ԿարևորՎերլուծական

Իրանը չի միջամտում, բայց սադրանք թույլ չի տա. Վարդան Ոսկանյան

Հայաստանն Իրանի համար մշտապես եղել է անվտանգ միջանցք՝ արտաքին աշխարհի հետ շփվելու համար՝ «Հայաստան-Իրան․ հազարամյակների բարեկամություն և տարածաշրջանային զարգացումներ» խորագրով քննարկմանն ասել է Թեհրանի համալսարանի «Կովկասյան հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ջաֆար Խաշեն՝ բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունները բոլոր մակարդակներում։

Փորձագետներն անդրադարձել են տարածաշրջանային ներկա մարտահրավերներին ու խոսել անվտանգության սպառնալիքներից։ Այդ համատեքստում իրանցի փորձագետն անդրադարձել է նաև Ադրբեջան այցելած Իսրայելի նախագահի այն հայտարարությանը, թե Իրանը տարածաշրջանի համար «սպառնալիք» է, իսկ Ադրբեջանը՝ «տարածաշրջանային կայունության խարիսխ»։

Միակ սպառնալիքն ու միակ խոչընդոտը տարածաշրջանի համար հենց սիոնիստական Իսրայելն է՝ Ադրբեջանում այդ երկրի նախագահի արած հայտարարությանն ի պատասխան նկատում է Թեհրանի համալսարանի «Կովկասյան հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ջաֆար Խաշեն։ Իրանցի փորձագետի խոսքով՝ պատերազմի ու ընդհանրապես տարածաշրջանային լարվածությունների մեջ  Իսրայելն  անմասն չէ՝ այս տարածաշրջանում իր քաղաքականությամբ։

«Իրանը երբեք սպառնալիք ու մարտահրավեր չի եղել իր հարևան երկրների համար։ Իսրայելում շատ լավ գիտեն, որ միակ երկիրը, որի համար Իրանը մարտահրավր է և գուցե սպառնալիք Իսրայելն է։ Իրանն ընդհանրապես դեմ է էքսպանսոնիստական ցանկացած քաղաքականության և կապ չունի, թե որ պետությունն է ցանկանում այս տարածաշրջանում դա վարել»։  

Ադրբեջան կատարած այցի ժամանակ, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Իսրայելի նախագահ Հերցոգն ասել էր. «Մենք ընդհանուր տեսակետ ունենք, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի աշխարհում և տարածաշրջանում։ Դուք ինձ պատմեցիք Եվրոպայի էներգետիկ հատվածի, ընդհանրապես՝ տարածաշրջանի, Ասիայի, Մերձավոր Արևելքի վրա Ադրբեջանի ազդեցության մասին։ Մենք ուսումնասիրեցինք անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որի համար Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում, մանրամասն քննարկեցինք այդ հարցը»:

Իրանագետ Գարիկ Միսակյանը նկատում է, որ Իսրայելը Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրանում է ռազմավարական մակարդակի, քանի որ Իրանի հարևան միակ պետությունն է, որը թույլ է տվել իր տարածքը, նաև՝ Արցախից օկուպացված տարածքները օգտագործել որպես պլացդարմ Իրանի դեմ։

«Հակաիրանական և քարոզչական գործողությունների է մասնակցում, և նաև, կարծես թե, Իրանի դեմ որոշակի հարձակումների համար տարածք է տրամադրում։ Արցախյան պատերազմից հետո որդեգրած քաղաքականությունը ունի նաև բացահայտ հակաիրանական բնույթ։ Այսինքն՝ դա բացահայտ տեղավորվում է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների այս փուլում, որը կա հիմա»։    

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից անմտություն կլինի Իրանի դեմ ուղիղ առճակատման գնալը, քանի որ դա, նրա ձևակերպմամբ, ուղղակի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման վախճան կնշանակի։ Ոսկանյանը ընդգծում է նաև իրանական դիրքորոշումների զսպող նշանակությունը։

«Այս տիրույթում մենք տարածաշրջանում ունենք նաև դաշնակից պետություն։ Այո, այդ դաշնակցային հարաբերությունները փաստաթղթավորված չեն, բայց իրականում ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են։ Խոսքը վերաբերում է թե ՀՀ անվտանգությանը, թե Արցախի անվտանգությանը, որի մասին իրանցիները բարձրաձայն չեն խոսում, բայց իրանական կողմը, ես կարող եմ պնդել, որ պատրաստակամ է օժանդակելու նաև Արցախին ու Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծմանը։ Հետևաբար, կարծում եմ, մեծ ՛շռայլություն կլինի չօգտվել այս հարաբերությունների դրական ֆոնից, դրական զարգացումներից»։  

Ոսկանյանի խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունները Արևմուտքի կողմից չեն կարող դիտարկվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների լույսի տակ։ Ավելին՝ Հայաստանը կարող է լինել այն հարթակը, որտեղ կարող են խոսել Արմուտքն ու Իրանը, կամ Արևմուտքն ու Ռուսաստանը։  

Իրանցի փորձագետները համոզված են, որ միջամտությունները, որոնք իրականացվում են այս տարածաշրջանում Իսրայելի և մասամբ նաև Թուրքիայի կողմից, չեն կարող երբեք երաշխիք լինել կայուն խաղաղության հաստատման համար, իսկ ոչ խաղաղ պայմանների գինը վճարում են տարածաշրջանի ժողովուրդներն իրենք։

Թեհրանի համալսարանի «Կովկասյան հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ջաֆար Խաշեն ասում է, որ Իրանը հարաբերություններին չի միջամտում, բայց նաև թույլ չի տալիս, որ դրանք լինեն սադրիչ։ Իրանցի փորձագետի գնահատմամբ՝ հենց այդ սադրանքներն են, որ թույլ չեն տալիս հասնել այս տարածաշրջանում կայուն խաղաղության։

«Իրանի համար կարևորագույն կետերից են Արցախի հայության անվտանգությունն ու Հայաստանի Հնարապետության տարածքային ամբողջականությունը և, բնականաբար, ամեն ինչ անում և անելու է Իրանը՝ այդ հիմնարար սկզբունքների պահպանման ու կյանքի կոչման ուղղությամբ»։  

Իրանագետ Գարիկ Միսակյանը նկատում է՝ Իրանի դեմ ուղիղ առճակատման գնալու համար Ադրբեջանը պիտի բացահայտ ու մեծ աջակցություն ստանա Արևմուտքից, ինչպես Ուկրաինայի դեպքում։ Բայց, իրանագետի համոզմամբ, Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարողանա նմանօրինակ պատերազմ մղել Իրանի դեմ։

Back to top button