ՀարցուԳԻՏԱփորձ

Եթե խանդում է, ուրեմն սիրո՞ւմ է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ինքն իմն է և միայն իմը»․
սրա և սիրո թեմայի կապն արհեստական է:
Սիրո թեման կլիներ այսպես․
«ես եմ իրենը, ոչ թե ինքն է իմը»։

Եթե դուք սիրում եք մարդուն և միաժամանակ խանդում, ապա մեծ է հավանականությունը, որ կամ մեկը չեք անում, կամ մյուսը։

«Հոգեբուժական խնդիր ունենք` խանդի զառանցանք կոչվածը (երբեմն Օթելլոյի սինդրոմ են ասում)։ Սա լուրջ հիվանդություն է»։

Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն այսօր պարզելու է՝ եթե խանդում է, ուրեմն սիրո՞ւմ է։

***

Դեզդեմոնան սպանված է։ Նրան խանդը սպանեց՝ Օթելլոյի ձեռքով։ Շեքսպիրը սեր էր պատկերում և մահ ստացավ։ Սերը, որ զգացում է, սուբյեկտիվ ընկալում, հորմոնների խաղ, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտարկմամբ՝ հոգեկան հիվանդություն, տարբեր դրսևորումներ ունի։ Այն դրսևորվում է հոգատարությամբ, ուշադրությամբ, քնքշանքով․․․ երբեմն էլ, ասում են, խանդով։

Բայց արդյո՞ք խանդը, որ անհանգստության, ցասումի, մթագնման մասին է, կապ ունի սիրո հետ, որ առողջ տրամաբանության պարզ մեկնամանմանբ՝ այս էմոցիաների ճիշտ հակառակ կողմում է գտնվում։ Հատվու՞մ են այս երկու զգացումները, խանդը խանդողի՞, թե՞ խանդ հարուցողի մասին է խոսում, խանդից գժվո՞ւմ են։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մարդկությունն իր նախնական, ավանդական ժամանակներում ապրել է բազմամուսնական կյանքով, երբ բոլորը բոլորին սիրում են, բոլորը բոլորին վայելում են, բոլորի երեխեքը բոլորինն են։ Ինչ-որ առումով սա այդ ժամանակվա մարտահրավերների տեսանկյունից բավական օպտիմալ է եղել։ Եվ երբ բոլորը բոլորինն են՝ ի՞նչ խանդ»։

Փիլիսոփա Արման Ղարագուլյանը վստահ է՝ մարդու գենետիկ կոդում խանդի մասին ոչինչ գրված չէ։ Բայց ժամանակները փոխել են մարդուն և նա դադարել է նորմալ համարել կիսվելը։ Հատկապես՝ երբ խոսքը կողակցի մասին է։ Եվ մարդը սկսել է փորձել կառավարել ռիսկերը՝ երբեմն անկառավարելի դառնալով․

«Երևի թե ժամանակակից մարդու չափ ագահ մարդ ոչ մի այլ ժամանակաշրջանում չի եղել։ Որովհետև մենք ուժեղ ենք, կարող ենք, որովհետև մեզ սովորեցնում են անհատակենտրոնության, անհատապաշտության․․․ դու յուրովի ես, դու իրավունք ունես քեզ թույլ տալու, դու առանձնահատուկ ես, դու ոճի թագավորն ես կամ թագուհին ես, դու պետք է վայելես․․․ երբ այս մոդելն ենք վերցնում և չկան որոշակի կանխարգելիչ կետեր, որ գուցե մինչև էստեղ կարելի է, դրանից հետո՝ չէ, կամ գուցե պետք է բալանսավորել, արդյունքում ունենում ենք այդ ագահ սեփականատիրոջ տեղափոխում նաև էմոցիոնալ ոլորտ»։

Այսօր մարդը մարդուն մոտ է գրեթե բոլոր տեղերում։ Բացառությունն էմոցիոնալ դաշտն է։ Արման Ղարագուլյանն ասում է՝ առավել մենակ ու առավել վախվորած մարդն ինչ-որ բան կորցնելու մշտական տագնապ ունի։ Եվ սա ոչ թե սիրելիի կորստի, այլ մենակ մնալու վախն է։ Մյուս կողմից` նույն մարդն ուզում է փոխադարձաբար խանդի առարկա լինել․

«Ինքն ինձ ընդհանրապես չի խանդում, կարո՞ղ է չի սիրում, հլը մի երկու բան անեմ, իր զգացմունքները ստուգեմ, թեթև ֆլիրտ անեմ։ Հետո տեսնում ես՝ չէ, զգացմունքները տեղն են։ Ստացվում է, որ զգացմունքների տեղը լինելը մենք որոշում ենք խանդի սլաքի ցուցիչով․ եթե խանդ կա, ուրեմն «Իմ տղամարդը, իմ գազանը, իմ վայրենին» է, իսկ եթե չկա՝ «էս ի՞նչ է» վիճակ է  ստացվում»։

