ԿարևորՏնտեսական

Ֆրանսիական ոչխարները՝ ընդդեմ հայկականի. բլանշների միսը դիետիկ է, անհոտ ու անյուղ

Վերջին տարիներին տոհմային մանր եղջերավոր անասունների ձեռք բերման նպատակով պետական աջակցության տարբեր ծրագրեր են մշակվում։ Դրանք փորձում են խթանել այծաբուծությունն ու ոչխարաբուծությունը, բերալավել կենդանիների գենոֆոնդը՝ բարձրացնելով մթերատվության  որակական հատկանիշները: Ծրագրերից մեկի շրջանակում Հայաստանում այժմ ֆրանսիական մսատու ցեղատեսակի ոչխարներ են բուծվում:  

Երկար տարիներ ոչխարաբուծությունն ու այծաբուծությունը Հայաստանում համարվել են անասնաբուծության ոչ շահութաբեր ուղղություն, իսկ վերջին տարիներին ռազմավարական նոր ծրագրեր են մշակվում իրավիճակը փոխելու  համար: Հայաստանում տարածված են արագած ու մարտունի ոչխարների ցեղատեսակները, որոնք, մասնագետների կարծքով,   տարբեր խաչասերումներից կորցրել են գենետիկական հատկանիշները: Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում Ռազմիկ Պողոսյանը երկար տարիներ զբաղվում է ոչխարաբուծությամբ, շուրջ 200 գլուխ ոչխար ունի: Գյուղում արոտ չլինելու պատճառով հոտը  սարերում են պահում:

«Տարի է լինում գլխաքանակն ավելացնում ենք, տարվանից է կախված. օրինակ՝ անցած տարի գառները չծախվեցին, պահեցինք: Հիմնականում ոչխարները պահում ենք,  5-6 ամսական գառները՝ ծախում: Մեր տեղական կարմիր ոչխարներն են»:

Տեղական 5-6 ամսական գառների քաշը մոտավորապես 10-12 կգ է։ Ռազմիկն ասում է, որ հիմա բրդի ու կաթի պահանջարկը քիչ է. սարերում հովիվներն են կաթը մշակում, բուրդն էլ այրում: Կենդանիների անկում լինում է։

«Այս տարի ոչխարները ծաղիկ հիվանդությամբ վարակվեցին, շատ սատկեցին, շատ բուժումներ ենք արել: Կենդանիների կորուստը շատ է՝ գայլն է տանում,  կորում է»:

Ոչխարաբուծությունը խթանելու նպատակով  ԵՄ  «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ անցած տարի Հայաստան են ներկրվել Ֆրանսիական  բլանշ և նուաղ դը վալետ տոհմային  սպիտակ ու սև ցեղատեսակի մսատու ոչխարներ, որից 32 գլուխը ձեռք է բերել Շիրակի մարզի Ազատան գյուղից  անասնաբույժ Վարդան Պապոյանը.

«Մեր տեղական ոչխարների միսն ավելի ճարպոտ է,  դմակով են՝ ճարպապոչավոր, իսկ Բլանշ ցեղատեսակինն առանց դմակի է, պոչով ու միսը համարվում է դիետիկ՝ ճարպից զուրկ է»:

Ֆրանսիական ցեղատեսակների արտադրողականությունն ավելի բարձր է, քան տեղականինը: Բլանշներից զույգեր ու եռյակներ են ծնվում, 6 ամսական գառը կշռում է մինչև 40 կգ: Վարդան Պապոյանը փորձում է  արհեստական սերմնավորմամբ  բարձրացնել տեղական ցեղերի որակը: Ազատանում հիմնել է «Մաքի» ոչխարաբուծության գենետիկ կենտրոն: Զբաղվում են  ֆրանսիական բլանշ ցեղատեսակի  ոչխարների բուծմամբ:

Ձայն3 «Առավելությունն այն է, որ պտղատվությունը կազմում է 1.8 տոկոս, այսինքն՝ եթե 100 ոչխար ծնի կստանանք 180 գլուխ գառ, ծնվում են զույգեր ու եռյակներ, իսկ մեր հայկական 100-ից կծնվի մինչև 110-120 գլուխ գառ, դա լավագույն դեպքում: Հայկական ոչխարները դմակով են, դրա համար էլ արհեստական սերմնավորում ենք անում, որպեսզի գենետիկական հատկանիշները բարելավվենք, մսի որակը բարձրանա: Մենք արդեն ունենք խառնածին գառներ՝ 180 գլխից ծնվել է 160 գլուխ»:

Ազատանի կենտրոնում արդեն ստացել են ֆրանսիական մաքրացեղ  բլանշ տեսակի 113 գլուխ գառ: Այս ցեղատեսակները  լավ են հարմարվել մեր բնակլիմայական պայմաններին, քանի որ ներկրվել են Ֆրանսիայի լեռնային շրջաններից: Անասնաբույժն ասում է՝  բլանշների միսը համ ու հոտ չունի։

«Մյուս առավելությունը՝ գառան ու 3 տարեկան ոչխարի մսի տարբերություն չկա, թեկուզ լինի 4-5 տարեկան խոյ, մաքի կամ գառ՝ նույն որակի միս ունեն: Հատուկ կեր չի պահանջում՝ արոտավայրի խոտն է, հիմա ամառանոցում են,  իսկ ձմռանը՝ եգիպտացորենի սիլոս ենք տալիս, մասնագիտացված կերեր»:

Ազատանի «Մաքի» ոչխարաբուծության գենետիկ կենտրոնի լաբորատորիայում  ստանում և պահում են տոհմային անասունների խորը սառեցված սերմանահեղուկները, որոնք արհեստական սերմանվորում են նաև լապարասկոպիկ եղանակով: Գենետիկական ռեսուրսների բազմազանությունը կենդանիների նոր ցեղերի ստեղծման հիմք կարող է դառնալ, իսկ կենտրոնում Վարդան Պապոյանը փորձում է պահպանել նաև հայկական արագած ոչխարների ցեղը։

«Մի կերպ ենք ճարել մեր հայկական Արագած ցեղատեսակի ոչխարներ, որոնք արդեն ոչնչացման եզրին են կանգնած: Ուղղակի փորձում ենք պահպանել մեր հայկական տեսակը, 20 գլուխ մաքի ենք ճարել, դարձրել՝ 30 գլուխ: Սրանք կաթնատու և բրդատու տեսակ են, թեպետ չենք կթում: Իսկ ֆրանսիական բլանշները բրդատու ու կաթնատու չեն»:

Գենետիկական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով ու սառնարանով: Անասնաբույժն ասում է, որ մսի վաճառքում նույնպես փորձելու են նոր մշակույթ ձևավորել՝ միսը վաճառելու են վակուում-փաթեթներով:

Back to top button