտոնյայի խոսքով, դեպի Պատկերասրահ կձգեն Հայաստան այցելող իրանցի հազարավոր զբոսաշրջիկներին: Այսպիսով, ստեղծվում է Երևանյան ևս մեկ «գայթակղիչ» հասցե իրանցիների համար: