ԿարևորՔաղաքական

Բաքուն մերժում է Վաշինգտոնը․ ինչից է խուսափում Ադրբեջանը  

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հաջորդ քայլից հրաժարվելու Ադրբեջանի որոշման հիմքերը մինչև այս պահը հայտնի չեն։ Բաքուն պաշտոնական հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու Վաշինգտոնում հունիսի 12-ին ծրագրված արտգործնախարարների հանդիպումից 4 օր առաջ որոշեց ընդմիջում վերցնել ու հետաձգել հանդիպումը։  

Հրավիրող կողմն էլ նոր մանրամասներ առայժմ չի ներկայացնում։ ԱՄՆ-ի պետքարտուղարկությունում դեռ հստակ չեն նշում, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։

Ադրբեջանի այս քայլի հետևում, սակայն, պատճառներ կան։ Թե որոնք են դրանք, «Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ՝ քաղաքագետների հետ զրուցելով։

Ի՞նչն է հետ պահում Բաքվին, ինչի՞ց է խուսափում Ադրբեջանը՝ առկախելով առաջին հայացքից իր հարմար ցանկալի սցենարով ընթացող գործընթացը։ Դատելով բանակցային վերջին փուլերին հաջորդած գնահատականներից՝ Ադրբեջանի համար առաջարկներում անընդունելի կետեր կան։ Դրանցից գլխավորն, ըստ  քաղաքագետ Արմեն Պետրոսյանի, կարելի է այսպես ձևակերպել։

«Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման։ Համարում է, որ հաղթել է պատերազմը, կապիտուլյացիայի է ենթարկել Հայաստանին և նման պայմաններում ինքը Հայաստանին զիջելու որևէ բան չունի։ Հիմնական սկբունքը սա է։ Այն միջավայրը, որ կա բանակցություններում, որոշակի զիջումներ են պահանջում Ադրբեջանից։ Ադրբեջանը գնում է առերես պայմանավորվածությունների, բայց հետո դրանք չի իրականացնում։ Սա է հիմնական խնդիրը»։

Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու պատրվակ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ: Պաշտոնական Բաքուն լռում է Վաշինգտոն չմեկնելու պատճառների մասին, բայց նաև չի թաքցնում, որ չի ցանկանում երկխոսել պաշտոնական Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության երաշխքների մասին, ինչպես պնդում է միջազգային հանրությունը։ Սա Բաքվի անհամաձայնությունների ամբողջական փաթեթը չէ։

«Սահմանազատման գործընթացը կա և անկլավների խնդիրը։ Ադրբեջանը մտածում է, որ այսպես կոչված «անկլավները» Հայաստանը պետք է գլուխը կախ, առանց քննարկման վերադարձնի, իսկ ինքը չի վերադարձնելու Արծվաշենը։ Կամ պատրաստ չէ գնալ սահմանազատման նախկինում եղած քարտեզներով, որովհետև գտնում է, որ իր զորքերը պետք է մնան այն դիրքերում, որտեղ են։ Բացի նշվածից վստահ է, որ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանը պետք է միջանցք տրամադրի»։

Հայաստանի վերլուծական դաշտում շրջանառվում է տեսակետ, որ ԱՄՆ-ն տանում է մի բանակցային պրոցես, որտեղ Ալիևը չի կարող ասել ոչ։

Այս կարծիքին է նաև Հարավային Կովկասի Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։ «Ամերիկայի Ձայնի» հարցմանն արձագանքելով՝ նա արձանագրել է՝ բանակցությունների մի քանի փուլից հետո քննարկումները թևակոխել են վճռական մի շրջան, երբ պետք է կայացվեն կարևոր որոշումներ՝ խաղաղության ապագա համաձայնագրի կարևոր մասերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի և հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ: Վերլուծաբանի կարծիքով, բանակցությունները հետաձգելու Բաքվի խնդրանքը, հավանաբար, վկայում է, որ Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվել կարևոր այս հարցերի առնչությամբ։

Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացում երկակիության վրա է ուշադրություն հրավիրում պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Ֆեյսբուքում» նա գրել է․

«Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա որևէ կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ դրա հետ կապված էլ նույն Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց Բաքվի ծրագրերը շատ ավելի հեռուն են գնում, նրանց Արցախը քիչ է»։

Քաղաքագետ Միքայել Զոլյանը տպավորություն ունի, որ ԱՄՆ-ն լրջորեն լծվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ դեպքում, համարում է, որ Ադրբեջանի հրաժարումը հենց այնպես չի անցնի։

«Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստ չէ իրականում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, և պարզ է դառնում, որ հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է։ Կարծում եմ՝ հիմա Ադրբեջանը փորձում է դիմադրել ճնշումներին, ենթադրում եմ, որ Վաշինգտոն չգնալը դրա հետ է կապված։ Կարծում եմ՝ նրանք (ամերիկացի միջնորդները-խմբ․) ձևեր կգտնեն ստիպելու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղան»։

Ադրբեջանի համար մանևրելու դաշտ դեռ կա, բայց այն փոքր է՝ համոզված է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։ Ռուս-ուկրաինական պատերազմը, աշխարհակարգի փոփոխությունը և որպես դրա հետևանք՝ ճգնաժամը, միջազգային իրավական կառուցներում․ սրանք միջազգային հանրության հանդուրժողականության հիմնական պատճառներն են, որոնք, ըստ քաղաքագետի՝ ժամանակավոր են։ Ասում է՝ գալու է մի պահ, երբ կերեվա ու կհրապարակվի բանակցություններին խոչընդոտող կողմի անունը։

«Չմոռանանք, Ադրբեջանը գերտերսություն չէ, ընդամենը տարածաշրջանում ինչ-որ հավակնություններ ունեցող պետություն է և ոչ ավելին։ Իսկ նման պետությունների հետ միջազգային հանրությունը հաստատ ունի լծակներ նրան կարգի հրավիրելու համար»։

Նախօրեին երեկոյան, ի դեպ, հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանում է։  Թվիթերյան իր էջում հայտնել է, որ Բաքվում մի շարք հետաքրքիր հանդիպումներ է ունեցել։ Հունիսի 9-ին քննարկումները շարունակվել են։

Back to top button