Այս զգացումը կարելի է սենտիմենտալության մեծ չափաբաժնով փաթեթավորել և համարել, թե խանդելը ռոմանտիկ է։ Բայց հոգեբույժներն այլ կարծիք ունեն։ Նրանցից մեկը` Անահիտ Դարաբյանը, բուժում է մարդկանց, որոնց հիվանդության անունը խանդի զառանցանք է։

«Երբ դա դիմացինին խանգարում է շփումներ ձևավորել, դիմացինի աշխատանքին է խանգարում, ձեզ, ձեր մտքերը, ձեր կենտրոնացումը շեղում է, դուք չեք կարող լիարժեք աշխատել, լիարժեք մտածել ինչ-որ բաների մասին, այսինքն՝ ձեր կյանքը փոխվում է հենց միայն այդ էմոցիայի պատճառով, այդ էմոցիայի շուրջ է ձևավորվում ձեր ամեն ինչը, դա արդեն հիվանդագին վիճակ է, որի համար պիտի դիմեք կամ հոգեբանի կամ, որոշ դեպքերում, հոգեբուժի»։

Դեզդեմոնան սպանվեց գրքի էջերում՝ 1622-ին։ Իրական կյանքում այսօր էլ խանդի ձեռամբ արցունք ու արյուն է թափվում։ Մարդը հիմնականում չի զգում՝ ինչպես զգացմունքային սիրահարից դարձավ անկառավարելի սպառնալիք, զուգընկերը հանկարծ հասկանում է, որ ոչ թե հոգատարությամբ, այլ վանդակով է շրջապատված․

«Դրանք իրականության հետ ոչ մի տրամաբանական կապ չեն ունենում։ Նման մարդկանց համոզելը, որ այդ իրավիճակը այդպես չի, ինքը սխալ է ընկալում, ինչ-որ փաստարկներ բերելը գրեթե անհնար է։ Որոշ դեպքերում կարող են նույնիսկ կեղծ հիշողություններ ձևավորել անցյալի վերաբերյալ՝ դու այսպես նստեցիր, այսպես նայեցիր, նրա հետ շփվեցիր։ Այդպիսի բան չի եղել, բայց իրենք վստահ համոզմունք ունեն, որ եղել է»։

Երբեմն հիվանդությունը սրվում է այնքան, որ խանդը տարածվում է անգամ ընտանիքի անդամների, ասենք՝ երեխայի վրա։ Լուսավորման ինչ-որ պահի հիվանդն զգում է, որ ինչ-որ բան սխալ է գնում։ Այդ պահը որսալու և բուժվել փորձելու դեպքում կարելի է հույս ունենալ, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Սակայն հիվանդը հաճախ վերջնականապես կորցնում է թելն իրականության հետ, և ապաքինումը դառնում է խիստ դժվար․

-Խանդը բուժվո՞ւմ է։
-Հիվանդագինը կարող է բուժվել դեղորայքի միջոցով, թերապիայի միջոցով, բայց դրա համար պետք է աշխատանք թե՛ պացիենտի, թե՛ շրջապատի, թե՛ իրավիճակում գտնվող բոլոր մարդկանց կողմից։ Շատ ռեսուրս է պահանջվում, որ կարողանան այդ վիճակից դուրս բերել։ Խանդի զառանցանքը կարող է այլ հոգեբուժական հիվանդության մաս կազմել, նույն շիզոֆրենիայի, երկբևեռ հիվանդության կամ այլ պսիխոպատիկ վիճակների։ Եթե այդպիսի իրավիճակ ունենք, 100 տոկոսանոց բուժում ակնկալել չենք կարող։

Եթե հիվանդությունը հոգեթերապևտի լիազորությունների դաշտում է, ապա բուժումը կատարվում է ինտենսիվ հերթականությամբ։ Փորձ է արվում պարզել՝ ինչու է մարդը կասկածամիտ, ինչպես է ձևավորվել կասկածամտությունը, ինչու է արտահայտվում հենց խանդի միջոցով։ Բացահայտումը նպաստում է ազատմանը։ Այլ դեպքերում, դեղորայքային բուժման կարիք է լինում․

