ԿարևորՎերլուծական

Պուտինը ձգտում է միջուկային սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի համար ու ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը․ վերլուծաբան

Ավելի քան մեկ տարի երեք ամիս ընթացող ռուս-ուկրաինական պատերազմը նոր դրսևորումներ է ստանում: Կիևն արդեն փորձում է հարվածնել բուն Մոսկվային։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր նման իրավիճակում։ Վերլուծաբանների կարծիքով` պայքարն ընթանում է Ռուսաստան-Միացյալ Նահանգներ տիրույթում, և Վաշինգտոնը միջոցներ չի խնայում իր օրակարգն առաջ մղելու համար։ Փորձագետներն ասում են՝ առաջիկայում կակտիվանան նման գործողությունները Մոսկվայի դեմ։

Օրերս համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում նշվում էր, որ ուկրաինական զինուժը օդային հարվածներ է հասցրել Մոսկվային։ Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինային սահմանամերձ Շեբեկինո քաղաքում իրավիճակը սրվել  է, և իրենք ստիպված են երեխաներին դուրս բերել քաղաքից։ Ըստ նահանգապետի՝ Շեբեկինոն հրթիռային հարվածի է ենթարկվել, վնասվել են շենքեր, կան տուժածներ ու զոհ։

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում ուղերձով դիմել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումից հետո, քանի որ մայրաքաղաքի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար որևէ սպառնալիք ներկա պահին գոյություն չունի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանի կարծիքով՝ Մոսկվայի ու Մերձմոսկովյան շրջանի ուղղությամբ հարձակումներն արվում են, որ Ռուսաստանն էլ իր հերթին հարվածի Կիևին․

«Ուկրաինայի հակահարձակումը տեղի չունեցավ, ու հիմա պետք է ինչ-որ գործողություններ անեն, որ իրենց ներսում հիմնավորեն, որ իրենք դեռ կանգուն են, դեռ կարող են․․․ Իրականում նպատակն այն էր, ինչ ասաց Պուտինը, որպեսզի Ռուսաստանը հայելային ձևով սկսի պատասխանել, այսինքն, եթե նրանք, ենթադրենք, հարվածում են բնակելի շենքերին, Մոսկվան էլ բնակելի շենքերին հարվածի»։

Սակայն, ըստ վերլուծաբանի, ՌԴ նախագահը էմոցիոնալ չէ, նա կշարժվի իր ծրագրով, այն է՝ ԱՄՆ-ի համար միջուկային սպառնալիքներ ստեղծել։ Պայքարն ըստ էության այն ուղղությամբ է ընթանում, թե որ գերտերության օրակարգը առաջ կմղվի՝ ռուսակա՞ն թե՞ ամերիկյան, ասում է Հայկ Այվազյանը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հսկայական միջոցներ է ներդնում իր օրակարգը թելադրելու համար․

«Մի օրակարգն այն է, որ Ռուսաստանն ուժգնացնի ռմբակոծությունները Ուկրաինայի դեմ, նոր մոբիլիզացիա անի, ինչը պատերազմի երկարաձգում է։ Կա այլ տարբերակ, որը առաջ է մղում Ռուսաստանը՝ հարցը լուծել օրերի ընթացքում՝ ԱՄՆ հետ, ու վերջացնել պատերազմը, ինչը հնարավոր է, եթե միջուկային սպառնալիք ստեղծվի ԱՄՆ տարածքի դեմ։ Եթե հաղթեց Պուտինի օրակարգը, ուրեմն պատերազմը կավարտվի հաշված օրերի ընթացքում և Ուկրաինան կհանձնվի։ Մյուս տարբերակը, եթե եղավ, այս պատերազմը կտևի այնքան, քանի դեռ այդ օրակարգը չի ձևավորվել»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով` Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական հարվածները լայնածավալ չեն, հակամարտությունը նաև հիբրիդային պատերազմի տարրեր է պարունակում է։ Կիևը, ըստ նրա, այժմ փորձում է պարտիզանական ջոկատների միջոցով պատերազմը Ռուսաստանի տարածք տեղափոխել․

«Բնականաբար, Ուկրաինայի համար նախընտրելի է իր տարածքից շեղել հարձակման ուղղությունները, թեկուզ պարտիզանական ջոկատների միջոցով տեղափոխել ՌԴ բուն տարածք։ Սակայն կարծում եմ՝ սա իրատեսական չէ և չի կարող հաջողություն ապահովել Ուկրաինայի համար»։

Արա Պողոսյանը նաև գտնում է, որ հիմնազուրկ են այն պնդումները, որ Ուկրաինան ձգտում է մինչև ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները, մինչև եկող տարի, առավելությունն իր ձեռքը վերցնել ու բեկում մտցնել պատերազմում։ Այսինքն՝ քանի դեռ նախագահում է Բայդենը։ Նրա կարծիքով՝ Սպիտակ Տան ղեկավարի փոփոխությունը չի կարող բերել ԱՄՆ ռազմավարության փոփոխության։

Back to top button