ԿարևորՀասարակություն

Հաշմանդամություն ունեցող երեխաներն առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա, որը կունենա NFT տարբերակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում։

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 երեխա՝ Բերդ և հարակից համայնքներից։ «Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և այլք։

Նախարար Նարեկ Մկրտչյանը, իր ելույթում շնորհավորելով երեխաներին տոնական օրվա առթիվ, ընդգծել է վերջիններիս իրավունքների լիարժեք իրացման ու պաշտպանության ուղղությամբ ամենօրյա աշխատանքի կարևորությունը։ «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ Բերդ համայնքում տոնելը խորհրդանշական է, որովհետև երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովումը մեր քաղաքականության առանցքում է։ Պետք է ուշադրության կենտրոնում հավասարապես լինեն բոլոր երեխաները, ու մեր ամենօրյա աշխատանքով շարունակենք անել ամենը, որպեսզի նրանք ապրեն անհոգ, երջանիկ ու խաղաղ միջավայրում»,- նշել է նախարարը։

Հերիքնազ Տիգրանյանը ևս, միանալով երեխաներին ուղղված բարեմաղթանքներին, նրանց ցանկացել է անհոգ մանկություն․ «Մաղթում եմ, որ ձեր մանկությունն անցկացնեք խաղաղ և զարգացող երկրում։ Իսկ մենք՝ մեծերս, կանենք մեզանից կախված ամենը, որպեսզի ձեր յուրաքանչյուր օրը լինի հիշարժան»։

Մյուս բանախոսները ևս միացել են հունիսմեկյան մաղթանքներին՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում կարևորելով համատեղ ջանքերի ներդրումը։ Բացի մանկական մի շարք միջոցառումներից, երեխաները, նրանց թվում՝ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամքի հաստատություններում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա։ Աչքերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի։ Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։

«Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված տոնական միջոցառումն իրականացվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Back to top button