«Թվում է՝ թե դեղորայքը ցավի կամ սրտի աշխատանքը լավացնելու համար է, մենք չունենք միտքը լավացնելու դեղեր։ Բայց դա թյուր կարծիք է, որովհետև դեղեր կան, որոնք կարող են օգնել հանգստացնել, օրինակ, գերարժեք միտքը, փորձում են ճնշել մտքի ակտիվությունը, որոշ չափով նաև ուղեղի ակտիվությունը։ Որոշ դեղորայքներ կան, որոնք օգնում են մարդուն ուղղակի հանգստանալ ու ավելի պարզ տեսնել իրականությունը։ Դրանք մեծ շարք են, որոնք ընտրվում են անհատապես՝ կախված գանգատներից»։

«Խանդը թույն է։ Չի կարող թույնը լավ լինել։ Եթե ես իմանամ՝ իմ կնոջը հիմա սկսում եմ խանդել ու դրանից ես ինձ ավելի լավ եմ զգալու, ավելի խաղաղ եմ լինելու, իմ էներգետիկան ավելի բարձր է լինելու, ստեղծագործ եմ դառնալու, ավելի շատ եմ բնության գեղեցկությունը նկատելու, բանաստեղծություններ ավելի շատ եմ գրելու, եթե գիշերները ավելի հանգիստ եմ քնելու, իմ շուրջբոլորը ծիտիկներն ավելի բարձր ձայնով են երգելու, եթե ես իմանամ՝ իմ խանդոտ լինելուց էդ ամեն ինչը լինելու է, ես կաշխատեմ խանդել։ Բայց իրականում տեղի է ունենում հակառակը»։

Կարևոր է հաշտվել այն մտքի հետ, որ եթե ձեր կինը կամ տղամարդը չի փորձում ձեզ կառավարել, ապա ոչ թե անտարբեր է, այլ, օրինակ, ադեկվատ։ Նույնքան կարևոր է չշոյվել սեփական անձին ուղղված խանդի ալիքներից և կանխել վտանգը․ մի կարծեք, թե ձեր կողակիցն Օթելլոյից ամուր կամք ու սթափ գիտակցություն ունի։ Բոլոր դեպքերում, խանդի ողջ պատասխանատվությունն այն զգացողինն է․

«Շատ լավ մոտեցում կլինի ստանձնել մեր վարքերի, հույզերի տոտալ պատասխանատվությունը։ Ոչ թե ինձ ինչ-որ բանը զայրացրեց, այլ ես զայրացա ինչ-որ բանից։ Թե ինչու էդ արեցի՝ այ չգիտեմ, պետք է մտածել։ Քանի դեռ ես իմ գործողությունների պատասխանատվությունը դնում եմ դրսինների վրա, ես դա փոխելու, դա վերահսկելու կարողություն չունեմ։ Եթե ուզում եմ իմ կյանքի տերը լինել, պետք է վերցնեմ անխտիր ամեն ինչի պատասխանատվությունը»։

Արման Ղարագուլյանն ասում է՝ մարդկային զարգացման էվոլուցիան ուսումնասիրվում է, վարքաբանական փոփոխություներն ու դրան նպաստող հանգամանքները՝ բացահայտվում։ Այժմ գիտությունը խոսում է հիմքի, սկզբնաղբյուրի մասին, թույլ տալիս անհատականացնել խնդիրը և գտնել եզակի լուծում։ Դրան չբախվելու տարբերակներից մեկն էլ նախապես սիրո ու ընտանիքի առողջ մոդելի մասին երկար մտորումն է․

«Պարզ է՝ երբ ժամանակակից տղամարդը զուգընկերուհի է ընտրում այնպես, ինչպես կընտրի նոր մեքենա, որ տեսքը այսպիսին լինի, ծախսը՝ այնպիսին, ֆունկցիոնալն այսպիսին, կարելի է սպասել արձագանք, ոնց որ մեքենան եկան խազեցին, էդպես էլ հանկարծ կնոջս ոչ մեկ չմոտենա։ Բայց սա սիրո թեմայի, փոխօգնությամբ, համատեղ զարգացման հնարավորությամբ ընտանիքի լավագույն պատկերացումների հետ ոչ մի աղերս չունի»։

Հոգեբույժ, նյարդաբան Անահիտ Դարաբյանն ասում է՝ երբեմն խանդն արդարացվում է նախկին փորձառությամբ։ Օրինակ՝ մարդը որևէ հարաբերության մեջ բախվել է դավաճանության և համատարած անվստահություն է ձեռք բերել շուրջը կատարվող բոլոր երևույթների նկատմամբ։

Բժիշկը հորդորում է էմոցիային պարզ զգացմունքայնությամբ չվերաբերվել։ Խնդիրը լուրջ է, գիտությունը ջանքեր է գործադրել այն բացահայտելու, հասկանալու, լուծում գտնելու համար։ Լուծումը, այս դեպքում ևս, հոգեթերապիան է։

Back to top button