ԿարևորՄշակույթ

Քար, որ մեր երկիրն է․ «Ոսկե ծիրանի» ֆիլմերից մեկը պատմում է Բերձորի խաչքարերի տեղահանման մասին

Երիտասարդ  ռեժիսոր, օպերատոր Արման Այվազյանը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում ՝ ВГИК-ում, որպես  դիպլոմային աշխատանք  ներկայացրել է «Քար» ֆիլմը։ Այն արտադրել է «Բարս մեդիան»։ Ֆիլմը 44-օրյա պատերազմի վավերագրություն է, պատմություն Բերձորի խաչքարերը փրկելու ու փրկողների մասին։

Բերձոր-Քարվաճառ տանող ճանապարհն է։ Լույսեր, խցանումներ ու մարդկանց հոսք։ Մարդիկ հարկադրաբար լքում են իրենց տները։ Սա մի կադր է «Քար»-ը ֆիլմից։ Մյուս կադրում արդեն Բերձորի անտառներն են, որտեղ հնագետներ Արման Նալբանդյանը և  Համազասպ Աբրահամյանը խաչքարերը տեղավորում են ավտոմեքենայի մեջ։

Երիտասարդ ռեժիսոր, օպերատոր  Արման Այվազյանը  պատերազմից մեկ շաբաթ առաջ եկել էր հայրենիք։  Հետո միացել էր «Բարս Մեդիա»  թիմին ու մասնակցել Արցախի տարբեր վայրերում արվող նկարահանումներին։ Նոյեմբերի 9-ից հետո Արմանը Աղավնո գյուղում էր։ Բնակիչները գիտեին, որ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է դուրս գան Բերձորից։  Մի քանի հնագետներ  որոշում են փրկել տեղի խաչքարերը։ Արմանն ասում է՝ նրանք անգիր գիտեին, թե որ խաչքարը որտեղ է։ Առաջնորդվում էին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գիրք-քարտեզով։

«Քար, որ մեր երկիրն է։ Մենք քարի երկիր ենք, մենք չենք սիրում մեր տունը սարքել փայտից»։

Ամբողջ գիշեր խաչքարերից մեկի վրա են տանջվել։ Տեղափոխել են երեք մեծ և մի քանի փոքր խաչքարեր, որոնք գտել  էին  Բերձորի գյուղերից։  Դրանց մեծ մասը հիմա  Մատենադարանում է, մի քանիսը՝ Էջմիածնում։  Կադրերում երևում է, թե ինչքան զգուշորեն են խաչքարերը հողից հանում, պառկեցնում, դնում սահնակի վրա ու զգույշ քաշում, որ հանկարծ չվնասեն։

«Ես չգիտեմ որքանով է ճիշտ, բայց լսել եմ, որ Վազգեն Առաջինին երբ հարցրել են՝ գողություն արե՞լ եք, ասել է՝ այո, մեկ անգամ, այն էլ փրկել եմ Ջուղայի խաչքարերը։ Եթե խաչքարը ջարդելու վախը չլիներ, լավ կլիներ, որ այնտեղ մնային ,քանի որ այդ խաչքարը սարքված են հենց այդ հողի համար։ Հերոսներից մեկն ասում է՝ դիլեմայի առաջ ենք կանգնած, պետք է փրկենք, որ հետո մեր պատմությունը տեսնող լինի»։

Վավերագրողը պետք համբերատար սպասի դեպքերի զարգացմանը  ու մանրակրկիտ արձանագրի դրանք։  Ֆիլմում այսպիսի մի տեսարան կա․ տեղի դպրոցի ուսուցչուհիներից մեկը, նկատելով խաչքար տեղափոխող մարդկանց,  խնդրում է իրեն էլ տանել։ Այդ երկխոսությանն առանց հուզվելու անհնար է հետևել․ արհեստական  որևէ բան չկա, բոլոր ապրումներն  ու զրույցներն իրական են։ Արմանն ասում է՝ մարդկային տարբեր պատմությունների են ականատես եղել, բայց ոչ բոլորն են կարողացել ընդգրկել ֆիլմում։

«Ռադիոն միշտ միացրած էր, մենք արդեն Գորիսում էինք, ու հանկարծ հաղորդեցին, որ պղծել են Սուրբ Ամենափրկիչը։ Ես հանեցի տեսախցիկն ու այդ պահը նկարահանեցի»։

Արմանն ասում է, որ պատերազմի օրերին 3 հոգով մեկ ամիս անդադար  նկարահանումներ են արել «Եղնիկներում», այդ կադրերը դեռ չեն հրապարակվել։ Հույս ունի, որ առաջիկայում այն կինոյի կվերածվի, բայց դժվարանում են այնպես ներկայացնել, որ ֆիլմը չլինի պարտության մասին, քանի որ իր ֆիլմի մարդիկ չեն պարտվել։

Back to top button